Image

Նա հայ մարդու տեսակն էր

Ցանկացած ազգ-էթնոս իր պատմության ճանապարհը չի կարող անցնել առանց ազգային մշակույթի: Իսկ այդ կարևոր առանձնահատկությունն ինչքան էլ ժողովուրդն իր հետ տանի, պահելու համար, միևնույն է՝ պետք են անհատներ, ովքեր մշուշի միջից դուրս կհանեն արմատականը, ազգայինը, սեփականը: Այդ անհատներից է Գագիկ Գինոսյանը, ում Ամենայն Հայոց Պարուսույց կոչումը տվել է ժողովուրդը: Կառավարությունը տալիս է նման կոչումներ՝ «Ժողովրսակն», «Վաստակավոր» և այլն, բայց այլ է, երբ ողջ ազգն է միաձայն այդ կոչումը շնորհում իր նվիրյալ զավակին, հավատում ու պաշտում է նրան: Դեռևս երիտասարդ, դեռևս շատ անելիքներ ուներ Գագիկ Գինոսյանը, բայց ճակատագիրն իրենն ասում է:

Մեծ ցավ ու կորուստ է մեր ազգի համար, բայց նա իր մահով էլ մեծ եղավ: Ողջ համացանցը, լրատվական միջոցները Գագիկին են ներկայացնում այս օրերին: Ժամերով սպասում էին մարդիկ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի մտնելու, նվիրյալ հայորդու հոգեհանգստյան կարգին մասնակցելու համար: Նույնը՝ հուղարկավորության ժամանակ: Երիտասարդներ, շատ երիտասարդներ էին մասնակցում այս արարողություններին, ճանապարհում էին իրենց Մեծ ուսուցչին: Ուսուցիչ. առաջինը՝ գաղափարի՝ Ցեղակրոն, Նժդեհապաշտ, հայրենանվեր, Արցախյան պատերազմների ռազմիկ: Գագիկի մտերիմ մեկ այլ ազգային գործիչ Գուրգեն Մելիքյանը նշեց՝ վաղուց է ճանաչում նրան, ու միասին տարբեր ծրագրեր են իրականացրել, ասաց. «Նա հայ մարդու տեսակն էր»: Իսկ նրա դերը հայ պարը դարերի խորքերից գտնելու, սովորելու ու սերունդներին հասցնելու գործում շատ մեծ է: «Որ ասում են` հայը ո՞րն է, ես Գագիկ Գինոսյանին եմ պատկերացնում», - ասաց ճանաչված դերասան Դավիթ Հակոբյանը, ով չկարողացավ արցունքը զսպել, երբ կամերային երաժշտության շենքի մուտքի մոտ հնչեց «Յարխուշտա»-ի երաժշտությունը:

