Image

30-ամյա տարելից

Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք։

Գարեգին Նժդեհ

 

30 տարի առաջ, այս օրերին թեժ մարտեր էին ընթանքում Արցախի հարավարևելյան ուղղություններում՝ Ֆիզուլիում, Հորադիզում, այլ վայրերում։ Հայոց ռազմական ուժերին հաջողվեց նաև այդ ուղղությամբ հաղթանակ տանել։  Սակայն այն շատ թանկ կյանքերի գնով եղավ։ Շատ հերոսներ մարտիրոսվեցին, դարձան հաշմանդամ, անհետ կորան, բայց ազատագրվեցին Արցախը, մեր հայրենիքի այլ տարածքներ։ Այդ նահատակ հերոսներից է Ռոբերտ Հայկարամի Գևորգյանը, ով սկսած 1989 թվականից մինչև կյանքի վերջը՝ 1994 թվականի մարտի 10-ը, եղել է ՀՀ ոստիկանության մոտոհրաձգային գնդի կազմում տարբեր ստորաբաժանումների հրամանատար, հասել փոխգնդապետի կոչման։ Մարտական ուղին սկսել է Սյունիքի մարզի Շուրնուխ գյուղից։ Մասնակցել է նաև Կոռնիձորի, Կապանի, Մեղրիի, ՀՀ այլ տարածքների պաշտպանական մարտերին։ Արցախում Ռ․ Գևորգյանի հրամանատարությամբ գործող վաշտը 1993թ․ մայիսին պաշտպանում էր միջազգայնորեն «Լաչինի միջանցք», իսկ մեզ համար «Կյանքի ճանապարհ»-ի պաշտպանությանը՝ Բերձորից հարավ՝ «Կոբրա» կոչվող դիրքերում։ Այստեղ էլ առաջին անգած հանդիպեցի Ռոբերտին ու իր զինվորներին։ Ծանոթացանք։ Հետագայում իմացա՝ 94-ի սկզբից արդեն Ֆիզուլիում ու Հորադիզում էր մարտնչել, որտեղ էլ նահատակվեց հերոսաբար՝ փրկելով հայ վիրավոր զինվորների կյանքը։ Ռոբերտ Գևորգյանը հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, արժանացել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, այլ պարգևների։ Նրա անունով է կոչվում Քասախի միջնակարգ դպրոցը։ Ծնվել է 1958թ․ հունվարի 1-ին ՀԽՍՀ Ապարանի շրջանի Քասախ գյուղում։ Հետագայում տեղափոխվել են այժմ արդեն Կոտայքի մարզի Քասախ գյուղ։

Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որի բակում այժմ իր կիսանդրին է, որի մոտ են կայանում կրթօջախում կազմակերպվող հանդեսները։ Ռ․ Գևորգյանի մասին մանրամասն՝ հետևյալ հղումներով․ https://hhpress.am/socium/2022/15626/, https://hhpress.am/socium/2022/12070/։ Մարտի 10-ին, հերոսի նահատակության 30-ամյա տարելիցին, Հայոց ամենասրբավայր՝ Եռաբլուր, որտեղ հուղարկավորված է Ռ․ Գևորգյանը, այցելեցին հարազատները, այդ թվում՝ որդին Անդրանիկը՝ կնոջ ու 2 դուստրերի հետ, ովքեր առաջին ծաղիկները խոնարհեցին պապի շիրմաքարին։ Ներկա էին նաև մարտական, աշխատանքային ու մանկության ընկերները, բարեկամները։ Հայ Առաքելայան եկեղեցու Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ սկսվելով ու ավարտվելով Տերունական աղոթքով։

Ավարտելով հոգևոր կարգը՝ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը դիմեց ներկաներին․ «Ցավակցում եմ բոլորիդ, Աստված Ռոբերտի հոգին լույսերի մեջ պահի։ Երբեմն ժողովրդի մեջ կա այսպիսի խոսակքցություն՝ իմ տղան հերոս է, մեդալակիր է և այլն։ Եկեք՝ չգնանք այդպիսի բաների հետևից և ընդունենք՝ այս Եռաբլուրը ոչ թե Եռաբլուր է, այլ ՀԵՐՈՍԱԲԼՈՒՐ Է։ Բոլորս խոնարհաբար գանք այստեղ, որովհետև իրենք՝ այստեղ ննջողները, տվել են ամենաթանկը մեզ համար, մեր երկրի, հայրենիքի համար, և բոլորը մերն են։ Ողորմի Աստված․․․»։ Այցը հերոսի շիրմին ավարտվեց ծաղիկների խոնարհումով ու խնկարկումով։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։