Դու ես քո հույսը
19-րդ դարում խոշոր տերությունների ու արդեն կազմավորված միջազգային կառույցների կողմից հաճախ էր հնչում «Հայկական հարց» եզրույթը, որով փորձ էր արվում զսպելու Օսմանյան կայսրությանը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ 20-րդ դարում ու այսօր նույն երևույթն է իրականանում: Այսօր գերված է Արցախը. հայաթփ է: Վտանգված են Հայաստանի Հանրապետության սահմանները, հայոց պետականությունը: Միջազգային կառույցներն ու խոշոր տերությունները դարձյալ կողքից են նայում, և եթե արվում է փորձ՝ ի նպաստ մեր ժողովրդի, ձևական է, պարզապես մեր ցավն օգտագործվում է ի շահ կարևոր դերակատարների: Թուրքիան ու Ադրբեջանը որևէ կորուստ չեն ունենում:
Իսկ ո՞րն է մեր ժողովրդի անելիքը, որ կարողանանք դիմակայել արտաքին ճնշումներին, ներքին անկազմակերպվածությանը: Առաջնայինը հայոց դպրոցն է, որտեղ հայ երեխան, բացի հանրակրթական գիտելիք ստանալուց, կարևորի իր դերը երկրի, հայրենիքի, պետության, ազգի գոյատևման հարցում: Միշտ եմ երազել՝ լիներ այնպիսի աշխարհ, որ զենք բառը միայն հնչեր որպես անցյալի երևույթ: Բայց այլ է իրողությունը, և պարտավոր ենք ազգովի լինել նաև ԶԻՆՎՈՐ: 19-րդ դարում էլ մեր ժողովուրդը, թե Օսմանյան կայսրության, և թե Ռուսական կայսրության ներքո ստիպված էին նաև զենք կրել: Առավել դժվար էր արևմտահայության վիճակը, ու պատահական չէ, որ սկսվեց հայդուկային շարժումը, և խաղաղ հողագործն ու ատաղծագործը, ուսուցիչն ու աշակերտը դարձան հայդուկ՝ պաշտպանելու ժողովրդին: Այսօր մեր դպրոցներում պետք է առավել ներկայացվի հատկապես այդ իրադարձությունների, դրանց կրողների մասին:
Մեծ հայրենականի հերոսների մասին չպետք է մոռանանք: Հաճախ են հնչում համաշխարհային այդ պատերազմին մասնակիցների մասին քննադատական խոսքեր. «...Ում համար էին կռվում» և այլն: Արցախյան գոյամարտում մենք հաղթեցինք, ունեցանք ազատագրված հայրենիք: Հազարավոր քաջորդիների շնորհիվ եղավ այդ ձեռքբերումը: Հազարավոր Մարտիրոս-նահատակներ, որ բռնեցին Անմահության ճամփան: Չմոռանանք նրանց, ցերեկույթներ ու այլ արարողություններ իրականացնենք դպրոցներում, որ հայ մանուկը ճանաչի իր հերոսին: 2016, 2020 թվականների Քռօրյա ու 44-օրյա պատերազմներում, դրանից հետո դարձյալ ունեցանք հազարավոր Մարտիրոս-նահատակներ, հաշմանդամներ: Առավել ցավ է, որ կորցրեցինք նաև Արցախը, հայրենիքի այլ տարածքներ: Արցախ անունը և հայրենիքի այս հատվածի հետ կապված Անմահ հերոսների անունները պետք է՝ որպես անշեջ հուր, անթեղված լինի բոլորիս սրտերում: Չմոռանանք նաև ողջ մնացած հերոսներին: «Հայաստանի Հանրապետություն» թերթի էլեկտրոնային էջերում պարբերաբար կներկայացնենք Հայ հայդուկային շարժման առաջամարտիկների, Մեծ Հայրենականում հերոսացած հայորդիների, ինչպես նաև Արցախյան բոլոր պատերոզմներում ու Հայոց սահմանը պաշտպանելիս Անմահության ճամփան բռնած հերոսների մասին:
Առաջին հայդուկներից Արաբոն
