Image

Գերխնդիրն բռնագաղթածներին Հայաստանում պահելն է

Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ողջ հայության առաջնային լուծելիք խնդիրն այսօր պետք է լինի Արցախից բռնագաղթածներին արժանապատիվ ընդունելը և կեցության բոլոր պայմաններով ապահովելը: Խոսքն այստեղ գնում է, ոչ միայն կեցության համար առաջնային անհրաժեշտության պայմանների և պարագաների մասին, այլև՝ ՀՀ-ում նրանց լիարժեք ինտեգրման: Դրա համար առաջին հերթին պետք է արցախահայության համար ապահովել աշխատանքի, կրթության լիարժեք պայմաններ:

Այստեղ խոսքը գնում է բացառապես ժամանակավոր ինտեգրման մասին, իսկ հայության գերնպատակը պետք է լինի իրենց հազարամյա բնօրրան արցախցիների վերադարձև: Այդ ճանապարհի առաջին քայլն արցախահայությանը Հայաստանում պահելն է: Արցախից բռնագաղթերի նախորդ դեպքերի փորձն աչքի առաջ ունենալով՝ անհրաժեշտ է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նրանք չտեղափոխվեն երրորդ երկրներ: Այն, որ փորձեր կլինեն, տարբեր գայթակղող պայմաններով, փախստականների կարգավիճակով նրանց առաջարկել բնակվել երրորդ երկրներում, միանշանակ է, և այդ մասին խոսակցությունները սկսվեցին դեռ այն ժամանակ, երբ Արցախից բռնագաղթողների հոսքը դեռ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին քառաշերտ մեքենաների տեսքով շարժվում էր դեպի Հայաստան:

Արցախից բռնագաղթածների զգալի մասը գյուղական բնակավայրերից են, իսկ այսօր Հայստանում շատ են այն գյուղերը, որտեղ չբնակեցված տներ կան և անկախությունից ի վեր կիսադատարկ վիճակի են հասել: Պետությունը պետք է մեծ ռեսուրսներ ներդնի այդ բնակավայրերում ապրելու և սովորելու արժանապատիվ պայմաններ ստեղծելու համար: Արցախահայությանը Հայաստանում պահելը կարևոր է նաև նրանց իրավունքների համար հետագա պայքարը նպատակային, կազմակերպված և մեկ կետից իրականացնելու համար:

Այս գործընթացին պետք է ըմբռնումով մոտենա առաջին հերթին արցախահայությունը, և, անտեսելով հնարավոր դժվարություններն ու անհարմարությունները, ձգտի մնալ և արարել Հայաստանում իր դրախտային հայրենիք վերադառնալու պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Այս գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար պետք է լիարժեք գործարկվեն պետական բոլոր ինստիտուտներն, մինչդեռ արդեն այսօր առկա են դեպքեր, երբ հայրենի տունը լքած արցախցիներին առաջարկվում են բնակելի կացարաններ, որոնք կենցաղային տարրական ոչմի պայմաններով ապահովված չեն: Հնարավոր է, որ նման բացթողումների պատճառը գաղթականների մեծ հոսքն է ու ժամանակի սղությունը, սակայն բոլոր դեպքերում դրանք անթուլատրելի են և պատասխանատվույան պետք է ենթարկվեն տեղական իշխանությունները, առաջին հերթին՝ մարզպետները, որոնք լիարժեք չեն տիրապետում, թե ինչ կացարաններ են խոստացել երկրի գործադիր մարմնին:

Առաջնային անհրաժեշտություն է նաև աշխարհասփյուռ հայության և  միջազգային համապատասխան կառույցների աջակցությունն Հայաստանում բռնագաղթածների ժամանակավոր ինտեգրման գործընթացում, սակայն տեղում թիվ մեկ պատասխանատուն ՀՀ գործադիր մարմինն է:

 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։