Սպարապետի ծննդյան 65 ամյակի օրը
Մարտի 5-ին լրացավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65 ամյակը։ Այդ առթիվ Արմավիրում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում կայացավ բացօթյա միջոցառում՝ սաների մասնակցությամբ։ Ներկա էին վարժարանի հիմնադիր և երկար տարիների տնօրեն, արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ներկայիս տնօրեն Լենդրուշ Ղումաշյանը, ուսուցիչներ, ծնողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։ Միջոցառմանը ներկա եղավ նաև Արցախից Իվանյան բնակավայրի բնակիչ տարեց տատիկը՝ Շուշաննա Խաչատրյանը, ով չէր կարողանում զսպել դառնության արցունքները, և ում բոլորն էլ անհամբեր էին սպասում։
Օրվա հետ կապված՝ վարժարանի սաներին տրվել էր ազատ օր: Վարժարանի բակ-այգին ձևավորված էր արցախյան խորհուրդներով: Վազգեն Սարգսյանի ռազմական կյանքը կապված է հենց Արցախի հետ: Վարժարանի ուսուցչուհիները ժենգյալով հաց էին պատրաստում, թոնրում ղափամա, գաթա էին թխում: Տարեց կանանց օգնում էին վարժարանի սաները: Հանդիսավոր մասն սկսվեց զինվորական քայլերթով: Սաները շարվեցին ըստ վաշտերի՝ հրամանատարների գլխավորությամբ։ Վարժարանի տնօրենը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Սպարապետի ծննդյան 65 ամյակի առթիվ: Միջոցառումը վարողը ներկաներին տեղեկացրեց՝ օրեր առաջ են նշել իր տեսակով եզակի ուսումնական հաստատություն-վարժարանի հիմնադրման օրը: Հավելեց՝ Վազգեն Սարգսյանը հիմք դրեց Հայոց բանակի, առանց որի չկա պետություն: Իսկ Տիգրան Մեծի անվան վարժարանի սաները Հայոց բանակի վաղվա սպաներն են ու զինվորը: Այնուհետև վարժարանի սաները ներկայացրեցին Վազգեն Սարգսյանին: Փոքր հատված-ներկայացումով ներկաները հիշեցին Սպարապետի տված հարցազրույցը լրագրողներին, ովքեր հիմնականում արտերկրից էին: Սպարապետի դերում վարժարանի 10-րդ դասարանի սան Արթուր Խաչատրյանն էր՝ Արագածոտնի մարզի Մելիք գյուղից։ Հետագայում էլ շարունակելու է ռազմական կրթությունը՝ Հայոց բանակում ծառայելու նպատակով: Ընթացքում սաները ներկայացրեցին նաև ֆուտբոլիստ-գրող-զինվոր Սպարապետի կենսագրությունը, նրա բնավորությունը, սիրելի զբաղմունքը: Բեմականացումն ավարտվեց Վազգենի և իր հետ նստած մարտական ընկերների կատարած հայտնի երգով՝ նվիրված Մեծն Նժդեհին:
Արազ ափին, ծնված ընկեր,
Քո Արազին ես, մատաղ,
Մութ բանտերում, տանջված ընկեր,
Սուրբ տանջաքիդ ես մատաղ։
Հուռա՛-հուռա՜, հուռա՛-հուռա՜,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա...
