Image

Արցախցուն ցեղասպանությունից պաշտպանողն իր Բանակն էր, նրա լուծարումը՝ բռնագաղթի ճանապարհը

Արցախը հայաթափվում է, սա է իրականությունը: Իր հազարամյակների պատմության ողջ ընթացքում առաջին անգամ զանգվածային բռնագաղթի է ենթարկվում Հայոց մեծ բնօրրանի հերթական գողտրիկ անկյունը, միջնաբերդերից մեկը: Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի տասնյակ կիլոմետր ձգվող քառաշարք ավտոմեքենաների հոսքը գուժում են այն իրականությունը, որի առաջ այդպես էլ կույր գտնվեց միջազգային հանրությունը: Ադրբեջանական իրական քաղաքականությանը քաջածանոթները տասնամյակներով  փորձում էին  միջազգային կառույցներին հասցնել այն փաստը, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը, ինչպե միշտ, այնպես էլ վերջին երեք տարիների ընթացքում, մշտապես ստել է, երբ հայտարարել է, թե կերաշխավորի Արցախի ժողովրդի անվտանգությունը: Սեպտեմբերի 19-ի հերթական ռազմական ագրեսիան պարզ ի ցույց դրեց Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները:

Վերջին ռազմական գործողությունների՝ թեկուզ մակերեսային վերլուծությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական զինուժը հստակ նպատակ է ունեցել էթնիկ զտումներ իրականացնել: Ագրեսիայից հետո ամեն օր Արցախի փրկարար ծառայության աշխատակիցներն անտառներից դուրս են բերում արցախցիների դիեր, որոնց գրեթե կեսը քաղաքացիական անձինք են: Զոհված քաղաքացիական անձանց թիվն արդեն անցնում է 20-ը, որոնց թվում են մանկահասակ երեխաներ, կանայք և ծերեր: Այստեղ հետևությունը մեկն է՝ Արցախի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների դիրքերին հավասար ադրբեջանական զինուժի թիրախում եղել է խաղաղ բնակչությունը, իսկ նրանց շրջանում զոհերի քանակը քիչ է, քանի որ հասցրել էին տարհանել: Այն բնակավայրերում, որտեղ չեն հասցրել տարհանել խաղաղ բնակչությանը կամ նրանք խոցելիության հեռավորության վրա են հայտնվել ադրբեջանցի հատուկջոկատայինների համար՝ անխտիր բոլորը գնդակահարվել են: Ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացրած 4-5 ադրբեջանական «օգնություն» ստացող կանայք՝ իրական ոճրագործությունը քողարկելու փորձ է միայն: Խաղաղ բնակչությանը չտարհանելու դեպքում նրանց շրջանում զոհերի թիվը բազմապատիկ շատ էր լինելու:

Փաստերը խոսում են այն մասին, որ վեց ռուս խաղաղապահները գնդակահարվել են հենց խաղաղ բնակիչների սպանդին ակամա վկա դառնալու պատճառով: Վերջիններիս մեքենան գնդակոծվել է Մարտակերտի այն գյուղերի հատվածում, որոնց ադրբեջանական զինուժը հասել էր գիշերով՝ պաշտպանական գիծը ճեղքելով, երբ քաղաքացիական բնակչությանը չէին հասցրել տարհանել: Այն, որ ի դեմս գնդակահարված վեց խաղաղապահի, ադրբեջանցիները ցանկացել էին ոճրագործության վկաներին վերացնել՝ խոսում է այն փաստը, որ նպատակային ստուգողական կրակոցներով էին սպանվել մեքենայի ողջ անձնակազմը՝ չթողնելով ոչ մի վիրավոր:

Հետևաբար՝ Ադրբեջանի ղեկավարության խոսքերն արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին միֆ է, որին փորձում է հավատալ աշխարհը: Արցախցու անվտանգությունն ապահովողը իր բանակն էր, որի զինաթափումից հետո այլևս ոչ մի ուժ չի կարող նրան պահել իր հազարամյակների բնօրրանում, նույնիսկ՝ հարազատների թարմ ու հին շիրիմները: Ադրբեջանցու ցեղասպան քաղաքականությունն իր մաշկի վրա անմիջականորեն զգացած արցախցին առանց անվտանգության միջազգային երաշխիքի երբեք չի ցանկանա ապրել Ադրբեջանում: Մեքենաների տասնյակ կիլոմետրանոց շարասյուներն ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության ցուցիչներն են, սա է իրականությունը: Միջազգային կառույցները և միջնորդ պետությունները թերևս գոնե այսօր պետք է հասկանան, որ ադրբեջանական կողմը չի կարող երաշխավորել արցախցիների խաղաղ գոյությունը իր պատմական հողում, դրա համար պետք է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծվեն: Խորհրդային տարիներին թերևս նման մեխանիզմ էր ինքնավար մարզի կարգավիճակը, իսկ այսօր Բաքուն դա էլ է վերացրել:

Արցախցին լավ գիտի, թե կարո՞ղ է ապրել Ադրբաջնի տիրպետության տակ, թե՞ ոչ: Սեպտեմբերի19-ի ագրեսիան նրա մոտ կոտրեց անվտանգության միակ արտաքին մեխանիզմի՝ ՌԴ խաղաղապահների նկատմամբ հավատը: 44-օրյա պատերզմից հետո նրանք իրենց տներն էին վերադարձել հենց վերջիններիս կողմից տված անվտանգության երաշխիքների ներքո, իսկ մեկօրյա պատերազմից հետո ացախցին արդեն ցանկանում է գոնե փրկել իր մատաղ սերնդին՝ հազարավոր զոհվածների ժառանգներին: Եթե աշխարհն իրոք ցանկանում է Արացախն առանց իր տիրոջ՝ արցախցու չտեսնել, ապա անհապաղ պետք է անվտանգության լուրջ երաշխիքների մեխանիզմներ ներդրվեն:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։