Տրնդեզի արարողություն
Տրնդեզը կամ Տեառնընդառաջը մեր ժողովրդի սիրելի տոներից է և ունի հազարամյակների պատմություն։ Մինչ քրիստոնեության ընդունումը՝ մեր նախնիները Տրնդեզը տոնել են ի պատիվ հեթանոս աստվածների՝ գրչության, դպրության, իմաստության, գիտելիքի, արվեստի հովանավոր Տիրի և «Վիշապաքաղ» ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի տիրակալ Վահագնի։ Ժողովրդական այս տոնը խորհրդանշել է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը։ Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արիները խարույկներ են վառել արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար:
Այժմ Հայ Առաքելական Եկեղեցին այս տոնը նշում է փետրվարի 14-ին և այն կապում Մանուկ Հիսուսին տաճարին ընծայման հետ: Հենց այդ օրն են ծնողները բերել նորածին Հիսուս Քրիստոսին Երուսաղեմի տաճար: Դա տեղի է ունեցել Սուրբ ծնունդից 40 օր անց: Տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի երեկոյան եկեղեցինեւոմ կայացած նախատոնակից հետո կատարվում է Անդաստանի արարողություն։ Եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է, չնայած աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։ Փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Ս. Պատարագ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տյառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Հեթանոսական ժամանակ Տրնդեզի խարույկը հիմնականում վառել են հացահատիկի ծղոտով։ Մեր ժողովուրդը դարեր շարունակ իր հետ է կրել «Տրնդեզ, դարմանու կես, առիմ չվան/պարան/, խասիմ/հասնեմ/ դեզ» արտահայտությունը։ Այս խոսքը լսել եմ նաև ծնողներիցս։ Կա կարծիք, որ տոնի անվանումը թարգմանվում էր` «Խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Իհարկե ամբողջ դեզը չեն վառել, այլ որոշ քանակի խոտ կամ հարդ։
Փետրվարի 13-ին Տրնդեզի տոնական արարողություն կայացավ նաև Երևանում՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի /ՀԳԱԱ/ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բակում։ Միջոցառումը կազմակերպվել էր ինստիտուտի գիտակազմակերպչական բաժնի նախաձեռնությամբ՝ գրքերի ձևավորող, գրաֆիկ դիզայներ Անահիտ Գալստյանի կազմակերպմամբ։ Կարգի համաձայն՝ բացվել էր սեղան՝ տոնին հարիր կերակուրներով ու խմիչքներով։ Ինստիտուտի հայ ազգագրության բաժնի մոտ կեսդարյա աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը խարույկի պատասխանատուն էր, ու շուտով բորբոքվեց կրակը։ Մինչ խարույկի վրայով թռչելը՝ ներկաները հանդես եկան ազգագրական պարերով, նաև կրակի շուրջ համապատասխան պտույտ կատարելով։ Տոնին մասնակից եղան նաև մի խումբ հնդիկներ, ովքեր լսելով հայ ազգային երաժշտությունը, մոտեցան։
Միջոցառմանը ներկա էին ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, աշխատակիցներ, ասպիրանտներ, մանուկներ, հյուրեր։ Տոնական սեղանի հարևանությամբ կար նաև ծառ, որի ճյուղերից կախված էին կոնֆետներ և փոքր չափերի թղթեր, որոնց վրա գրված էին հայկական ժողովրդական, հիմնականում սիրային խաղիկներ։ Ներկաները բացում էին կամայական թուղթ և ընթերցում խաղիկը։ Մոտ 1 ժամ տևած միջոցառումն ավարտվեց ուրախ տրամադրությամբ ու հավատով վաղվա օրվա հանդեպ։