ԻՆՉՈՒ ՓԱԿՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԸ
Ամեն տարի հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրակազմը նշում է թերթի ծննդյան տարեդարձը։ 33 տարի առաջ,1990 թվականի այս օրը, լույս տեսավ նոր՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի առաջին համարը։ Այն սկսեց տպագրվել Հանրապետության Գերգույն Խորհրդի որոշմամբ։ Նկատվում էր ձգտումը՝ որոշ հատկանիշներով պահպանել ժառանգականությունը Խորհրդային Հայաստանի գլխավոր պաշտոնաթերթի հետ՝ սկսած խմբագրության տեղաբաշխումից (նախկին՝ ընդարձակ տարածքներում, որ տարեցտարի կրճատվում էին), մինչև մակետի ու տառատեսակի ընտրությունը և այլն։ Եթե խորհրդային շրջանն էլ գումարենք՝ կստացվի ուղիղ մեկ դար։ Բայց 33 տարին էլ բավական ժամանակ է թերթի համար՝ անկախության մեր հարափոփոխ իրականության մարտահրավերներին դիմանալու առումով։ Իր գոյատևման տարիների քանակով այն դեռևս առաջինն է Երրորդ հանրապետության բոլոր թերթերի մեջ և, իհարկե, գերազանցում է մեր բոլոր չորս վարչակարգերից յուրաքանչյուրին։ Ցավոք սրտի, չորս ամիս առաջ պետական խորհրդի որոշմամբ դադարեցվեց թերթի աշխատանքը։
Անկախության ընթացքումշատ թերթեր են բացվել ու փակվել, բայց «ՀայաստանիՀանրապետությունը» մի տեսակ պետականությանը զուգահեռ հնչող խորհրդանիշներից մեկն էր դիտվում, հաջողությամբ համագոյակցելով Անկախության նոր լրատվամիջոցների հետ, պահպանելով իր տեղը, և չընկալվելով որպես մրցակից ։ Փակվելու կապակցությամբ բազմաթիվ անկախ լրատվամիջոցներ իրենց անհանգստությունը հայտնեցին այս կապակցությամբ՝ մի ժամանակաշրջանում, երբ ամենասուր, լարված պայքար է գնում ֆեյքերի դեմ՝ լրատվության սոլիդությունը և կշիռը պահպանելու ուղղությամբ։ Կարգավիճակով դասվելով այսպես կոչված «օֆիցիոզների» շարքը, «ՀՀ»-ն իր գոյության տարիների մեծ մասը իշխանությունների հետ զուսպ պայքարի մեջ է անց կացրել՝հնարավորինս պահպանելու իր ազատությունը, որի պատճառով, օրինակ, հիմնադիր խմբագիր Ա. Մորիկյանը ի վերջո հրաժարական տվեց, իսկ Լիզա Ճաղարյանը նույնիսկ դատավարության մեջ էր մտել պետական հաստատության՝ իր «վերադասի» դեմ։ Մեր դիտարկումներով, ինքնության պահպանման նման հարց կար նաև գլխավոր խմբագիր Մեսրոպ Հարությունյանի հեռանալու հիմքում, իսկ Աշոտ Աղաբաբյանը հրաժարական տվեց իշխանության ուղղակի ճնշման հետևանքով։
Այս պայքարի մեջ անցավ նաև վերջին խմբագրակազմի գործունեությունը։ Թերթը լուռ պահպանում էր ընդհանուր ազգային-պետական գիծը, հնարավորինս զոհ չգնալով թելադրանքներին։ Քարոզչամիջոց չդարձավ՝ սովորական, առօրյա իմաստով, շողաքորթ «ջանջաններ» իսպառ չկային, իսկ երկրի ղեկավարության պատկերները խիստ հազվադեպ էին հայտնվում առաջին էջում։ Գլխավոր խմբագրի թիկունքում ոչ թե երկրի ղեկավարի լուսանկարը, այլ միացյալ Հայաստան-Արցախի մանրամասն քարտեզն էր կախված։ Տրամաբանական հետևություն է, որ չեզոք պահվածքը կարող էր համապատասխան դժգոհություններ հարուցել որոշակի շրջանակներում և փակման պատճառներից մեկը ծառայել։ Բայց, իհարկե, ոչ միակը։
