Image

Վարդան Հակոբյանի հիշատակին

2023թ․ փետրվարի 28-ին շրջափակման մեջ գտնվող ու օրհասական վիճակում գտնվող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վախճանվեց անվանի գրող և հասարակական գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հիմնադիր ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր(1998),, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2005), Արցախի պետական օրհներգի հեղինակ Վարդան Հակոբյանը:

Արդեն հայաթափ է ողջ Արցախը, և Վարդան Հակոբյանի մահվան 1-ամյա տարելիցին փետրվարի 29-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կայացավ հուշ-ցերեկույթ: Ներկա էին արցախցի գրողներ, Վ. Հակոբյանի հարազատներ, մշակույթի գործիչներ, հյուրեր: Արցախցի գրողների նախաձեռնությամբ, Աետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ու «Լուսարար» կրթամշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ է կազմակերպվել այսօրվա միջոցառումը՝  ի հարգանք տաղանդավոր գրչընկերոջ և գիտամշակութային անխոնջ գործչի հիշատակի»: Ելույթներով հանդես եկան Վ. Հակոբյանի գրչակից ընկերները՝ հուշեր պատմելով նրա մասին: Իր զեկույցում գրող, գրականագետ, Վարդան Հակոբյանի գրչընկեր, Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, խոսելով Վ. Հակոբյանի մասին կարևորեց նրա դերն Արցախի և գրական ու մշակութային, և կրթական համակարգի և հասարակական ու քաղաքական կյանքում: Հակիրճ ներկայացրեց նաև գրչընկերոջ կենսագրությունը: Վ. Հակոբյանը ծնվել է 1948թ․ մայիսի 28-ին Արցախի Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղում։ Սկզբնական կրթություն ստացել է հարազատ գյուղի դպրոցում: 1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983 թթ. աշխատել է ԼՂԻՄ նարզային «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում։ 1976-1983 թթ. եղել է գլխավոր խմբագրի տեղակալը։ 1983-1991 թթ.՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991 թ.՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ 1982 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը և Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնները բեմադրել են Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։ Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Խոսելով Վ. Հակոբյանի մասին՝ որպես քաղաքական գործիչ, Կ. Գաբրիելյանը հուշեր պատմեց 1988թ. Արցախյան շարժման առաջին օրերի մասին՝ ինչպես է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում իր ելույթում Վ. Հակոբյանը դուրս հրավիրել Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ք.Բաղիրովին ու նրա հետ գտնվողներին, ովքեր փորձել են խանգարել նիստը:

 Ընթացքում ելույթ ունեցան բանաստեղծ, լրագրող, բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ Դավիթ Միքայելյանը, ով 5 տասնամյակ և ավելի աշխատել է Վարդան Հակոբյանի հետ, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը՝ գրական անունը՝ Մարտիրոս Ոբնեցին, գրականագետ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի« համալսարանի դոցենտ Ամալյա Գրիգորյանը: Բոլորն էլ կարևորեցին Վ. Հակոբյանի դերն Արցախի կրթամշակութային, քաղաքական ու հասարակական կյանքում: Վարդան Հակոբյանի «Կատուն» պոեմն արտասանեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը: Նույն թատրոնի դերասանուհ Ռուզան Գասպարյանը նույնպես սիրով ներկայացրեց Վ. Հակոբյանին և արտասանեց նրա բանաստեղծություններից՝ նաև Արցախի բարբառով: Իսկ դերասան Սամվել  Եվրիկյանը, ով նաև Վարդանի մտերիմներից է, արտասանեց նրա հրաշալի գործերից մեկը՝ «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին»: Հուշ-ցերեկույթն ավարտվեց Արցախի օրհներգի կատարումով: Ներկաները հույս հայտնեցին, որ Արցախում կրկին իր տերն է բնակվելու:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։