Այսօր էլ Զորավար Անդրանիկի «թռիչքի» կարիքն ունենք
/փետրվարի 25-ը հերոսի ծննդյան օրն էր/
Անուններ կան, որ ազգի առջև ծառացած դժվարին ժամանակներում ճեղքում են արգելքի ցածրորեն կառուցված ցանկացած «հաստաբեստ» պատ ու ժողովրդին ներկայանում նոր լույսի տակ, շողում-շողշողում որպես հույսի ու հավատի ապավեն-խորհրդանիշ: Այդպիսին է հայ ժողովրդի մեծանուն զավակ, հայ և բուլղար ժողովուրդների ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ զորավար Անդրանիկ Օզանյանի անունը, որին ժողովուրդը անսահման սիրով պարզապես Անդրանիկ փաշա /զորավար/ է անվանում: Փետրվարի 25-ին՝ իր ծննդյան 159-ամյակի օրը, նա՝ ժողովրդի սիրելին ու պաշտելին, նրա պաշտպանը, ով գեղջուկին սովորեցրեց կռվել և հաղթել, դարձյալ վերադարձավ հայրենիք, որտեղից ...երբեք չէր էլ հեռացել:
Մեծն զորավարի ծննդյան օրը դարձյալ մարդաշատ էր Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում վեր խոյացող, մեր երկրում Զորավարի առաջին բրոնզաձույլ 8-մետրանոց արձանի առջև: Հուշակոթողի բացումից հետո արդեն շատ տարիներ այն ուխտատեղի է դարձել երախտագետ լոռեցիների համար: Չնայած սրբազան տոնը պետականորեն չկազմակերպելու հանգամանքին / չկամություն/, ամեն տարի զորավարին մարմնավորող հուշարձանին իրենց ինքնաբուխ խոնարհումն են բերում անդրանիկասեր հայորդիները՝ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, զինվորականներ, հկ-ների, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամներ, հյուրեր արտերկրից, Երեւանից եւ այլ համայնքներից: Այդ բոլոր տարիներին տոնը տոն դարձնելուն միտված խնդիրների լուծումը եղել են Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի /նախագահ՝Վանաձորի պատվավոր քաղաքացի Նորայր Զուլոյան/ և Երկրապահ կամավորականների Լոռու մարզային միության /նախագահ՝ գնդապետ Կամո Հովհաննիսյան/ հոգատար հոգածության ներքո: Այս տարի ևս բացառություն չէր:
Ողջույնի և օրհնության խոսք ասելու համար շնորհալի տոնավար, «Երջանիկ տարեցներ» մշակութային կազմակերպության նախագահ Աշոտ Դալլաքյանը ձայնասփյուռի մոտ հրավիրեց Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին: Առաջնորդը հիշեցրեց, որ դեռ զորավարի կենդանության օրոք ժողովուրդը նրան կենդանի լեգենդ է համարել , պատմություններ պատմել, երգեր հյուսել: Դրանցից մեկում զորավարին համեմատել են երկնքում սավառնող արծվի հետ: «Այսօր էլ մենք այդ թռիչքի կարոտն ունենք,-շարունակեց Գերաշնորհը,- թռիչք, որ խորհրդանշում է հայրենասիրություն: Եվ դա՝ նաև հերոս հասկացությունը գլխիվայր շրջված մեր օրերում»: Նա մաղթեց, որ այդ արծիվները մեզ իջնեն խորհրդանշայնորեն , և որքան թերի, կիսատ ցանկություններ է ունեցել զորավարը՝ ի կատար ածեն այսօրվա Հայ մարդը:
Զորավարի մեծագործությունների մասին ամեն տարի նոր փաստական տվյալներ է ներկայացնում գրող, հրապարակախոս, անդրանիկագետ,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը: Դրանք շատերին անծանոթ կամ քիչ ծանոթ են, որոնք գալիս-լրացնում են քաջ անպարտելի հրամանատարի դիմանկարը: Այս անգամ էլ նա հետաքրքիր դրվագներ ներկայացրեց զորավարի կյանքից, նաև համոզիչ փաստերով փարատեց եղած այն կասկածները, թե ինչու ամենահաս հրամանատարը չմասնակցեց Ղարաքիլիսայի ճակատամարտին բախտորոշ 1918թ., մայիսին…:
Ներկաներն ուշի- ուշով ունկնդրեցին նաև Զորավարի հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու, Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արման Բեռնեցյանին, ով փաստարկված գնահատականներով արժեւորեց աննկուն Զորավարի գործունեությունը, ունեցած վիթխարի դերն ու նշանակությունը հայոց պատմության դժվարին ու ծանր ժամանակահատվածներում:
Զորավար Անդրանիկի զինվոր Մելքոն պապից իրեն հասած հուշերից ակնածանքով ներկայացրեց մանկավարժ Գոհար Սիրունյանը: Ամեն միջոցառման զարդարանքն են գեղարվեստական, մարզամշակութային տարրը: «ՈՄԱ-Վանաձոր» (Ողջ մնալու արվեստ) ՌՀՀԿ-ի /նախագահ՝ Լիպարիտ Դալլաքյան/, գնդապետ Վաչագան Կռոյանի գլխավորած պատանի ԵԿՄ-ականների, կապիտան Արման Երանոսյանի և գնդերեց Սեյրան Վահրադյանի գլխավորած հետախույզների Փամբակի վաշտի (հրամանատար՝ գնդապետ Արագած Մարտիրոսյան) մարտիկների ելույթները, Աշոտ Դալլաքայանի կատարմամբ հնչած աշուղ Դվալի Մկրտիչի «Ձոն Անդրանիկին» երգի հիանալի կատարումը իրենց լուման ունեցան Զորավարի ծննդյան օրը արժանավայել նշելու գործում:
Անդրանիկ զորավարի ծննդյան տոնը մեզ համար ևս մի առիթ է լրջմիտ խորհելու կարևորագույն խնդիրների մասին: Այսօր մեծարել Անդրանիկի, Նժդեհի, մեր հազարավոր հերոսների գործը, հարգել հիշատակը, նշանակում է ոչ միայն երգել նրանց մասին, արձաններ կառուցել, փողոցներ ու դպրոցներ կոչել նրանց թանկ անուններով, այլև ամենից առաջ ամրապնդել համազգային համերաշխության նրանց ցանկություններն ու հավատը: Այդ համերաշխությունն այսօր կարծես պակասում է մեզանում: Եթե կա, ապա՝ ոնց որ թե միայն ցանկություն, իբրև զգացմունք: Բայց չէ՞ որ համերաշխությունը պիտի դառնա նաև գործող մեխանիզմ, սթափ ծրագիր, համազգային աշխատանքի բաժանում և ամենօրյա տքնաջան, սևագործ աշխատանք՝ իփառս հայրենյաց, ի կատարումն Մեծն Զորավարի «ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ԳՈՐԾԵՐԻ»: