Image

Բոլորը չէ՛, որ մեղավոր են

Սկսվե՜ց «լինենք միասնական»-ի կամ՝ «բոլորս ենք մեղավոր»-ի շարանը։ Ընդհանոր ձեւակերպումներ են, գեղարվեստական խոսույթներ՝ ընդ որում համեմված արհեստական հուզականությամբ։ Համեմողներն էլ՝ կամ մակերեսային են մտածում՝ ընդհանուր հուզական մթնոլորտից ազդվելով, բայց ազնիվ են։ Կամ էլ՝ նենգ են ու փորձում են սողոսկել ընդհանուրի մեջ եւ ջրի երես դուրս գալ վտանգն անցնելուց հետո միայն։

Արցախը ինչ վիճակում է՝ գիտենք։ Լեզուս չի պտտվում բառն ասեմ։ Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկվեց, եւ «բոլորս ենք մեղավոր» ասելով շաղակրատում են հատկապես նրանք, որոնք մեկ միլիգրամ անգամ ազնվություն ունենալու դեպքում պետք է որ ամոթից գետնի տակն անցնեին։ «Բոլորս ենք մեղավոր»-ը հնչում է հիմնականում այն հատվածից, որը հենց ինքն է մեղքի հետ ձեռք ձեռքի տվածը։ Այս հատվածը հնչեցնում է բոլորի մեղավոր լինելու թեզը, որպեսզի ծածկի իր մեղավորությունը եւ կոծկի բացարձակ ճշմարտությունը։ Այն է՝ մեղավորը անուն ունի, անվանում ունի, տեսակ ունի եւ քանակ ունի։

Բոլորը չէ, որ մեղավոր են։ Շարքային քաղաքացին, եթե անգամ ցանկանա էլ, չի կարող երկիր կործանել։ Երկիրը կարող է կործանել այն մարդը, կամ խմբակը, կամ հատվածը, որ այդ երկրի համար որոշումներ ընդունելու իրավասություն ունի։ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ըստ էության միմյանց անվտանգություն էին երաշխավորում։ Հայաստանի Հանրապետությունը մի օր որոշեց, որ չի երաշխավորելու Արցախի Հանրապետության անվտանգությունը։ Ավելին՝ այնպես է աշխատելու, որ հաճախ դժվար է լինելու աշխատաոճը տարբերակել թուրքի աշխատաոճից։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգությունը չերաշխավորելով՝ ոչ միայն կործանեց Արցախը, այլեւ վտանգեց Հայատանի անվտանգությունը։ Մեկը ես, շարքային քաղաքացի լինելով եւ իմ երկիրը (Հայաստան-Արցախ) անսահմանորեն սիրելով, միջազգային ոչ մի փաստաթղթի տակ ստորագրություն դնել չէի կարող։ Ինձ պես երկիրը սիրող շատերը՝ նույնպես։ Կարող էին պարզապես ճիշտ ընտրություն կատարել եւ չընտրել մեկին, ով չի սիրում իր երկիրը։ Ինչը եւ արել եմ եւ ինձ պես՝ շատերը։ Իմ զենքը գրիչն է եւ այն ոչ մի օր եւ ոչ մի բառով չեմ ծառայեցրել երկիրը վտանգելուն։ Ինձ պես շատերը՝ իրենց զենքերով։

Հետեւաբար՝ մեղավոր են նրանք, ովքեր իրենց ստորագրությունը, բառերը, խոսույթը եւ զենքերը ծառայեցրել են հօգուտ թշնամու։ Ասել է թե՝ բոլորը չէ, որ մեղավոր են, եւ երկրորդեմ կրկնակի ընդգծումով՝ մեղավորը անուն ունի, անվանում ունի, տեսակ ունի եւ քանակ ունի։

Եվ գանք առաջին խոսույթին՝ «լինենք միասնական»։ Լավ է հնչում , սիրուն, սիրտ տվող։ Այո, կարող եմ միասնական լինել այն «յան» ազգանունը կրողի հետ, ով երկրի զարգացման առումով սոցիալական, տնտեսական, քաղաքական տարբեր պատկերացումներ ունի, տրամագծորեն հակառակ տեսակետներ է ներկայացնում այս կամ այն հարցի շուրջ։ Բայց այդ տրամագծորեն հակառակ ավածը պիտի աստիճանի որոշակի թեքությամբ սպառվի։

Օրինակ՝ չեմ կարող միասնական լինել մեկի հետ, ով համարում է, որ հազարամյա հայկական հողը պատկանում է ընդամենը մեկ դարի պատմություն ունեցող արհեստական ստեղծված պետական միավորմանը։ Չեմ կարող միասնական լինել ոչ թե այն պատճառով, որ նա պատմություն կամ աշխարհագրություն չգիտի, այլ՝ որովհետեւ  կամ՝ այդ չիմացությամբ ակամա ծառայում է թշնամուն, կամ՝ որ ավելի սարսափելի է, գիտի եւ գիտակցաբար է ծառայում թշնամուն։

Թշնամուն գիտակցաբար ծառայողի հետ ի՜նչ միասնություն։ 

«Արցախ» բառն արտաբերող, հետո ներողություն խնդրողի հետ ի՜նչ միասնություն։

Հային մորթող, բռնաբարող, մասնատող թշնամուն կառուցողական համարողի հետ ի՜նչ միասնություն։

Մի զավակին լքող ու դրանով իբր մյուսին պաշտպանող, բայց իրականում երկու զավակի կյանքն էլ վտանգողի հետ ի՜նչ միասնություն։

Հայրենի հողի ազատագրումը հեղափոխությունից կարեւոր չհամարողի հետ ի՜նչ միասնություն։

Ցույցերին մասնակցող արցախցիներին օգնություններից զրկելու կոչ անողի հետ ի՜նչ միասնություն։

Շարքը կարող ենք շարունակել, բայց վերջապես՝ ի՜նչ միասնություն Հայաստանի եւ Արցախի թշնամու հետ նույն խոսույթն ունեցող «յան»-ավորի հետ։

Հետեւապես՝ հայրենիք սիրողի եւ հայրենիք ատողի միջեւ ի՜նչ միասնություն։ Թե հայրենիք ատողը «միասնություն» բառն այդքան սիրում է, այն կարող է գործածել ներքին ու արտաքին թշնամու կապը բնութագրելու համար։

Չտրվե՛նք ինչ-որ թեզերի։ Նույնիսկ եթե դրանք գեղեցիկ փաթեթավորում ունեն։ Կողմնորոշվելու համար կարեւոր մեկ պայման կա՝ ո՜վ է թեզը գցողը։ Այնպես որ, պե՛տք է ինքնամաքրվենք։ Այն մեր վերականգնման համար ամենաանհրաժեշտ հիմնային քարն է։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։