Վաղը ծանր դատի առաջ չկանգնելու համար
Ո՛չ իրավական, ո՛չ բարոյական եւ ո՛չ էլ մարդկային տեսանկյունից չեմ ընկալում այն ոստիկանին, որ խեղդելով կամ խփելով բերման է ենթարկում պատանու եւ երիտասարդ աղջկա այն դեպքում, երբ երիտասարդները հակաօրինական ոչինչ չեն արել։ Այդ ոստիկանին կարելի է դատի տալ՝ զուգահեռ հանրային պարսավանքի ենթարկելով։
Իրավական, բարոյական, մարդկային առումով խորշելի է այդ ոստիկանը, որ բիրտ ուժ է կիրառում եւ բացահայտ անօրինական քայլի դիմում իրեն պարզապես հարց տվողի նկատմամբ։ Իսկ հարցը՝ մեր Արցախը ադրբեջանակա՞ն է։
Իրավական, բարոյական ու մարդկային գործոնները մի կողմ․ ազգային տեսակետից ինչպե՞ս վերաբերել այս ոստիկանին, եթե, իհարկե, նրան կարելի է ոստիկան համարել։ Որովհետեւ իրապես ոստիկանը ծառայում է մի համակարգում, որն իրականում պետք է պետականության հիմնասյուներից լինի։ Արցախի այսօրվա վիճակը արագորեն քայքայում է եւ՛ Արցախը եւ՛ Հայաստանը։ Մարդիկ ոտքի են կանգնում Արցախը եւ, ըստ այդմ, Հայաստանը փրկելու համար։ Ա՛յն Արցախն ու Հայաստանը, որ մեզ մնացել են մեր մեծ Հայրենիքից, մեր բնօրրան Հայկական բարձրավանդակից։ Սա ճիշտ է բոլոր՝ ազգային, իրավական, բարոյական ու մարդկային տեսանկյուններից։ Ոստիկանին ինչու՞ է հայի արդար պահանջը զայրացնում։ Ոստիկանի՝ այս պարզ միտքը չընկալելու խնդիրը ո՞ր մակարդակում է ծագում՝ գենայի՞ն, դաստիարակությա՞ն, կրթակա՞ն, թե՞ ֆինանսական։ Սրանք հարցեր են, որոնց հետո անպայման պետք է լրջագույն անդրադարձ լինի։
Որովհետեւ եթե մի հրաշքով այս վիճակից դուրս եկանք, պետականության բոլոր հենասյուներն այլեւս պետք է այլ հիմքերով դրվեն եւ այդ հիմքերում բացառապես պետք է լինեն հայրենանվեր մասնագետներ։ Որպեսզի կրթվի նաեւ հանրությունը, զուտ տառաճանաչությունից անցնի գրագիտության, ինքնաճանաչողության եւ վերլուծել կարողանա։
Այլապես հիմա հայրենիքը վտանգված, մարդիկ թե՝ այս մեկը ռուսամետ է՝ իմ հետեւից արի, այն մեկը՝ եվրոպամետ է, մեկն ամերիկյան հետույքն է սիրում, մյուսին՝ ֆրանսիականն է դուրեկան։ Մինչդեռ հարկ է նախասիրությոնները մի կողմ թողնել ու դուրս գալ հանուն մեկ նպատակի՝ Հայրենիքի փրկության։ Ուրիշ հայրենիք չկա։ Համենայնդեպս՝ հայի համար։ Հանուն նպատակի ոտքի չկանգնողի խնդիրը ո՞ր մակարդակում է՝ գենայի՞ն․․․ շարունակությունը՝ կրկնությամբ։
Իսկ հիմա հանրությանը դրել են մի անոթում ու վախ են ներշնչում։ Ասում են՝ ոտքի մի կանգնիր, որ պատերազմ չլինի։ Մինչդեռ երկիրը պատերազմի մեջ է։ Անցյալդ մի հիշիր, որ ապագա լինի։ Մինչդեռ անցյալի փառահեղ էջերի վրա խաչ քաշողները եւ սգո էջերից դաս չքաղողները ապագա չունեն, ինչի լավագույն ապացույցը մեր իրականությունն է։ Իսկ հանրությունն էլ վախենում է ապրել, կռվել, պայքարել, հուսալ, երազել, իրագործել։ Վախենում է ապրել, դրա համար էլ գոյություն է քարշ տալիս։ Դրա համար էլ առանց իր կամքը հարցնելու ստորագրություն է դրվում տարբեր փաստաթղթերի տակ ու վաճառվում է այն կենսատարածքը, որտեղ ապրելուց վախենում են։ Չվախեցողների անունն էլ դնում են «ապօրինի գործողություններ անողներ» ու ծեծում են՝ ոստիկանների ձեռամբ։
Ու եթե չվախեցողը ոստիկանին հարցնում է՝ կո՞ղմ ես քո կենսատարածքի վաճառքին, ոստիկանը անցնում է ծեծի։ Ոստիկանը իրականում չի էլ հասկանում, որ ինքը ծեծում է ի՛ր իսկ վախից։ Ա՞յս վախը ո՛ր մակարդակում է․ երեւի մասնագիտական քննություն է պետք՝ հոգեբանականը անպայմանորեն ներառյալ։
Ի դեպ, պատմությունը վաղը մեր այս շրջանը մեկ տողով է գրելու։ Չի ասելու՝ պողոսն ասում էր՝ պետրոսն է ծախել հայրենիքը, պետրոսն էլ՝ թե բա՝ կիրակոսը։ Պատմությունը մեկ տողով գրելու է՝ այս օրը այս փաստաթղթի տակ այս մարդու ստորագրությունն է դրվել։ Սերունդները իրենց ուսերին ծանրացած բեռի համար անիծելու են ստորագրողին, ստորագրությունը պաշտպանողներին եւ ճիշտ են լինելու ազգային, իրավական, բարոյական ու մարդկային առումով։ Բայց սերունդները նաեւ հարց են ուղղելու՝ դրանց համար չկային հայրենիք, ազգ, պատվախնդրություն, ծագում, գեն ասվածները, ա՞զգն ինչ արեց։ Վաղն այս ծանր դատի առաջ չկանգնելու համար այսօր պետք է չվախենանք ապրել, պայքարել, երազել, իրագործել։ Որպեսզի ինչպես այսօր ենք ասում, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքեր են ապրում, մեր Ուտիքում ու Փայտակարանում ադրբեջանցիներ են ապրում․․․, վաղը ստիպված չլինենք հերթական թվարկումն անելու։
«Եթե իհարկե մնանք»-ը չեմ ուզում արտաբերել, որովհետեւ այս տարբերակը պետք է բացառվի։ Կա մե՛կ տարբերակ՝ մնալու՛-երազելու՛-իրագործելու՛, եւ այս տարբերակը այլընտրանք չունի։