Image

ՄԱԿ-ի առաքելության զավեշտը՝ Արցախի ուրվական քաղաքներում և գյուղերում

Հումանիտար իրավիճակը գնահատելու համար ՄԱԿ-ի առաքելության այցը հայաթափված Արցախ և դրա արդյունքներով հրապարակված եզրակացությունները ոչ միայն վիրավորական էին բռնագաղթած և աշխարհասփյուռ հայության համար, այլև աշխարհին ի ցույց դրեցին միջազգային թիվ մեկ հումանիտար կառույցի ողջ պերճանքն ու թշվառությունը: Փաստահավաք խումբը ՄԱԿ-ի կենտրոնակայան զեկուցել էր այն, ինչ ցանկացել էր պաշտոնական Բաքուն: Այսինքն, դակել էր ադրբեջանական կեղծիքների հուշատետրը: Նման եզրակացությունն ի սկզբանե էր կանխատեսելի, քանի որ ՄԱԿ-ի առաքելությունը Արցախ էր ժամանում ուշացած և Բաքվում իր մշտական ներկայացուցչի գլխավորությամբ: Ադրբեջանցիները փաստահավաք խմբին, բնականաբար, չէին տանի ավիրված գյուղերն ու շեները, այլ՝ այն բնակավայրերը, որոնք հրթիռակոծության չէին ենթարկվել:

Արդյունքում՝ փաստահավաք խումբը պետք է գրեր, թե առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների՝ ներառյալ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել, բայց ստիպված արձանագրել է, որ բոլոր խանութները փակ են եղել։

«Նրանք չեն լսել խաղաղ բնակիչների նկատմամբ վերջին զինադադարից հետո բռնության մասին որևէ հաղորդում: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,-առաքելության զեկույցը ներկայացնելիս հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Այս հայտարարությամբ աբսուրդի է վերածվում ամեն ինչ: Ակնկալել, որ Արցախում մնացած մի քանի հայերն ադրբեջնական զինուժի ներկայությամբ պետք է ՄԱԿ-ի առաքելությանը պատմեին ադրբեջանական անմարդկային վայրագությունների մասին՝ անմտություն է: Մյուս կողմից, ո՞րն է իմաստը հետաքրքրվելու, թե ռազմական ագրեսիայից հետո արդյոք բռնություններ եղել են արցախահայության նկատմամբ: Ստացվում է, որ բուն ագրեսիայի ժամանակ մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց, երեխաների, կանանց, ծերերի սպանության և խոշտանգման դեպքերն էական չեն՞:

Եթե ՄԱԿ-ի առաքելությունն իրոք ցանկանում է գոնե իր համար իրականությունը պարզի, ապա պետք է զրուցի Հայաստան բռնագաղթած արցախցիների հետ, որոնք կպատմեն, որ այն հայերը, որոնք չեն հասցրել տեղահանվել ադրբեջանական հարձակման ժամանակ, բոլորը կամ սպանվել են, կամ անհայտ կորած են: Գրեթե հարյոր տոկոսվ միանշանակ է, որ վերջիններս նույնպես սպանված են: Եթե ՄԱԿ-ի առաքելությունն եկել էր ադրբեջանական զինուժի վայրագությունները կոծկելու, ոչ թե ճշմարտությունը բացահատելու, ապա այն իրենց լիովին հաջողվել է:

Առաքելության աշխատանքի որակի մասին է խոսում նաև հրապարակած թվերը, թե տեղի բնակիչների ներկայացրածով  Արցախում է 50-ից 1000 էթնիկ հայ են մնացել: Այս մարդասիրական աղետի և Արցախի ուրվական գյուղերի և քաղաքների ֆոնին  ՄԱԿ-ի առաքելությունը կարծում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ամրապնդել վստահությունը, ինչը կպահանջի բոլոր կողմերի ջանքերը, ավելին՝ ՄԱԿ-ի աշխատակիցները ծրագրում են շարունակել կանոնավոր այցելությունները հայաթափված Արցախ:

ՄԱԿ-ի առաքելության նման խայտառակ եզրակացությունն ընդամենն աշխարհում տիրող հումանիտար աղետի ցուցիչ է, մարդու կողմից մարդուն կարեկցանքի իսպառ բացակայության փաստարկ, մարդկանց և ազգերի ճակատագրերի նկատմամբ անտարբերության մասին աղաղակում: Այստեղ արդեն միայն բազմաչարչար հայերի հերթական ցեղասպանության հարցը չէ:Եթե մարդկության համար արդեն հումանիտար նորմերն երկրորդական արժեքներ են, ուրեմն աշխարհը վերադառնում է բարբարոսական կարգեր և անխուսափելիորեն գլորվելու է դեպի քաոս: Այս իրավիճակում ժողովուրդները և մարդիկ իրենց հիմնարար իրավունքները պաշտպանելու համար պարտադրված են ապավինել միայն իրենց ուժերին:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։