Image

Նույն իշոտնուկի ու նույն խարանի մասին

Առավոտյան խոսակցություն դպրոցի բակում։ Ինձ է մոտենում 30-32 տարեկան մի կին։

-Բարեւ, դու Արմենուհի՞ն ես Մելքումյան։

-Բարեւ Ձեզ։ Արմենուհին եմ, բայց Մելքոնյան։

-Հա, ինչ-որ ա, ամեն առավոտ էրեխուս էս կողքի դպրոց եմ բերում։ Ինչի՞ ես միշտ թաղման դեմքով։

-Հարսանքավորի դեմքով շրջելու պատճառ չունեմ։

-Հա, գիդեմ մարդդ ով ա, դու ով ես, իմ հերն էլ ա սաղ կյանք Ղարաբաղի համար կռվել, բայց հիմա ինչ անենք, էղավ-պրծավ։

-Ամբողջ կյանքում Արցախի համար կռված ձեր հայրը հիմա ի՞նչ հոգեվիճակում է։

-Նորմալ։

-Նորմա՞լ։

-Հա, դուք երեւի ռսասեր եք հա, ճիշտ էլ անուն են կպցրել՝ ծայրագավառականներ։

- Չէ, ինքը ծայրագավառական չի, «տգետ ազգայնական» ա,-ընկերուհիս հումորով փորձում է իրավիճակը հանգուցալուծել, որովհետեւ արդեն տեսնում է դեմքիս գույնի փոփոխությունը։ Բայց երեւի շանթս արդեն միացված էր «սերի» պիտակից, որովհետեւ երբ նայեցի ընկերուհուս, սաստվեց։

-Ես մշեցու ժառանգ եմ, եթե Մուշը ձեր քարտեզում Հայկական բարձրավանդակում ծայրագավառներից է, ուրեմն՝ հա։ Դուք էլ երեւի կենտրոնական գավառներից եք չէ՞, -հարցնում եմ ամբողջ ընթացքում ինձ դու-ով դիմած քաղքենուն։

- Ձեռ ես առնու՞մ,-կենտրոնական գավառականն է։

-Չէ, պարզապես ուզում եմ հասկանալ՝ ծայրագավառականը ես եմ, բայց ոնց որ դու ես ծայրին նստել,-կոպիտ խոսքը ուղեղ ծակելով՝ հաճախ է սթափեցնում։

-Այսի՞նքն,-շփոթված էր տոնիս փոփոխությունից եւ դուք-ից դու-ին անցնելուցս։

-Այսինքն՝ հորմոններիդ տիրություն արա՝ փողոց դուրս գալուց առաջ,-շպրտեցի ու գնացի։ Հետո ծնողները պատմում էին, որ երկար ժամանակ կանգնած է մնացել, ընկերուհուս հարցրել է՝ «լսի, կարող ա՞ ինքը Եվրոպայի կողմնակից էր, սխալ էի հասկացել»։

Մինչ ընկերուհիս փորձել է բացատրել, որ ես հավասարապես եմ «սիրում» եւ՛ ռուսին, եւ՛ եվրոպացուն, փոխարենը հայի՝ սեփական ուժերին ապավինելու կողմնակից եմ, կենտրոնական գավառականը եզրահանգման է եկել․ «Ես ըտենց էլ գիդեի, որ էտի թուրքի հետ առեւտուր ա անում»։

Վերջին երեք տասնամյակում այս տեսակի «խորիմաստությունից» մի կուշտ կծիծաղեի։ Վերջին երեք տարիներին լացից եմ կշտանում։ Մանավանդ երբ իմացա, որ երեք երեխաների մայր է։ Ինչպե՜ս է դաստիարակելու, ի՜նչ արժեհամակարգով են մեծանալու երեխաները․․․

Ինչեւէ, Արցախի այսօրվա վիճակը նորմալ տանողներ ու նրանց ժառանգներ, հասկացե՛ք վերջապես, առանց Արցախի նորմալ չեք ապրելու։ Ձեզ խաբելու, մեզնից վանելու, մեզ չլսելու համար մեզ կոչում են «տգետներ», որ դուք ձեզ «զարգացած» զգաք։ Որովհետեւ եթե մեր տեսակին մի պահ լսեք, գուցե սթափվեք ու չհամալրեք երկիրը կործանողների շարքերը։ Իսկ դա կործանողներին պետք չէ, որովհետեւ իրենց քաղքենիների բանակը ինչքան ստվար, այնքան հայրենադավ իրենց գործունեությունը՝ հաջողած։

Այո, դուք քաղքենիներ եք ու ամենեւին կապ չունի, որ ձեզնից ոմանք նաեւ բարձրագույն կրթություն ու դիպլոմ ունեն։ Իրականում դուք անկիրթ բարբարոսներ եք, ով լսելով ռուսին, եվրոպացուն, ամերիկացուն, այդպես էլ ճիշտ եզրահանգման չեք գալիս։ Որովհետեւ ձեր՝ այդպես էլ չհասկացված, իրականում անիմաստ դարձած կրթությունը ձեր գենն այդպես էլ չի արթնացրել ու դուք լսել չեք կարողանում հային։ Գենն էլ մի կողմ, դուք նույնիսկ սովորական մարդ չեք եւ չեք կարողանում զգալ  տունը թշնամուն թողած ու բռնագաղթված մարդու ցավը։

Դուք ձեր օրգաններից լավագույնս աշխատեցնում եք ձեռքերը, բերանը, մարզում որկորը, բայց ուղեղի եւ այն աշխատեցնելու մասին մոռացել եք։ Դրա համար չեք վերլուծում, չեք մտածում, չեք քննարկում։ Հրահանգն իջավ՝ կատարում եք։ Դրանով միանում եք նրանց, ովքեր, ի տարբերություն ձեզ, մտածելով ու գիտակցելով են, լոնք առ լոնք, կործանում մեր երկիրը։

Եթե հայը հաջողի կանգնեցնել իր հայրենիքի կործանումը, իսկ նա այլընտրանք չունի, վաղը չի զատելու կործանարարներին, չի ասելու՝ դու անգիտակից ես կործանել, քեզ ներում ենք։ Կամա թե ակամա անգիտակից կործանողներդ գիտակցված կործանողների հետ նույն իշոտնուկին եք նստելու։

Գոնե հիմա՛ մտածեք, գրողը տանի։ Արցախի այսօրվա վիճակը գոնե ձեզ հիմա սթափեցնի, անգիտակիցներ։ Որովհետեւ ձեր երեխաներն են պատասխան տալու այն բանի համար, որ դուք միայն որկորի տեղը գիտեիք։ Ազգի ու հայրենիքի հանդեպ դավաճանության խարանը ձեր ոչ մի սերնդի վրայից չի մաքրվելու․․․

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։