Տարհանում չէ՛, ցեղասպանություն է ու բռնագաղթ
Հատկապես վերջին երեք տարիներին շատ ենք խոսել երեւույթներին ճիշտ բնորոշում տալու անհրաժեշտությունից։ Բնորոշումների մի մասը հետագայում փոխվում էր, բայց սխալ թույլ տալ չէր կարելի եւ չի կարելի, որովհետեւ թշնամական գրոհները օգտվում են հենց մեր կողմից թույլ տրված սխալ եւ իրենց համար ձեռնտու բնորոշումներից։ Օրինակ՝ ՀՀ տարածք ադրբեջանական զինված ուժերի մտնելը, ամրանալը սադրանք չէ, հարձակում չէ, այլ՝ պատերազմ է, լայնածավալ հարձակում է, ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է, մեր պետության դեմ ահաբեկչություն է։ Անցյալով չենք խոսում, քանզի թշնամու ուժերը դեռ մեր երկրի տարածքում են եւ ոչ էլ պատերազմն է ավարտվել, ավելին՝ այն գնալով ավելի մեծ ծավալներ է ստանում։
Այս օրերին էլ ենք սխալ եզրույթ գործածում։ Գրվում եւ ասվում է, թե Արցախից տեղահանություն է, տարհանում է։ Սրանք եզրույթներ են, որոնք գործածում է թուրքական կողմը։ Մինչդեռ Արցախում ցեղասպանություն է ու Արցախից բնիկների՝ հայերի բռնագաղթ։ Տարհանումը էվակուացիան է, երբ մարդկանց աղետների ժամանակ տեղափոխում են անվտանգ վայրեր։ Իսկ Արցախում տարհանում չէ, տեղահանում չէ, բռնագաղթ է։ Միջազգային խոսույթում էլ չի ֆիքսվում բռնագաղթը (խոսքը պետական մակարդակի մասով է)։ Ինչու՞։ Որովհետեւ ինը ամիս շարունակ թշնամու կողմից Արցախի շրջափակումը որակվեց իբրեւ «հումանիտար» ճգնաժամ, ոչ թե ցեղասպանություն՝ Արցախը սովահար անելու, թուլացնելու, էթնիկապես զտելու անելու նպատակով։
Կամ՝ ասում ենք Զանգեզուրի միջանցք, մինչդեռ պետք է ասել ՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, կամ՝ չակերտներով՝ «Զանգեզուրի միջանցք»։
Երեւույթը ճիշտ չբնութագրվեց՝ վաղը գլխներիս հակաքաղաքականություն է դառնալու։ Ասում ենք՝ «տարհանում», վաղը թշնամին կասի՝ ցանկացել են, գնացել են։ Սա իսկական բռնագաղթ է, գաղթի շարանում նրանք են, ովքեր փրկվել են ցեղասպանությունից։ Այս մասին խոսել է նաեւ Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ ճիշտ համարելով «ցեղասպանությունից փրկվածներ, վերապրածներ» եզրույթի գործածումը։
Հստակեցնենք․ եզրույթի ճիշտ գործածումը հետագա ճիշտ քայլերի նախադրյալ է։ Արցախում ցեղասպանություն է, ու 1915-ի բոլոր դաժանություններն այստեղ արվել են 2020թ․-ին եւ դրանից հետո ու այսօր։ Ապացույցները շատ են, համացանցում սփռված։ Հենց թուրքական ցրթվածի՝ ադրբեջանական ձեռքով արված։ Նրանք դա արել են մեր դեմ ուղղված տեղեկատվական եւ հոգեբանական ճնշումների նպատակով, բայց հենց իրենք են ցույց տալիս, որ նույն թյուրքական հրոսակախումբն են՝ վայրագ, բռնարար, երեխա մորթող, տարեց գլխատող, բռնաբարող ու մասնատող։ Տարածաշրջանում դեպքերը սրընթաց են ծավալվում, եւ չգիտենք՝ ինչ է մեզ սպասվում ապագայում։ Վաղվա ապացույցները այսօր է հավաքել պետք։ Թյուրքական ձեռագրին ճիշտ բնութագրում տալը վաղվա ճիշտ գնահատականի ու հետեւանքների կհանգեցնի։
Համազգային այս ողբի օրերին, հասկանում ենք, դժվար է այս ամենի մասին մտածելը։ Բայց անհրաժեշտ է։ Այնպես, ինչպես սգավորն է սպանված հարազատի վրեժը լուծելու երդում տալիս դիակի, շիրիմի առաջ։ Իսկ մերը հարազատներ են, կորսվող Արցախ է եւ գերվտանգված Հայաստան։ Մերը Եռաբլուր է։ Մենք եւ՛ վրեժի եւ՛ միաժամանակ փրկության մասին պետք է մտածենք։