Հետահայաց ․․․ դեպի ապագա
Համատարած աղմուկի մեջ արժեքավոր խոսքը չի լսվում։ Ավելին, մերօրյա հանրային, քաղաքական, միջանձնային հարթություններում գեներացվող աղմուկի մեջ խոսքն ընդհանրապես դադարել է կշիռ ներկայացնել։ «Ազատություն», «ժողովրդավարություն» հասկացությունները ձեւախեղվեցին՝ վերածվելով սանձարձակության ու ամենաթողության, որտեղ խլանում է բանականության ձայնը։ Գտնվելով այդ քայքայիչ համակարգում, անհատը, ժողովուրդը չի կարող հաղթահարել իրեն պարտադրված անկումը։ Պետք է առնվազն մեկ մակարդակ վեր բարձրանալ։
Այս օրը՝ հեռավոր թվացող 1990 թվականի հոկտեմբերի 9-ին լույս տեսավ խորհրդանշական անունը կրող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը, որը պետք է դառնար նորանկախ հայկական պետության տարեգիրը, հայելին։ Օրաթերթի էջերում գրվեցին եւ պատմությանն ի պահ տրվեց վերջին ավելի քան երեք տասնամյակի քաղաքական, հասարակական, սոցիալ- տնտեսական, մշակութային, հոգեւոր կյանքին վերաբերող իրադարձություններ, գնահատականներ ու վերլուծական հոդվածներ։ Առանցքը հայկականությունն էր ու պետական շահը։
Արդեն չորս ամիս է թերթը չի տպագրվում։ Ցավեցնող է ոչ միայն հայկական երրորդ հանրապետության պաշտոնաթերթի ընթացքի կասեցումը (կրկի՛ն գրչի մեկ հարվածով), այլ այն անտարբերությունը, որը դրսեւորվեց հանրության կողմից։ Արձագանքներ, այո՛, եղան, բայց այն համարժեք չէր կատարվածին։ Ի վերջո, գաղափարական, արժեհամակարգային անկումային պայմաններում այլ բան թերեւս պետք էլ չէր սպասել։ Գրավոր խոսքը բոլորովին այլ ուժ ունի, գրավոր խոսքով մտքեր ձեւավորելու, ինչու չէ նաեւ հեղափոխելու խնդիրն ավելի բարդ է։ Ներկայումս, երբ ընկալվում է միայն դյուրամարս, «պոպկորնային» մակարդակի խոսքն ու միտքը, մտածելու առիթ ստեղծող ասելիքն այլեւս տեղ չուներ։ Երբ կլռի աղմուկը, այդժամ լսելի կդառնա խոսքը։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը կա, պարզապես այն փակված է ինչպես Մհերի դուռը։