Հայ հայդուկային-ֆիդայական շարժումը հիմնականում ձևավորվեց 19-րդ դարի 80-ական թվականներից և շարունակվեց մինչև 20-րդ դարի առաջին 2 տասնամյակները: Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ. Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ. Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա. Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այդ ժամանակվա առավել հայտնի ֆիդայիններից է Արաբոն՝ Ստեփանոս Մխիթարյանը, ով ուղենիշ դարձավ հայ ազգային ազատագրական շարժման մասնակից բազում այլ ֆիդայիների: Ծնվել է 1863 թ. Արևմտյան Հայաստանում՝ այդ ժամանակ արդեն Օսմանյան կայսրության Էրզրումի վիլայեթի Կուռթեր գյուղում։ Մշո Սուրբ Առաքելոց վանքում շատ հայդուկներ են կրթվել: Նրանց շարքում է նաև Արաբոն: Ժամանակներն ստիպում էին, որ դեռևս պատանի հայրենիքի փրկության համար կյանքը նվիրեին շատերը: Արաբոն իր նման նվիրյալներից կազմել է ինքնապաշտպանական զինված խումբ և դիմակայել հայ բնակչությանն սպառնացող թուրքական իշխանություններին, քրդերին: Նրա խմբում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ Խումբն սկզբնական շրջանում հիմնականում գործել է Սասունում ու Տարոնում:
1882 թ. Արաբոն Բերդակ գյուղում ձերբակալվել է թուրք իշխանությունների կողմից և դատապարտվել 15 տարվա տաժանակիր աշխատանքի: Սակայն կարողացել է փախչել Բիթլիս քաղաքի բանտից ու շարունակել պայքարը հայ ժողովրդին կեղեքողների դեմ: Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը։ 1889 թվականից սկսած՝ բազմիցս այցելել է Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893-ի գարնանը 16 հոգանոց լավ զինված խմբով Արաբոն, Սասունի ապստամբներին օգնելու նպատակով, Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, Խնուսցի Մելքոնը, Մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և Ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում։ Իր սիրելի հերոսին հայ ժողովուրդը երգեր է նվիրել:
ԱՐԱԲՈ
Արաբոն ընկել էր կռվում քաջարի,
Գնա՛նք հայեր, գնանք ընդեմ թուրքերի,
Մարութա լեռների առյուծն էր ընկել,
Վրեժը մեր սրտում գնա՛նք թուրքի դեմ։
Արաբո, Արաբո քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք հայեր գնանք կռվենք թուրքի դեմ։
Արցունքոտ աչքերով կռվում են տղերք,
Շուն թուրքերի սրտում խրում են սրեր,
Ընկավ ազգի հերոս քաջ ֆիդայապետ,
Վրեժը մեր սրտում գնա՛նք թուրքի դեմ։
Մեր Հայոց լեռներում անդորրեր ընկել,
Էլ չի հնչում երգը, հայդուկի պարը,
Ֆիդայու աչքերում արցունք էր ընկել,
Ավա՜ղ, Արաբոյի արյուն էր հեղվել։
Պռոշյանցիները
