Image

Բաքվի անկիրթ առաջնորդը

Ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած կեղծ թեզերը, որոնք շատ դեպքերում այնքան անտրամաբանական են, որ աբսուրդի մակարդակի են հասնում, այլևս ոչ մեկին չեն զարմացնում: Դրանց քաջածնոթ են տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները և միջնորդ պետությունները: Նման քարոզչական թեզերը երբ ադրբեջանական հսկայական ռեսուրսների օգտագործմամբ հրապարակվում են պաշտոնական հաղորդագրություններում և մեծ վճարների դիմաց՝ արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ներում, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, սակայն երբ այն ներկայացվում է  պաշտոնական հանդիպումների ժամանակ, ապա երևույթն ոչ միայն դիվանագիտական էթիկայի նորմերի կոպիտ խախտում է, այլև ծաղր և վիրավորանք ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպող դիվանագետների և պետական գործիչների հանդեպ:

Օրերս Բաքվի առաջնորդը հանդիպել է տարածաշրջան այցելած ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան անդմներին՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին և Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոին։ Ալիևը հնդիպման ժամանակ ադրբեջանական կեղծիքի տարափ էր կազմակերպել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների  համար՝ նպատակ ունենալով արդարացնել Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացրած հերթական ոճրագործությունը: Նա տարբեր ձևակերպումներով մատուցեց այն թեզը, թե իրենք Արցախում իրականացրել են «հակաահաբեկչական» գործողություններ՝ իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների և այլ խմբավորումների դեմ:

Սակայն Ալիևի դիմաց նստած անձինք լավ գիտեն, որ Ալիևը ստում է, նրանք քաջատեղյակ են, որ Արցախի Հանրապետությունն անկախության ողջ ընթացքում իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ունեցել Պաշտպանության բանակ, որը նախկինում նաև համալրվել էր ՀՀ քաղաքացիներով, սակայն 44-օրյա պատերազմից հետո Արցախի զինված ուժերում բացառապես արցախցիներ են եղել և վերջիններս պաշտպանել են իրենց ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական գործողություններից, հետևաբար՝ վերջին ագրեսիան բացառապես արցախի քաղաքացիների դեմ էր: Ամերիկացի պաշտոնյաները նաև լավ գիտեն, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տասնյակներով քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր են սպանվել: ԱՄՆ-ի ներկայացուցիչները Բաքու էին գնացել Հայաստանից, որտեղ տեսել են բռնագաղթի հոսքը, լսել ականատեսների պատմությունները ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ և երբ Ալիևը վստահեցնում է իր երկրում արցախցիների իրավունքների պաշտպանության պատրաստակամության մասին, ապա այն կարող է դիտվել միայն ծաղր է իր դեմ նստած դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ:

Երբ Բաքվի առաջնորդը դեմ առ դեմ նստում է գերպետությունների և միջազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների առաջ և նման կեղծիք է շաղ տալիս, այն վերջինիս՝ էթիկետի նորմերի իմացության ցածր մակարդակի և  անկիրթ լինելու մասին է միայն խոսում: Ալիևը չի գիտակցում, որ իր առաջ միամիտ ադրբեջանցի քաղաքացիները չեն, որոնց կարող է ստերով կերակրել և նրանց զավակներին տանել զոհվելու, չնայած վերջիններս էլ արդեն վաղուց չեն հավատում իրենց առաջնորդին: Ալիևի հետ հանդիպման են գնում լիարժեք տեղեկացված անձինք, որոնք այդ պահին վիրավորվում են, երբ Բաքվի առաջին դեմքը, թեկուզ չնայելով նրանց աչքերի մեջ, նման կեղծիք է հրպարակում: Այն, որ ստելիս Ալիևը չի նայում դիմացինի աչքերին, երևում է հանդիպումների պաշտոնական տեսաձայնագրություններում՝ մատնելով դրնաց հերոսին: Մյուս կողմից էլ Բաքվի առաջնորդի նման անտակտ վարքի խրախուսողներն՝ այդ ստերը լսող նույն անհատները ներկայացնող միջազգային միավորներն են, որոնք ժամանակին չեն հակադարձել ու այսօր էլ չեն հակադարձում ներկայցվող աբսուրդային կեղծիքներին:

Իսկ այսօր իրողությունն այն է, որ թյուրքական պետություններից բացի, բոլոր քաղաքակիրթ երկրներից և միջազգային կառույցներից պահանջներ են հրապարակվում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Արցախում «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու համար:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։