Image

Վերջապես գլխներիցս շպրտե՛նք աղավնոտ գլխարկները

Մեր պատմության սրտի գիծը մեր Հայրենիքի տարածքի փոքրացման կորն է։ Փառահեղ էջերով հանդերձ՝ մենք այդ կորն ենք ստացել։ Մեր սերունդը այն երջանիկներից եղավ, որ Արցախյան առաջին ազատամարտից հետո այդ կորը փոխված տեսավ՝ մի քիչ վերեւ։ Առաջին ազատամարտից հետո մեր ազգային արժանապատվությունը վերականգնվեց, հասկացանք, որ, այո՛, այդ կորը կարող է բարձրանալ։ Սկսեցինք հավատալ, որ երազները կարող են իրականանալ; Բայց մեր սերունդը այն դժբախտներից եղավ, որ տեսավ նաեւ նույն ազատագրման կորուստը․․․

Վայրագ ցեղերն եկան, մեր իսկ հողերում բնավորվեցին, քոչվորից նստակյաց դարձան, պետություն ստեղծեցին, «ազգ» սարքեցին եւ այսօր աշխարհում դերակատարներից են։ Մենք մեր իսկ բնօրրանից քշվեցինք, աշխարհում ցիրուցան եղանք, մեր Հայրենիքից մնացած այս փոքրիկ հատվածում ծվարեցինք ու․․․ ինչուն-ն ու ինչպես-ը հիմա չենք քննարկում, չենք խոսում նաեւ այն մասին, որ քոչվորը ազգ չի դառնում, որ ազգ-ը բնածին է եւն։ Հայի ու հայի թշնամու՝ թուրքի, այս պահի դրությամբ իրավիճակային պատկերն ենք հակիրճ տալիս։ Խելագարվել կարելի է միայն մեկ րոպե մտածելիս անգամ, թե ով որտեղից ուր հասավ։ Եվ այս խելագարությունից մեզ փրկում էր Արցախը, որ մեզ շունչ ու պատիվ տվեց, ծնկած տեղից ոտքի կանգնելու կամք եւ հավատ՝ ազգային նպատակներն իրագործելու։

Հիմա կրկին հետ գնացինք։ Ցավն անչափելի է՝ կրկին հայրենիքի մի հատվածի ու հայորդների կորուստ, մյուս հատվածի գլխին էլ կորստի վտանգը կախված։ Ցավը ցնցող է ու անդադար։ Վերջին երեք տարիներին քանի՜ պատերազմ տեսանք՝ մեր զավակների ու երկրի կորստով։ Ցավը շոկային է, որովհետեւ 20-րդ դարում ցեղասպանություն տեսած ազգը 21-րդ դարում կրկին ցեղասպանվում է, որովհետեւ 20-րդ դարում աշխարհի լուռ համաձայնությամբ շահերի վաճառասեղանին մորթվող ազգը 21-րդ դարում կրկին այդ սեղանին է ու աչքն աշխարհի այս ու այն կողմն է գցում։ Խաղաղության աղավնին գլխարկի պես դրել ենք գլխներիս ու չենք իջեցնում։ Հենց իջեցրինք, Արցախի մի մասն ազատագրեցինք, կորցրեցինք, երբ նորից կրեցինք այդ գլխարկը։

Հանկարծ չբերենք մեր աղքատության ու թշնամու հարստության հեքիաթները։ Դրանց հավատացողները պարզապես չեն ճանաչում Հայաստանն ու Արցախը։ Աղքատության թեզին հավատացողները նաեւ աշխարհից անտեղյակ են, քանզի չգիտեն, որ 21-րդ դարում սակավահող պետություններ կան, գյուղմթերք են արտահանում, ընդերքում պաշարներ չունեցողներ կան, գիտատենիկական առաջատարներ են եւն։