Արցախյան գոյամարտի տարիներին՝ 1989-94 թվականներին, հազարավոր հայորդիներ զինվորագրվեցին հայրենի Արցախի ազատագրման ու պաշտպանության մարտերին, նորանկախ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը: Այս պատերազմում հաղթեցինք, ու աշխարհը ճանաչեց հային: Ինչ խոսք՝ պատերազմներում շատ են լինում նաև մարդկային կորուստներ: Հազարավոր քաջորդիներ բռնեցին Անմահության ճանապարհը ու դարձան ազգի պարծանքը: Նրանցից է Պռոշյանցի Պետոն՝ Պետրոս Ղևոնդյանը, ով անցավ ռազմական մեծ ճանապարհ ու մարտիրոսվեց 30 տարի առաջ՝ 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Ծնվել է 1964 թ. հունվարի 30-ին ՀԽՍՀ Աշտարակի շրջանի Տեղեր գյուղում: 1981-ին ավարտել է Պռոշյանի միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի թիվ 18 պրոֆտեխուսումնարանում: 1982-84թթ. ծառայել է խորհրդային բանակում (Բլագովեշենսկ քաղաքում): Զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 1988թ. սկսված Արցախյան շարժումը նաև շատ ուսանողների ոտքի հանեց: երբ պարզ դարձավ՝ միայն զենքով է լինելու Արցախի ազատագրումը, նույն ուսանողներից ևս մտան կազմվավորվող մարտական ջոկատների մեջ ու դարձան զինվոր: Պետոն էլ
1989 թվականից արդեն զինվոր էր և մասնակից ՀՀ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը, այնուհետև նրա մարտական ուղին անցավ Արցախի Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջաններում: Մեծ գործ է կատարել հատկապես Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությաններում: 1992թ. նոյեմբերի 1-ին կազմավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը, որի հրամանատարի տեղակալ նշանակվեց Պետոն: 1993թ. հունվարին Սրխավենդում նա ԻԳԼԱ-ով խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին: 1994թ. փետրվարի 14-ին Պետոն ընկերների հետ իջել էր Օմարի լեռներից: Այդ օրը Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղի մոտ մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենան առաջ չէր շարժվել. թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն, գիտակցելով՝ հնարավոր է լինի պայթյուն, այնուամենայնիվ չէր կարող երիտասարդ զինվորին թողնել անօգնական և ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին, դուրս բերում վիրավոր զինվորին: Սակայն տեղի է ունենում սպասված պայթյունը, և զոհվում է հրամանատար Պետոն՝ դառնալով հերոսացման մարմնացում: Վիրավոր զինվորն ստեփանակերտցի Արմեն Մարտիրոսյանն էր, ով երկար տարիներ, մինչև 2023թ. աշխատում էր զինղեկ Ստեփանակերտի դպրոցներում: Նա իր որդուն անվանակոչել է Պետրոս: Պետրոս Ղևոնդյանի անունն էին կրում Արցախի նոր Շահումյանի(Քարվաճառի) Եղեգնուտ գյուղի և հարազատ Պռոշյանի դպրոցները: 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցում կայացավ մեծ միջոցառում, և կրթօջախն անվանակոչվեց Պետրոս Ղևոնդյանի անվամբ։ 2007թ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացվել: 1994 թ. լույս է տեսել Համլետ Գևորգյանի «Պետոն» գիրքը: 1996թ. Պետոյին հետմահու շնորհվել է ԼՂՀ ՊԲ մայորի կոչում: 2001 թ. Պետրոս Ղևոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշաններով:Նրա անունով երգ նույնպես կա․
Գնաց Պետոն. մեծ երամին
Մի նոր արծիւ միացավ,
Փա՜ռք քեզ, Պետո, Փա՜ռք երամիդ.