Սպարապետի 65 ամյակին նվիրված ցերեկույթին ներկա էին նաև արդեն 3 տարվա պատմություն ունեցող «Տիկնայք Մեծն տան Հայոց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ հիմնադիր-նախագահ Սուսաննա Կիրակոսյանի ղեկավարությամբ: Իր ողջույնի խոսքում Ս. Կիրակոսյանը բարձր գնահատեց Տիգրան Մեծի անվան վարժարանի դերը, շնորհակալություն հայտնեց սաներին, որ պատրաստ են դառնալ հայրենիքի պաշտպան, ինչպես Սպարապետն էր, իրենց կրթօջախի հիմնադիր-տնօրենը, բազում այլ հերոսներ: Կարևորեց նաև ուսուցիչների դերը, ովքեր լավ կրթություն ու դաստիարակություն են տալիս ՀՀ տարբեր վայրերից, նաև Արցախից այստեղ սովորող երեխաներին։ Այնուհետև իր ղեկավարած կառույցի կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց վարժարանի սաներին, ուսուցիչներին: Առավել կարևորելով վարժարանի հիմնադիր-տնօրենի դերը՝ Ս. Կիրակոսյանը, հանձնելով շնորհակալագիրը Կորյուն Ղումաշյանին, հայտնեց շնորհակալություն կատարած աշխատանքի, նվիրումի և միմյանց հետ համագործակցելու համար; Պատմաբան, պ.գ.թ. Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ Անժելա Տերյանն իր ողջույնի խոսքում նույնպես կարևորեց վարժարանի դերը, անդրադարձավ հայ ռազմիկի դերին՝ սկսած վաղ շրջանից: Վարժարանին նվիրեց իր հեղինակած «Հնագույն պատմական վկայությունները հայ ռազմիկի մասին» գիրքը: Ներկաներին ողջունեց ու վարժարանի անձնակազմին բարին մաղթեց գրող Ռուզաննա Ասատրյանը և նվիրեց Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» գիրքը՝ ասելով նոր է բացելու, և առաջինը նվեր ստացավ վարժարանը: Վազգեն Սարգսյանի մասին փոքր հուշ պատմեց նաև տողերիս հեղինակը՝ հիշելով 1990թ. նոյեմբերի վերջերին Արցախի Բերդաձորի ենթաշրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունները: Հին Շեն գյուղի պաշտպանության ժամանակ մեր կողմից զոհվեցին նույն գյուղի բնակիչ Սամվել Խաչատրյանը և երևանցի հատուկջոկատային Վաղինակ Զաքարյանը: Հաջորդ օրը Բերդաձոր եկավ Սպարապետը: Ուղղաթիռով գալիս էինք Երևան: Գորիսի օդանավակայան իջավ ուղղաթիռը, որով բերում էինք նաև զոհվածին: Վ. Սարգսյանը մեզ կարգադրեց՝ փոխենք տրամադրություններս, քանի որ ուղաթիռ պետք է բերեին ծանր վիարվոր զինվորի, ով չպետք է իմանար զոհի մասին: Հանդիսավոր մասից հետո վարժարանի բակ-այգում, որտեղ կանգուն է Արմավիրի տարածաշրջանից Արցախյան գոյամարտում 1989թ․ դեկտեմբերի 8-ին նահատակված առաջին ազատամարտիկ Նորայր Հարությունյանի կիսանդրին/ծնվ․ 1961թ․/, եղավ արդեն մշակութային մաս: Ռազմահայրենասիրական երգերի կատարումով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Վարժարանի ազգագրական պարերի ուսուցիչ Տիգրան Մկրտչյանի գլխավորությամբ ռազմական ու ազգագրական պարերով հանդես եկան վարժարանի սաները, նրանց էին միանում ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Եղավ նաև պատրաստված ուտեստների վայելում: Նշվեց՝ Վ. Սարգսյանը սիրում էր իր ծննդյան օրն անցկացնել բնության գրկում՝ վայելելով հատկապես խաշած հավկիթ ու թարխուն: Սեղանին նաև այդ ուտեստներն էին: Այգում նաև ցուցադրված էին աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի, նրա թոռնուհու և ծոռների միկրոքանդակները՝ «Պապ-թոռ-ծոռներ» խորագրով։ Թոռնուհին՝ Սիլվա Տեր-Ղազարյանը, ով ներկայացնում էր իրենց գործերը, ասաց՝ սերնդեսերունդ պահպանելու նպատակով են գործում:
Ընթացքում զրուցեցի վարժարանի սաների հետ, որոնց շարքերում նաև շատ են աղջիկները: Ագնեսա Մանուկյանը Գավառից է: Ասաց՝ մայրը, քեռին, հորեղբայրը, այլ հարազատներ նույնպես զինվորական են: Շարունակելու է նրանց գործը: Իսկ վարժարանում մի ընտանիքի նման են, և ինքը որոշել է լինել եղբայրների կողքին ու դառնալ հայրենիքի պաշտպան: Հովհաննես Բաբլոյանն Աշտարակից է. շարունակելու է կյանքը որպես զինվորական: Արզնիից է եկել Անուշ Հունանյանը, արդեն ունի եղբայրներ ու քույրեր այստեղ: Շարունակելու է ուսումը ռազմական բուհում: Արմավիրցի Տաթև Սարդարյանը որոշել է դառնալ իրավաբան, բայց ռազմական գծով: Վարժարանի փոխտնօրեն Գարիկ Մելիքյանը, ում հրավերով էի այստեղ, երկար տարիներ բնակվում էր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, հիմնականում զբաղված էր մատաղ սերնդի հետ՝ ռազմամարզահայրենասիրական ճամբարներ կազմակերպելով և այլ միջոցառումներով։ Քաշաթաղի շրջանում միասին շատ արշավներ ենք կազմակերպել, մշակութային ու ինտելեկտուալ մրցույթներ, խաղեր: Այժմ աշխատում է այստեղ՝ շարունակելով իր գործը: Տեղեկացրեց՝ վարժարանի սաների շարքում նաև քաշաթաղցիներ կան: Մելոյան Նարեկին ճանաչում էի դեռ Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղից: Նրանց 6 երեխա ունեցող ընտանիքն այժմ բնակվում է Չարենցավանում, ինքն էլ սովորում է վարժարանում: Հիշեցինք այն երանելի օրերը, երբ այցելում էի Այգեկ, հանդիպում էինք: Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքից է վարժարանի 12-րդ դասարանի սան Անժելա Յոլչյանը: Հայրը՝ Էդուարդը, զինվորական էր, ազատամարտիկ, վախճանվել է: Իրենց 4 երեխաներով ընտանիքն այժմ Այնթապում է բնակվում: Մինչ 44-օրյա պատերազմը, բնակվում էին Որոտանում, հաճախում էր հարևան Հայկազյան համայնքի Հայկազ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, որի համար նոր շենք էր կառուցվել։ Դեռ չի որոշել ավարտելուց հետո ինչ է անելու: Երևանի Էրեբունի վարչական շրջանից է Վահագն Ղավուսյանը՝ ժպտերես ու ակտիվ տղա: Հարցիս՝ շարունակելու է ռազմական կրթություն ստանալ, ասաց. «Շարունակելու եմ, մինչև դառնամ Վազգեն Սարգսյան»: Գավառից Բագրատ Կարապետյանին հիշում եմ՝ Աբովյան քաղաքի մոտակայքում հաճախ գործող ռազմամարզական վրանային ճամբարից: Ասաց՝ մի օր էլ ինքը՝ որպես բարձրաստիճան զինվորական, կայցելի հարազատ կրթօջախ: Բոլորն էլ գոհ են վարժարանի պայմաններից, սիրում են իրենց տնօրենին, ուսուցիչներին, զինվորական հրահանգիչներին: Վարժարան էր այցելել նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս գյուղի բնակիչ Ժիրայր Մասկարյանը՝ թոռան հետ: Ասաց՝ համագործակցելու նպատակով է այստեղ՝ Կ. Ղումաշյանի հրավերով: Տոնական միջոցառումը եզրափակվեց մի կարևոր իրադարձությամբ: Կ. Ղումաշյանի կողմից արտադրած հերթական ռոբոտ-սարքը, որ Սպարապետի ծննդյան օրվա առթիվ անվանակոչվեց «Վազգեն Սարգսյան» ուղարկվեց սահման: Այն մարտական դիրքում փոխարինում է զինվորին, ով ավելի ապահով վայրից հսկում և կառավարում է ռոբոտը։
