Image

Խոստանում եմ ապրումակցում, բայց ո՛չ այս դեպքում

Ինձ, այդ թվում եւ գործընկերներս, հաճախ են «մեղադրում» լրագրությունից ժամանակ առ ժամանակ զուտ հրապարակախոսության դաշտ տեղափոխվելու, զգացմունքներս ցուցանելու, սթրեսակայուն չլինելու մեջ։ Իմ պատասխանը մշտապես հետեւյալն է՝ լրագրողն առանց ազգության չի լինում (բնականաբար, եթե լրագրողն ազգի ներկայացուցիչ է, ասենք՝ ամերիկացի, իսպանացի, ավստրալիացի․․․ չէ), իսկ եթե ազգային ծագում չունի, բայց մարդ է, չի կարող սթրեսակայուն լուսաբանել կամ խոսել այն հայի մասին, ում թուրքը գլխատել է հայ լինելու համար։ Պարզապես չի կարող, եթե, որպես մարդ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի եւ, ասենք, սպանության տեսարաններից հաճույք չի ստանում։

Իսկ ի՜նչ է, զգացմունքները գրչին տալը հակասու՞մ է լրագրության վարքականոնին։ Բնա՛վ ոչ։ Միշելների, կլաարների, բորելների՝ մեր Հայրենիքի հանդեպ մտահոգության կոչերը լսում եմ, բայց արձանագրում փաստը՝ իրականում Հավաքական Արեւմուտքի երկրները չեն ցանկանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Այո, սրա անունը քաղաքականություն է, այո, դերակատարները պոռնիկներ են, այո, մեղավոր է հայկական անատամ քաղաքականությունը, բայց իմ վարքականոնին  չի հակասում հարցնելը․  ձեր խնդիրն է, կարող եք պաշտպանել թյուրքական երկու բռնապետերին, հապա ժողովրդավարության հեքիաթնե՞րն ինչի համար են։ Փողոցում թափառական մի շան խփում են, որ երեխային չկծի, խփողին գտնում եք ու աշխարհի լուտանքները թափում գլխին։ Արցախում կին են մասնատում, մասնատողին չեք գտնում (թեեւ մասնատողները դա հաճույքով տարածում են համացանցում) ու ասում եք, որ հայը պիտի խաղաղության գնա իրեն մասնատողի հետ ։

Հիմա ես, որպես հայ լրագրող , կարող եմ չէ՞ ցանկանալ, որ «մտահոգվող» երկրները հայտնվեն մեր կարգավիճակում, զգան թյուրքական գործողությունների հետեւանքները իրենց երկրներում։ Միանշանակ՝ կարող եմ։ Բայց «մտահոգվողներից» ավելի ազնիվ կլինեմ․ իրապես կմտահոգվեմ, թյուրքական դեմքերը կգտնեմ-կուղարկեմ, համարժեք պատժի կոչ կանեմ։

ՄԱԿ-ի փաստահավաք խումբը, որ Արցախում աչքերը կապած ման էր եկել, ըստ էության, աջակցեց Ադրբեջանին՝ արջի ծառայություն մատուցելով։ Կառույցն է՜ն գլխից ամորֆ է, միացյալ ազգերի կազմակերպություն է կոչվում, քանի՜ ազգ է այդ կազմակերպության մեջ։ Ինչեւէ, դրա փաստահավաքները քաղաքացիական ենթակառուցվածքների՝ ներառյալ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման նշաններ չեն հայտնաբերել, ասել են այն, ինչ Բաքուն է ասել, որ ասվի։ Թե դրա համար ում եւ ինչ է արել Բաքուն, այս պահին էական չէ այլեւս, քանզի ՄԱԿ-ի առաքելության խայտառակ գործունեությունը  ցուցիչ է։

Հիմա ես, որպես հայ լրագրող, կարող եմ չէ՞ ցանկանալ, որ խայտառակության դերակատարների երկրները հայտնվեն Արցախի ու արցախցիների այսօրվա կարգավիճակում՝ ցեղասպանության ենթարկված, բռնագաղթված։ Վարքականոնի որեւէ խախտման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մանավանդ, որ, ի տարբերություն այդ կառույցի անբարոյականության մարմնավորողների, խոստանում եմ անաչառ լուսաբանել՝ ամենայն խորքային ապրումակցմամբ։

Եվրոպայից ու ԱՄՆ-ից գանք հասնենք Ռուսաստանին։ Այո, մենք մեր սխալ քաղաքականության հետեւանքով ենք թշնամացրել այս պետությանը մեզ։ Բայց իրենք սիրում են չէ՞ խոսել «ռուսական հոգու» լայնածավալության մասին։ Հապա ինչու՜ այդ լայնածավալության մեջ չտարբերեցին հայ ժողովրդին ժողովրդի գլխին կարգվածներից։ Նեղմիտ քաղաքականությունը խեղդե՞ց լայնի ծավալը։ Կարող եմ չէ՞ բումերանգային իրավիճակ ցանկանալ ու խոստանալ ազնվորեն ապրումակցում։ Վարքականոնին ոչ միայն աննշան խախտում իսկ չկա, այլեւ՝ վեհության դրսեւորում է։

Ի դեպ, բումերանգի օրենքի կիրարկում եմ ցանկանում նաեւ Արցախն Ադրբեջան համարողների, Արցախի հայաթափմանը նպաստողների, հայրենիքը հանձնողների, հայ ժողովրդի պատմության դասագրքերում հայերին եկվոր համարողների, Արցախն Ադրբեջանի քարտեզում ներառողների ընտանիքների հանդեպ։

Բայց հա, այս դեպքում խոստանում եմ սառը լուսաբանում՝ առանց ապրումակցման։ Որովհետեւ՝  (մեբերումները՝ Նժդեհից) «Ներքին թշնամին է եղել հայ բազուկը տկարացնողը: Նա է առաջնորդել օտար զորքերը դեպի հայկական լեռնակղզին: Նրա դավաճանությունն է հաջողության նժարը հաճախ թեքել թշնամու կողմը․․․», «տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ոչ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտկող։ Նա ազգային պատկանելիություն չունի եւ եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել։ Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է։ Տականքը հայրենիք չի ճանաչում։ Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած»։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։