Մեր արդի քաղաքական իրավիճակի մի թերությունն էլ այն է, որ գործիչները, քաղաքագետները սկսել են գերադասել բանավոր խոսքը՝ գրավորից։ Նախկինում հայ գործիչները արմատական գրքեր, հետազոտություններ էին հրատարակում, այսօր խոսում են ( դա էլ է պետք)։ Բայց խոսեցիր, անցավ՝ այն կայուն հետք չի թողնում։ Ոմանց դա նույնիսկ ձեռնտու է, երբ վստահ չես, որ ասածդ մնայուն ճշմարտություն է։ Պաշտոնաթերթում բազմաթիվ փաստաթղթեր ու դիրքորոշումներ են հրատարակված, որոնք ամենաճշգրիտն են ու պատմական փաստաթղթերի նշանակություն ունեն, շատերը՝ սկզբնաղբյուրի արժեք, որոնց հղումներ են կատարում ամենատարբեր առիթներով(շուտով կայքն էլ կվերացվի՝ այս ամենը հետը)։ՈՒ՞մ էր պետք, մի ավելորդ անգամ արձանագրել իրենց վաղանցիկ մտքերը և փաստաթղթի արժեք հաղորդել՝ հավերժացնելով։ Բանավոր խոսքում ասածը միշտ կարելի է հերքել՝ չեմ ասել, եթերում ցուցադրվածը կասկածի ենթարկել՝ այդպես չեմ ասել, բայց գրավոր արձանագրվածը մնում է որպես փաստաթուղթ։ Դրանք լրացուցիչ գլխացավանք են, երբ շաբաթը երկու անգամ խոսքը փոխվում է 180 աստիճանով և նույնիսկ նախընտրական, հրապարակային խոստումների մեծ մասը չի կատարվում։ Ահա և փակելու պատճառներից մեկը՝ ձեռքը չի հասնում ընդդիմադիրներին, պատժում է<< յուրայիններին>>։ Հիշու՞մ եք 1937-ը՝ թիրախը հենց իրենց կոմունիստներն էին։ Թշնամիների հախից գալուց հետո նման բնավորությունները սկսում են ինչ-ինչ անհարազատություն ցուցաբերած յուրայիններին պատժել։ Միայն ֆորմատն է հազար, միլիոն անգամ տարբեր, իսկ ենթահոգեբանությունը նույնն է
Այսօր կրճատվում են հանրային ծառայությ ունները։ «Հայաստանի Հանրապետության» փակումը ևս մի քայլ է պետական հաստատությունների ոչնչացման շարքում ։
Մեր բազմաթիվ ճակատագրական կորուստների շարքում մի թերթի փակվելը չի նկատվում, բայց այն արձանագրվելու է պատմության մեջ։ Նման հաստատության փակումը համընդհանուր քաոսի ընտրված ուղղության մի դետալն է ։
Սա ամենայն նախկինի, այդ թվում՝ հանրապետության ու պետականության խորհրդանիշների նկատմամբ համակ ատելության ստույգ դրսևորումներից մեկն է։
Այս ամենը քաղաքականություն է, բայց կան և խիստ առօրեական, շահադիտկան նպատակներ, որոնք չի բացառվում՝ գլխավորը լինեն։ Թերթի խմբագրությունը ժառանգել էր լրագրողների բարձրահարկում գտնվող իր օջախը, որը ժամանակին գլխավոր և ամենածավալուններից մեկն էր շենքում, և չնայած պարբերաբար խոշոր հատվածներ են խլվել, այնուամենայնիվ քաղաքի կենտրոնում այդ մնացած անշարժ գույքը զգալի արժեք էր ներկայացնում։ Ստեղծված հաստատուն ավանդույթի համաձայն, սա ծանրակշիռ պատճառ է նրանց տիրոջը այդտեղից վտարելու և տարածքներին տիրանալու համար։ Գումարած այն ոչ մեծ գումարները, որ հատկացվում էին թերթի վաճառքի գինը ցածր պահելու համար՝ ագահ տնտեսվարողի աչքին երևացող մի հանգամանք ևս՝ այդ ամենից մի հարվածով ազատվելու համար։ Միայն Սնուպ Դոգի մի հրավերի ծախսով կարելի էր այս թերթը պահել մի հարյուր տարի։ Խմբագիր Արթուր Ղարագյոզյանը բազմիցս խնդրել է՝ հայտարարությունների և գովազդի գումարը թողնել իրենց, և կկարողանային ինքնածախսածածկման անցնել։
Ի վերջո, մի բարոյական հարց է ծագում՝ այդ ինչպիսի՞ լրագրողի կյանք պետք է անցած լինել, որպեսզի իշխանության գլուխ բարձրանալուց հետո սկսել փակել հենց լրատվամիջոցները։ Զուգահեռ չփնտրեք հայտնի հարցադրմանը՝ Պանիկովսկու էության մասին։ Աստված ոչ անի։ Բայց մի հին սովետական անեկդոտ, այնուամենայնիվ, պիտի պատմեմ.
Խորհրդային գրողների համագումարում Ադրբեջանի գրողների միության նախագահի կողքին նստած գրականագետը զրույցի կարգով հարցնում է նրան.
- Ներողություն, դուք Բուլգակովին ընթերցե՞լ եք։
- Ո՜չ։
- Իսկ Տոլստոյին
- Ո'չ
- Ներողություն, իսկ Պուշկին ընթերցե՞լ եք։
- Լսիր, ընկեր, - վրդովված պատասխանում է ադրբեջանցին, - ես ընթերցող չեմ Է՜, ես գրո՛ղ եմ…
Հրաչյա Վարդանյան