Մեր «աղքատության» պատճառը էդ անտեր աղավնոտ գլխարկներն են, որ դնում ենք մեր գլուխներին տարվա բոլոր եղանակներին։ Այս հոգեբանական պատերազմների կեղտոտ դարում մեզ ներարկել են, որ թշնամուն ատելը վատ բան է, որ աշխարհում գոյություն ունի մարդասիրություն, մարդու իրավունքներ, ազգերի ինքնորոշման իրավունքներ եւ որ ցեղասպանությունները դատապարտելի են։ Ինչ է անում թշնամին․ տասնամյակներով հայատյաց սերունդ է դաստիարակում։ Ահա եւ վերջ։ Հայատյացությունը եւ ընդհանրապես մարդատյացությունն է նրա՝ պանթուրքիստական նպատակների շուրջ համախմբման կարեւորագույն հիմքերից մեկը։ Թշնամին իր սերունդներին ցույց է տալիս աշխարհի իրական դեմքը, այդ աշխարհի տարբերվող ներկայացուցիչների վրա խորխոտ թքելու կոպիտ արհեստը եւ հետեւանքը․ ունեն պետություն, պետականություն, աշխարհին էլ բան են թելադրում։ Հայը պարբերաբար հավատում է փոխված թուրքին, մորթվում, հետո նորից հավատում՝ կրկին մորթվելու հեռանկարով։

Եվ 90-ականներին Արցախի ազատագրումն էր, որ կոտրեց դեբիլիզմի հասնող՝ թշնամուն հավատալու այս շղթան։ Հետո․․․ մենք չձեւավորեցինք թշնամու կերպարը, թուրքատյաց սերունդ չդաստիարակեցինք։ Փոխարենը թրքասերները արեցին իրենց սեւ գործը։ Հետեւանքը՝ ունենք այն, ինչ ունենք՝ կորսվող Արցախ եւ կործանման մոտ ապագայով Հայաստան։

Կա՞ գոնե գահավիժման ընթացքը կասեցնելու ձեւ։ Հա՛, կա։ Անշուշտ՝ կա՛։ Դրա համար պիտի ատել սովորենք, թշնամու հանդեպ դաժանանալ պիտի սովորենք։ Բոլոր նրանք, ովքեր փսլինքները բերաններին կճառեն, թե դա հումանիտար չէ, թող հիշեն մեր անդամահատված կանանց, գազանաբար հոշոտված երեխաներին, գնդակահարված տարեցներին։ Ինչ ուժգնությամբ որ սիրում ենք մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, հազարապատիկ ուժգնությամբ պիտի ատենք թշնամուն։ Աղավնոտ գլխարկները պիտի դեն շպրտենք ու  վրեժով լցվենք։ Թշնամին քննարկում է «վերադարձի» ծրագրի իրավական ասպեկտները։ Հայաստանի Հանրապետությունը համարում է «Արեւմտյան Ադրբեջան» ու «վերադառնալ» է ուզում։

Հայի սպադը շարունակվելու է։ Կռիվը շարունակական է։ Կամ՝ թշնամին պիտի «վերադառնա», կամ՝ հայը պիտի վերադառնա։ Իսկ Հայրենիքը միայն ապրելու տարածք չէ։ Հայրենիքը կենսատարածք է։ Մեզ համար Հայրենիքը նաեւ կարոտ է ու հոգի։

2021թ․ հոդված էի գրել՝ «Նախիջեւան, Արցախ․․․ շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ»։ Այսօր էլ, հայի համար այս համատարած ցավի օրերին երկրորդում եմ․ «Պե՛տք  է լինի վերադարձ։ Մեջներդ վրե՛ժ դրեք, պայքա՛ր դրեք, ցասու՛մ դրեք, նպատա՛կ դրեք․․․  ներսներդ հզոր հոգի դրեք։ Էնպիսի հոգի, որի կրակը լափի թշնամուն։ Հենց ձեր հոգու ուժը պակասի, կրակով վերքներդ վառեք, որ զարթնեք, չթմրեք, անուժ չմնաք։ Որովհետեւ անուժները հայրենիք չեն ունենում։ Բորբոքեք ձեր վերքերը, որ բուժեք։ Չբորբոքեք, թաքուն ու անցավ կնեխի։ Բորբոքեք, որ ճիշտ բուժումը գտնեք։ Հենց էդ բուժման ճանապարհին էլ կհասնեք ձեր նպատակին։ Հենց հասաք, վերքը սպի կդառնա։ Հա, հենց միայն էդ ժամանակ թող դառնա։ Իսկ առայժմ բորբոքենք մեր վերքերը… Ատենք թշնամուն ու մեջներս վրեժ դնենք»։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։