Հայոց սրտերն դառնացան։
Պռոշյան գյուղի Զորաց զինվորական պանթեոնը, որտեղ հուղարկավորված է Պետոն և գյուղից Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մոտ 30 քաջորդիներ, յուրահատուկ սրբավայր է դարձել:
Կարոտին կարոտ մնացինք
Մռով լեռան լանջին սեւ ամպեր պատեց,
Արցախ գավառ յուր որդիներին կանչեց,
Նրանց թվում գնաց կռվի դաշտ արնոտ
Դաշնակցական խենթն էր, անունը՝ Կարոտ:
Պետոյի մարտական ընկերներից էր Արցախյան գոյամարտի առաջին շրջանում Ջամբազի արծիվ մարտական անունն ստացած Կարոտ Հովհաննեսի Մկրտչյանը: Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, «ԼՂՀ մարտական խաչ 1 աստիճանի շքանշան, ՀՀ Մարտական խաչ երկրորդ» աստիճանի շքանշանի ասպետ Կարոտի հուշարձանը կանգուն ՝ Պռոշյան գյուղի մշակույթի պալատի մոտ: 1992 թվականից մինչ օրս անհայտ ճակատագրի արժանացած հերոսը ծնվել է 1964 թ. փետրվարի 19-ին Սիրիայում։ 1965թ. դեկտեմբերի 22-ին նրանց 4 զավակ ունեցող ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Կարոտը հասակ է առել Պռոշյան գյուղում։ Պատանի հասակում զբաղվել է ըմբշամարտով։ Պռոշյանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ: Առաջին կուրսն ավարտելուց հետո, զորակոչվում է խորհրդային միության բանակ:
1985թ. բանակից վերադարձել է բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով: 1989թ. ավարտել է ուսումը՝ ստանալով ինժեներ - մեխանիկի որակավորում: Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին։ 1989-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը։ 1990 թ. աշնանը Կարոտի խումբը, Նոյեմբերյան-Շամշադին գծից վերադառնալով, մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը։ Զենք-զինամթերքի հայթայթումից զատ, Կարոտն իր ընկերների՝ Պետոյի և Հրաչի հետ միասին, շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կարճ ժամանակում տեղացի ուժերից ստեղծում էր նոր մարտական խմբեր, սովորեցնում նրանց զենքի ու մարտարվեստի նրբությունները։ 1991 թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ ԹաթուլԿրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին։ Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր՝ համալրելու Սիմոն Աչիգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը։ Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ 1991 թ. ապրիլի 30-ին «Օղակ» 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի համագործակցությամբ Կարոտի առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ։ 1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար։ Կարոտի խումբը մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, ինչպես նաև Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։
1992թ. մայիսի սկզբին Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության և անձամբ Շահեն Մեղրյանի պահանջով Պռոշյանի ջոկատը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից ստանում է զենք ու հրաման և ուղղաթիռով Կարոտի և Պետոյի հրամանատարությամբ մեկնում Շահումյան։ Տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում են Բուզլուխի պաշտպանությունը։ Չնայած Կարոտը շատ էր ցանկանում մասնակցել Շուշիի ազատագրման մարտերին, բայց ասում էր. «Տարբերություն չկա, թող մեր ընկերներն ազատագրեն Շուշին, իսկ մենք` Գետաշենն ու Մարտունաշենը։ Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա»։ Պռոշյանցի մարտիկները դիրքեր են գրավում Ջամբազի լեռնագագաթի 29-րդ հենակետում, որտեղ էլ Կարոտն ստացավ Արծիվ անունը։ Մի քանի օր անց նրանց են միանում Նոր Երզնկայի տղերքը՝ Սարո Փամբուխչյանի գլխավորությամբ։ Շուշիի և Լաչինի գործողություններից հետո Բուզլուխ են գալիս նաև բուժականցիներ Մուրադը, Պավլիկը, Ազատն ու Ֆելիքսը, բաղրամյանցի Մանվելը։ Նույն օրերին նաիրցիների հարևանությամբ Ջամբազի 25-րդ հենակետում է հաստատվում Սասուն Սիմոնյանի գլխավորած ալավերդցիների խումբը։ Ընդհանուր հրամանատարը Կարոտն էր։ Հունիսի 13-ին ազերիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի և զրահատեխնիկայի դեմ մղած անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար։ Կարոտը, գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, վճռում է բարձրանալ իրենց նախկին դիրքերը, և մինչ օրս անհայտ է նրա ճակատագիրը: «Կարոտն ու Պետոն իրար լրացնում էին: Նրանք ասես մեկ միասնականություն էին: Նրանց իրարից անջատել հնարավոր չէր. նույն ձև էին մտածում, նույն ձև էին գործում: Դա միայն իմ կարծիքը չէ: Այդպես են մտածում բոլոր նրանք, ովքեր ճանաչել են նրանց»,-ասել է նրանց մարտական ու գաղափարական ընկեր Արմեն Գալստյանը: 2020թ. սեպտեմբերին նոր պատերազմ եղավ։ Ու ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակը համալրված էր հիմնականում պռոշյանցի կամավորականներով։ Պարտերազմի առաջին օրերից կամավորականներն արդեն Արցախում էին և մարտնչում էին Մատաղիսի հատվածում։
Հոկտեմբերի 6-7-ին տեղի ունեցած ծանր մարտերում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների և բանակի հրամանատարության ներքո գործող «Կամավորական շարժում» ՀԿ վաշտերի համատեղ գործողություններով կասեցվել է թշնամու առաջխաղացումը հյուսիսային հատվածում և կայունացվել ռազմաճակատի գիծը: Հետագայում հակահարձակման արդյունքում վերադարձվել է Վարանգաթաղ բարձունքը։ Այն մերն էր հոկտեմբերի 7-ին, սակայն շատ թանկ գնով: Այս Հերոսամարտի ընթացքում հայ կամավորականն իր կյանքի գնով պահեց հայրենի երկրի սահմանը, և թշնամին չկարողացավ մտնել Մարտակերտ, Տոնաշեն։ «Կամավորական շարժում» ՀԿ (նախագահ՝ Հրանտ Մարգարյան) գումարտակից այս մարտում նահատակվել են 28 քաջորդի, որից 20-ը՝ 2-րդ վաշտի առաջին դասակից։ 17 անմահ քաջեր Պռոշյանից էին ու այսօր ննջում են հայրենի գյուղի Զորաց պանթեոնում։ Եվ նրանց անունները պետք է հիշենք. Երվանդ Սահակի Թադեւոսյան՝ 08. 03. 1974 թ., Մանուկ Գագիկի Թորոսյան՝ 01. 09. 1958 թ., Կարեն Համբարձումի Բադալյան՝ 20. 02. 1992 թ., Արայիկ Աբրահամի Մկրտչյան՝ 06. 07. 1967 թ., Արշակ Տիգրանի Մելիքյան՝ 27. 01. 1987 թ., Ալբերտ Արտեմի Խառատյան՝ 03. 09. 1995 թ. , Մանուկ Վրեժի Մարգարյան՝ 10. 08. 1985 թ., Սուրեն Վլադիմիրի Հովսեփյան՝ 17. 06. 1979 թ., Վիգեն Իսրայելի Մուրադյան՝ 22. 05. 1995 թ., Հովհաննես Անդրանիկի Պետրոսյան՝ 25. 09. 1996 թ., Նարեկ Մեսրոպի Սահակյան՝ 01. 07. 1994 թ., Արման Արսենի Խաչատրյան՝ 01. 01. 1993 թ., Գոռ Դավթի Սարգսյան՝ 02. 02. 1985 թ., Ալբերտ Յուրիկի Մկրտչյան՝ 22. 12. 1979 թ., Գեւորգ Իսկանդիոսի Հադջյան՝ 11. 06. 1971 թ., Դանիել Հակոբի Թովմասյան՝ ծնվ. Սիրիա, 14. 02. 1963 թ., Տավրոս Մխիթարի Աբրահամյան՝ 27. 03. 1994 թ։ Նույն դասակից էին նաեւ անմահ հերոսներ Սուրեն Վլադիմիրի Վանցյանը՝ Երեւանից, 19. 02. 1996 թ., Քրիստափոր Անդրանիկի Արթինը՝ ծնվ. Բեյրութում, 16. 01. 1972 թ. (հուղարկավորված է Եռաբլուրում) եւ Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը՝ Թալինի տարածաշրջանի Արտենի գյուղից, 12. 05. 1993 թ.։
Շարունակելի