Շատերն են Գագիկին համեմատում Կոմիտասի հետ, ու դա պատահական չէ: Դերասան և հաղորդավար Արսեն Ղազարյանը, ով հաճախ է վարել «Կարին»-ի համերգները, Գագիկի սնարի մոտ ասաց․ «․․․Դու Կոմիտասի թոռն ես, Հայրիկ Մուրադյանի որդին, Նժդեհի ու Հայկ Ասատրյանի ոգեղեն զավակը, Լեոնիդի զինվորը, «Կարին» տոհմածադի հիմնադիրը։ Պտուղներդ քաղցր են, ու շիվերդ՝ դալար։ Կոչված ես դու վերին կամքով որպես պայծառ մի ասպետ, գնա ասպետներիդ մոտ, որ կանչում են քեզ․․․»։ «Երբ Արցախում մշակույթի նախարար էի, Գագիկ Գինոսյանի հետ համատեղ ծրագրեր ենք արել. իր շնորհիվ մենք հայկական պարը բերեցինք Արցախ: Մինչեւ վերջին օրերը մենք իրար հետ միասին աշխատում էինք: Գագիկ Գինոսյանը հայրենիքի զինվոր էր, բայց նա սովորական ազատամարտիկ չէր, նա հայկական ինքնության պահապաններից էր: Ամենևին զարմանալի չէ, որ նրա սիրտը չդիմացավ, որովհետև երբ այսքան թիրախավորվեց ու խոցելի դարձավ հայկական ինքնությունը, պարզ էր, որ նման մարդիկ չեն կարող անտարբեր լինել: Կարծում եմ՝ այդ անզորության զգացողությունից, ըմբոստությունից, ցասումից նրա սիրտը չդիմացավ», -Գագիկի հուղարկավորության օրն ասել է Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը: Ինչ խոսք, Արցախյան 2020թ. 44-օրյա պատերազմը և դրան հաջորդող ծանր իրադարձությունները մեր ազգի համար, իրենց սև բիծը շատերիս սրտում են թողել, ու հեշտ չէ դիմանալ: Դստեր՝ Ծովինարի ասելով՝ հայրը, որ երբ հարցրել է՝ ոնց ես,  միշտ պատասխանել է լավ եմ: Սակայն 2020թ. պատերազմից հետո «Լավ եմ» խոսքը փոխարինել  է «Պինդ եմ»-ով: Այո, մարդ պինդ պետք է լինի, որ դիմանա նման ցավի ու կորստի: Գագիկին հուղարկավորեցինք, 2001թ. իր կողմից հիմնադրված, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի տղաների(Գագիկն ասում էր՝ «իմ տղերք») կողմից կատարած «Յարխուշտա» ռազմական պարով՝ Կամերային երաժշտության տան բակում և Ամենայն սրբավայր Եռաբլուրում: Այստեղ նա միացավ Հայոց Լուսե բանակի տղերքին:

40 տարի առաջ, երբ հուղարկավորում էին Շիրազին, նույն պատկերն էր, ինչ եղավ Եռաբլուրում. իր զավակին ժողովուրդն է պաշտում, անկախ կառավարական գործողություններից: Եռաբլուրում երգիչ, Գագիկի մտերիմներից Արսեն Համբարյանը կատարեց «Ձայն մը հնչեց» («Շարժում հայրենեաց Կարնոյ») երգը: Պատահական չէր այդ երգի ընտրությունը. Արմատներով Հայոց Կարին-Էրզրում քաղաքից է Գագիկը: «Նվիրյալները որբ են մնում ու խոցելի», - ասաց Արսեն Համբարյանը երգից հետո: Ու Եռաբլուրում բռնեց Հավերժի ճամփան ազգի նվիրյալը, ով ասել է. «Օտարի համար հանճարեղ տաճար կառուցելու փոխարեն՝ սեփական տաճարիդ գեթ մեկ քար ավելացրու, թեկուզ, ստիպված լինես այդ քարն ամրացնող շաղախի մեջ քո հանճարն անգամ թաղել»։ Հիրավի, Հայոց հազարամյա մշակութային ու ռազմական տաճարի շաղախի մեջ է անթեղված Գագիկի հանճարը, և այն մշտապես է բորբոքելու հայի սրտերը։ Այդ անթեղն է հատկապես այն, որ այսօր մեր դպրոցներում Գագիկի ջանքերով ուսուցանվում է ազգային պարը, և նրա հուղարկավորության օրը շատ դպրոցներում աշակերտները պարով հարգեցին իրենց ուսուցչի հիշատակը։

