Փալաս սիրողների դատավճիռը
Երեք տարի առաջ այս օրը թյուրքական տանդեմը պատերազմ սկսեց հայության դեմ։ Այն միայն Արցախի դեմ չէր, 44-օրյա ենք ասում, բայց ցայսօր շարունակվում է․ Ադրբեջանը հեքիաթային փայտիկ է ձեռք բերել՝ Արցախում ցեղասպանություն ու բռնագաղթ է անում, Հայաստանում ամրանում է, նոր պահանջներն էլ մատ թափ տալով է դնում։ Անխոչընդոտ։ Պատճառների ու հետեւանքների մասին ամեն օր ենք խոսում։
Ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Պատերա՛զմ, ոչ թե սադրանք, ոչ թե հարձակում, ոչ թե ագրեսիա, այլ՝ հենց պատերազմ։ Թշնամին պաշտոնապես հայտարարել է (առողջապահության նախարարության բերանով) իր զոհերի թիվը (մարդու ձեռք էլ չի գնում զոհ գրի, մարդկային կորուստն էլ ճիշտ ձեւակերպումը չէ (ես դրանց մարդ ասողի․․․))՝ 192, որից 180-ը պաշտպանության նախարարության զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ-ի։ Վիրավոր զինծառայողների թիվը 511 է։
Կրկնում ենք՝ սա պաշտոնական թիվն է։ Դրանց «Մեյդան ՏՎ-ն» 199 է տալիս մեռածների թիվը։ Եռապատիկ շատ քանակի մասին են խոսում Ադրբեջանի նախագահի ընդդիմադիրները։ Եթե այս թիվը քննարկենք դրանց բնակչության թվաքանակի տիրույթում, փոքր կթվա։ Եթե այդ թվից խոսում ենք Արցախի հետ պատերազմի համապատկերում, ապա բոլորովին այլ իրավիճակ է ուրվագծվում։ Արագ զինվող, Թուրքիայի աջակցությունն ունեցող թշնամին մոտ 200 զինծառայող է կորցրել Արցախի դեմ պատերազմում։ Այն Արցախի, որ 44-օրյայից հետո այդպես էլ սթափվել չէր հասցրել, 9 ամիս շրջափակման մեջ էր եւ տառացիորեն հացի խնդիր ուներ,այն Արցախի, որին պարտավոր էր, բայց ձեռք չմեկնեց Հայաստանը։ Չէ, հայ մարդն ուզում էր, տառապում էր, բայց Արցախին օգնել ուզող ժողովուրդն անգլուխ էր։ Իսկ պետությունը, որ պարտավոր էր, չարեց, բանակին հրաման չտվեց։ Զինվորականներն էլ գերադասեցին իբր հրամանախախտ չլինելը։ Արցախը մնաց մենակ։ Արցախի ՊԲ-ն արժանապատիվ կռիվ է տվել։ Թշնամու մեռածների ու վիրավորների թվերը վկա։
Արցախը չդիմացավ։ Արցախը չընկավ։ Արցախը հանձնեցին։ Եվ այսօր, երբ 44-օրյայի 3-րդ տարելիցն է, Արցախի բնիկը՝ հայը, բռնագաղթվում է Արցախի տարածքից։ Մեր հայրենիքի այս հատվածը, որի ազատագրման եւ ըստ այդմ՝ Հայաստանի արժանապատիվ գոյության համար եղավ Առաջին ազատամարտ, Ապրիլյան քառօրյա, 44-օրյա․․․
Բա աշխա՞րհը, բա խղճի ձա՞յնը, բա․․․ 1915-ին էլ ենք բա-երի հարցաշար հնչեցրել։ Աշխարհը չի փոխվել ու չի փոխվելու։
ՄԱԿ-ի անվտանգության խորհու՞րդ ենք ասում։ Ամորֆ կառույց է։ Համենայնդեպս՝ հայերիս համար։ Արդարադատության միջազգային դատարա՞նն ենք հիշում։ Թյուրքական տանդեմը տշած ունի դրա որոշումները, համենայնդեպս՝ մեր մասով։ Միջազգային այս ու այն օրենքը, նորմը, կարգավորու՞մն ենք հիշում ազգերի ինքնորոշման ու մարդու իրավունքների մասին, դատարկախոսություն է, համենայնդեպս՝ երբ հերթը հայերիս է հասնում։ Եվրամիությու՞նն ենք փնտրում, Եվրախորհրդի ձայնի՞ն ենք սպասում, թրքականության առաջ չոքող կառույցներ են սրանք, համենայնդեպս՝ հայերիս հետ կապված հարցերում։ Կարեւորը ԱՄՆ-ն է, Արեւմու՞տքը, թե՞ Ռուսաստանը, նրանք տորթ կտրելով են զբաղված, համենայնդեպս, երբ տորթին Հայաստան-Արցախ քարտեզն է։
Սեղանի տակ էլ վազվզում են հայ եվրոպամետները, ռուսամետները, ամերիկամետները ու մեկը մյուսին մեղադրում թե՝ ում տերն է ավելի մեծ կտոր կտրել։
Հայը, զուտ հայը՝ առանց որեւէ «մետ»-ի, տառապում է, գոռում է թե՝ այ․․․ քաղաքականությամբ զբաղվեք, բայց առաջ տարեք հայի՛ շահը, ոչ թե ձեր տերերի․․․
Տերերն ի՞նչ են անում հիմա։ Խղճում են մեզ ու ասում են Արցախի հայերին օգնություն կտան։ ԱՄՆ-ն, օրինակ, հայտարարել է Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկական զտումների ենթարկվող 120 000 զոհերին 11 500 00 դոլար հատկացնելու մասին։ Բայց այ որ պիտի թուրքի ցեղասպան ձեռքը բռներ, չարեց։ Իրենը խղճալն է ու օգնություն տալը։ Գրոշներ տալը։ Դե խեղճին գրոշ են տալիս, գործընկերոջն են ձեռք մեկնում։
Լավ, չզզվեցի՞նք։ Էդ անտեր թղթե շերեփն էլ արդեն չկա՝ այնքան ենք տաք ապուրների մեջ մտցրել-հանել։ Աշխարհը նույն աշխարհն է, եւ մեզ չէր խղճում Արցախյան առաջին ազատամարտից հետո։ Աշխարհի հույսով ապրելը ո՜րն է։
«Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ - դա խի՞ղճ է, թե փալասե տիկնիկ․․․ Քեզ կուլ են տվել ու գովում են․․․ քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է» (Մաթեւոսյան)։
Ահա՛ փալասե տիկինիկ սիրողների դատավճիռը։ Կհաշտվե՞նք՝ դատավճռի թուղթը կվերցնենք ու կգնանք դատվելու։ Չե՞նք հաշտվի՝ կբողոքենք, կըմբոստանանք, կպայքարենք, կապրենք։