Աստծո մարդ էր նա
<<Կանցնեն դարեր, բայց երբեք չի մոռացվի Հայոց ցեղասպանությունը: Թեպետ արդեն չորս սերունդ է փոխվել Թուրքիայում, սակայն նրանք շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Պետք է քայլեր կատարել երկու ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ: Ցավոք, այսօր Սիրիայում եւ այլ վայրերում շարունակվում են ողբերգական դեպքերը, որոնք 100 տարի առաջ տեղի են ունեցել հայերի հետ: Մեզ համար եւ ձեզ համար սուրբ գործ է կանխարգելել դրանք…>>
Նիկոլայ Ռիժկով
Կյանքից հեռացավ մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ իր անունն ու գործը անմահացրած այլազգի եւս մեկ անհատականություն: Նա ապրեց բավականին երկար, գրեթե մեկ դար` 95 տարի: Երկար ապրեց, քանզի էությամբ Աստծո մարդ էր. մարդկայնության, խղճի ու գործի մարմնացում: Նվիրյալ էր ու կարեկից մարդկային ցավին: Աշխարհասփյուռ մեր ժողովուրդը դրանում համոզվեց իր ճակատագրի հերթական պատուհասի` 1988- դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի առաջին իսկ օրերին եւ դրանից հետո, երբ Հայոց հողը տեւականորեն տնքում էր անփարատ ցավից:
<< Երբ 10 բալանոց երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը, ես այնտեղ գնացի երեք օրով, բայց մնացի երկու ամիս>>, - այսպես էր վերհիշելու այն օրերին ԽՍՀՄ հզոր պետության Մինիստրների Խորհրդի նախագահը, որ նշանակվել էր աշխարհը ցնցած երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համակարգելու, աղետյալներին օգնություն ցույց տալու համար ստեղծված համամիութենական հանձնաժողովի ղեկավար: Եւ արեց հնարավորինը: Արեց որպես հարազատ ու արյունակից, դեղ դրեց ու սպեղանի վիրավոր մեր երկրի սրտին ու դարձավ նաեւ մերը` որպես զավակ ու նվիրական անուն: Ու բնավ էլ պատահական չէր, որ հայկական ծագում չունեցող միակ գործիչը, Հայաստանի անկախացումից հետո, 2008 թվականին արժանացավ Հայաստանի Հանրապետության բարձրագույն` Հայաստանի Ազգային հերոսի կոչման.
<< Հպարտ եմ,- ասելու էր հետո,- որ հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին եղել եմ նրա կողքին եւ շատ զգացված եմ, որ իմ աշխատանքը նման գնահատանքի է արժանացել:>>
Բայց արդյո՞ք կանցներ նրա մտքով, որ երախտագետ հայ ժողովրդի անջնջելի հուշամատյանում իր անունն էլ է ոսկետառվելու` ինչպես Ֆրանց Վերֆելինը, Արմին Վեգներինը, Հենրի Մորգենթաուինը, Ֆրիտյոֆ Նանսենինը` մեզ համար անմեռ եւ խնկելի մարդկանց, ովքեր դատապարտեցին Հայող մեծ եղեռնը, եղեռնագործներին, կարեկից եղան մեր ճակատագրին, օգնության ձեռք մեկնեցին աշխարհասփյուռ ու մազապուրծ հայ որբուկներին, մեր արյունակիցներին`որպես մարդասիրության առաքյալներ:
Այսուհետ նրանց շարքի լուսապսակում է նաեւ երկրային կյանքին հրաժեշտ տված քաղաքական խոհուն ու խորագետ գործիչն ու մեր ժողովրդի համար հարազատ զավակ դարձած Նիկոլայ ՌԻԺԿՈՎԸ, ում մահվան լուրը ցավագնորեն ալիքվեց ու անցավ յուրաքանչյուրիս սրտով… Մեր ողջ ժողովրդի սրտով:
Աստվածային լույսերի մեջ թող խաղաղվի մեծ մարդասերի նրա անհանգիստ հոգին: Իսկ նրա կիսանդրին Սպիտակ քաղաքում, Երեւանում, դիմաքանդակը` Լենինական – Գյումրիում այսուհետ թող ուխտատեղի դառնան մեզ` հայերիս համար` այսօր, վաղը, առմիշտ…
Գոմցյան Արարատ Դվինի
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժ, դիվանագետ, Շիրակի մարզի առաջին մարզպետ
Մուրադյան Նորիկ Գրիգորի
ՀԽՍՀ Սպիտակի Շրջկոմի նախկին առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժող. պատգամավոր, տնտ. գիտ. դոկտոր
Սարգսյան Լյուդվիգ Հայրիկովիչ
ՆԳ գնդապետ, Սպիտակի երկրաշարժի աղետյալ
Ղարագյոզյան Արթուր Արամայիսի
<<Միջազգային հարաբերություններ>> հանդեսի հիմնադիր, <<ՀայՓաստ>> վավերագրական ֆիլմերի ստուդիայի ղեկավար