11 տարի առաջ՝ ապրիլի 27-ին, Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հերթական անգամ հանդիպեցի Գագիկին։ Կովսականի միջնակարգ դպրոցը կոչվում էր ազգի մեկ այլ նվիրյալ, Անմահության ճանապարհ բռնած Թաթուլ Կրպեյանի անունով։ Եվ Քաշաթաղի շրջանի հարավային թևի Կովսականում Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված համերգին մասնակցում էին ճանաչված երգիչներ Մկրտիչ Մկրտչյանը՝ Մկոն, ով նույնպես արդեն հավերժի ճամփորդ է, և նրա մահվան առթիվ Գագիկն ասել է. «Ընկավ հզոր կաղնին...», Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Արաբո Իսպիրյանը։ Համերգի ընթացքում Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ բազում հրաշալի պահեր նվիրեց ներկաներին «Կարին» համույթը։ Հայ պարարվեստի նվիրյալը նաև ռազմական գործիչ է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի անդամ, անցել մարտական ճանապարհ։ Գագիկը հաճախ էր այցելում Քաշաթաղ։ 2017թ․ մարտի 19-ին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի կողմից, հիմնադրամի նախագահ Գ․ Մելիքյանի նախաձեռնությամբ հիմնվեց Լեոնիդ Ազգալդյանին նվիրված պուրակը։ Ծառատունկին, բացի ԵՊՀ ռեկտորից, դասախոսներից, ուսանողներից, մասնակցում էր նաև «Կարին» համույթը՝ Գ․ Գինոսյանի ղեկավարությամբ։ «Կարին»-ի տղաները, նրանց շարքում նաև 2020թ․ պատերազմի հերոս-նահատակ Հարություն Ստեփանյանը, յուրաքանչյուր տնկի հողին հանձնելիս հանդես էին գալիս ռազմական պարով։ Նրանց էին միանում ուսանողները, բերձորցի աշակերտները, և արդեն պարային շղթան մեծ տարածք էր բռնում։ Այդպիսի միջավայրում կայացավ ժողովրդի կողմից դեռ իր կենդանության օրոք հերոս հռչակված Լեոնիդ ազգալդյանի 75 ամյակին նվիրված պուրակի հիմնումը։ Ընթացքում լուսանկարում էի, հիանում հայոց պարով։ Զրուցեցի Գագիկի հետ, ով սիրով խոսեց Լեոնիդի ու Արցախյան գոյամարտի նվիրյալների մասին։ Ասաց․ «Սիրով մասնակցում ենք ծառատունկին և հիանում ու զարմանում Գուրգեն Մելիքյանի եռանդով․ նրա աստծոհաճո առաքելությամբ։ Ազատագրական բանակի հրամանատարին նվիրված պուրակի հիմնարկեքին այստեղ ենք։ Բացի ընդհանուր ծառատունկից, մեր տնկիներից մեկը նվիրված է Լեոնիդի ուսանողական ու մարտական ընկեր Ալեքսանդր Թամանկան-Կրտսերի հիշատակին։ Մի ծառ էլ տնկել ենք մեր խմբի՝ «Կարին»-ի անունով։ Նույն օրը եղավ այցելություն նաև Մոնթեին նվիրված պուրակ, որտեղ նաև կար հուշաքար՝ մեծ հրամանատարի՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը» զգուշացնող խոսքը:

2022-ի ապրիլի 24-ին Սպիտակավոր եկեղեցու բակում՝ Նժդեհի շիրմաքարի մոտ Գագիկը ներկայացրեց Մեծ հային։ Եղավ խոնարհման ու խնկարկման, երդման արարողություն։ Երևանում էլ ներկա եմ եղել Գագիկ Գինոսյանի կազմակերպմամբ կամ մասնակցությամբ տարբեր միջոցառումների ու միշտ հպարտացել՝ ունենք նման ազգային գործիչ։ Վերջին անգամ նրան հանդիպեցի այս տարի՝ հունվարին, Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ դարձյալ պարելիս՝ ժպիտը դեմքին ու հպարտ։ Միշտ այդպես եմ հիշելու Գագիկ Գինոսյանին։ Հզոր ու արմատներով կաղնի է նաև Գագիկը, և ինչպես առակում է ասված՝ հազար տարի էլ պառկած կգոյատևի՝ հավերժ է մնալու ազգայինը:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։