Զրուցեցի վարժարանի տնօրեն Լ. Ղումաշյանի հետ: տեղեկացրեց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթօջախը տնօրինում է 2021 թվականից՝ փոխարինելով հորը, ով վարժարանը հիմնել է 1995 թվականից: Այժմ վարժարանում սովորում են մոտ 120 սան՝ 8-12-րդ դասարաններում: Բոլորը, անկախ բնակության վայրից, բնակվում են վարժարանի տարածքում՝ ապահովված բնակելի պայմաններով, սննդով, համազգեստով, և ամենակարևորը՝ հայեցի դաստիարակությամբ և ուսումով։ Սաների նկատմամբ ցուցաբերվում է ծնողական վերաբերմունք տնօրենության ու մանկավարժների կողմից։ Բացի հանրակրթական ծրագրից, վարժարանի սաները սովորում են նաև ազգային պար, ծրագրավորում, թուրքերեն, ավիոմոդելների պատրաստում։ Նշեց՝ իրենց շրջանավարտների մեծ մասը՝ 60-80 %-ը շարունակում է ռազմական կրթությունը: Այսօր Հայոց բանակում իրենց շրջանավարտներից շատ կան: Ցավով տեղեկացրեց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում 26 շրջանավարտ է զոհվել, կան վիրավորներ: Ներկայացնելով վարժարանի հիմնադիր Կորյուն Ղումաշյանին՝ ասաց «Հայրս ծնվել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում: 1988 թվականից զինվորագրվել է Արցախի ազատագրման և ՀՀ սահմանների պաշտպանությանը: Գլխավորել է տարբեր ռազմական ջոկատներ: Նրա և ընկերների կողմից «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կազմավորվել է 1989 թվականին Երևանում՝ մի քանի կամավորական ջոկատների միավորմամբ։ Հրամանատարն է եղել Կ․ Ղումաշյանը: Հետագայում նրան փոխարինել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Արմենակ Արմենակյանը, ով զոհվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին Վ. Սարգսյանի հետ: Այդ օրվա ոճրագործությունը, որին զոհ դարձան նաև ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, այլ պատգամավորներ, ծանր հետք թողեց մեր հետագա ընթացքի վրա։ «Մեծն Տիգրան» գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանը զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում: Նրա անունով է կոչվում վարժարանի ռազմական ամբիոնը: 1994թ․ մայիսյան հրադադարից հետո Վ․ Սարգսյանը Կ․ Ղումաշյանին առաջարկել է ծառայել բանակում։ Սակայն Ղումաշյանը գերադասել է ստեղծել ռազմական կրթօջախ, որտեղից արդեն պատրաստ զինվորը կանցնի ծառայության բանակում։ Չնայած դժվարություններին՝ կայացել է ռազմական դպրոցը, արդեն 29 տարեկան է ու կատարում է սաների նոր ընդունելություն։
Հ․ Գ․ Վարժարանում ընդունելությունն իրականացվում է 8-12-րդ դասարաններում, կարող են դիմել համապատասխան տարիքային խմբի աշակերտները՝ տղաներ եւ աղջիկներ: Վարժարանը ռազմամարզական է՝ մասնագիտացված ուսումնական ծրագրով։ Վարժարանի շրջանավարտները հնարավորություն են ստանում ուսումը շարունակել ՀՀ և արտասահմանյան ռազմական բուհերում։ Վարժարանում գործում են հետևյալ խմբակները՝ Ավիոմոդել, Ծրագրավորում, Թուրքերեն լեզվի ուսուցում, Ազգային երգ ու պար։ Ուսման ընթացքում սովորողները սնվում, բնակվում, ինչպես նաև ստանում են համազգեստ ու դասագրքեր՝ անվճար։ Ուսումն ամբողջությամբ անվճար է։ Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10-17-ը։ Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Աբովյան փողոց 149։ Հեռ․՝ 098 17-55-55։
Տնօրենություն