Image

Լուսե բանակի զինվորները

Արցախի Աղաձոր գյուղը գտնվում էր Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարիի ձախափնյա հարթության վրա՝ Բերձորից մոտ 75 կմ հարավ, Հադրութն ու Ջրականը Սյունիքին կապող խաչմերուկին։ Գյուղը նոր էր վերահայացել, որ 2000 թ. Արարատի մարզի Դվին գյուղից այստեղ բնակություն հաստատեց Գագիկ Խաչատրյանը կնոջ, 2 դուստրերի եւ Հակոբ որդու հետ: Աղաձորում հասակ առավ Հակոբը, սովորեց ու բարձր առաջադիմությամբ ավարտեց միջնակարգը։ Այդ ժամանակ աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունում, հաճախ էի այցելում դպրոցներ, նաեւ՝ Աղաձորի հարևան Վարդաբացի, որտեղ սկզբում սովորում էր Հակոբը:

Հետագայում, երբ Արաքսի վրա սկսվեց Խուդափերինի ջրամբարի կառուցումը, եւ Վարդանացը պետք է մնար ջրի տակ, գյուղը դատարկվեց, դպրոցը տեղափոխվեց Աղաձոր։ Շրջանում, Ստեփանակերտում հաճախ էին կազմակերպվում ինտելեկտուալ խաղեր, մարզամշակութային այլ միջոցառումներ, եւ Աղաձորի թիմը մշտական մասնակիցների եւ հիմնականում հաղթողների շարքում էր։ Իսկ թիմի հիմնական առաջատարը Հակոբն էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Ուներ ծրագրեր՝ հայրենի գյուղի դպրոցականներին ավելի լավ կրթություն տալ։ 2-րդ կուրսից՝ 2014 թ. ամռանը զորակոչվեց բանակ, հետախույզ էր։ 2015 թ. մարտի 19-ին լսեցինք հետեւյալ պաշտոնական հաղորդագրությունը. «2015 թ. մարտի 19-ին, ժամը 08:30-ի սահմանում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996 թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995 թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995 թ.): Նախագահ Բակո Սահակյանի մարտի 19-ին ստորագրած հրամանագրերի համաձայն՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով։

Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ (Էդգար Մարտիրոսյան, Սարգիս Գաբրիելյան, Գոռ Դարմանյան եւ Սամվել Հակոբյան) վիրավորվել են»: Վիրավորված Սամվել Հակոբյանը, ցավոք, չապաքինվեց եւ նույնպես դարձավ հավերժի ճամփորդ: Հակոբի մահվան օրը տարածքի համայնքների բնակչության, շրջվարչակազմի աշխատակիցների կողմից Աղաձորում կազմակերպվեց մոմավառություն։ Եղավ առաջարկ՝ դպրոցը կոչել Հակոբ Խաչատրյանի անունով: 2015 թ. նոյեմբերի 14-ին կայացավ անվանակոչությունը։ Դպրոցի միջանցքի մի պատին Արցախյան գոյամարտի մարտիրոսների մասին պատմող լուսանկարների ու նյութերի կողքին Հակոբին նվիրված անկյունն էր՝ նրա անձնական իրերով, տետրերով, լուսանկարներով, մեկ տասնյակից ավելի պատվոգրերով ու շնորհակալագրերով, «Արիության համար» մեդալի վկայականով: Մինչ պատերազմը` Աղաձորի հարեւան Իշխանաձոր գյուղի դպրոցին կից բացվեց ինտերնետ-ակումբ, ԵՊՀ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի առաջարկով այն նույնպես կոչվեց Հակոբի անունով: Մարտի 28-ին Հակոբ Գագիկի Խաչատրյանը կդառնա 28 տարեկան: Արդեն 9 տարի է՝ նա Լուսե բանակի շարքում է՝ մեզ հետ է հոգով, իր հերոսությամբ: Հերոսի շիրիմը Աղաձոր գյուղում էր՝ Արաքս եւ Հակարի գետերի միավորման տարածքում՝ Խուստուփ լեռան դիմացի մշտապես կանաչ ոչ բարձր բլրակի լանջին: Երբ պետք է հուղարկավորեին Հակոբին, նրա հարազատները հորը հորդորում էին այդ արարողությունը կատարել Արարատի մարզում՝ Դվինում, որտեղ ծնվել էր որդին։ Սակայն հայրը վճռական էր՝ իր որդին պետք է մնա Աղաձորում. թեկուզ նահատակ, բայց մնալու է սահմանապահ։ Բացի այդ, ամեն օր կնոջ ու դստեր հետ պետք է այցելեր որդու շիրիմին: Հուղարկավորությունը կայացավ հերոսին վայել։ Շիրմաքարին՝ լուսանկարի տակ Հակոբի խոսքն էր գրված. «Հայր, մի ոտնաչափ անգամ ետ չեմ նահանջի»: Մարտադաշտում, այո, հետ չնահանջեղ հերոսը, ծանր վիրավոր էլ կրակել էր գնդացիրը, որի փողը շիկացել էր ու այրել ձեռքը: Սակայն եղավ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմը, եւ այսօր Աղաձորը, դպրոցը, հարեւանությամբ գտնվող հերոսի շիրիմը մնացել են գերության մեջ։ 2 քույրերի միակ եղբայրն էր՝ բոլորի սիրելին:

Քույրը՝ Նաիրան, որ դպրոցի վերջին տնօրենն էր, Հակոբ է կոչել իր որդուն: «Հակոբս ապրել է ընդամենը 19 գարուն, հասցրել էր սիրված լինել հասարակության մեջ, դպրոցում, ընկերական շրջապատում, ստեղծել էր այնպիսի մարդկային փոխհարաբերություններ, որ հետհայացք գցելով նրա անցած ճանապարհին եւ տեղի ունեցած երեւույթներին, զարգացող դեպքերին, հասկանում ես՝ նա միշտ եւ ամենուրեք իրեն պահել է արիաբար, որի շնորհիվ ունեցել է հաղթանակներ կյանքում,- եղբոր մասին, մինչ գյուղից հեռանալը, գրել է Նաիրան։- Ամենաքաղցր տարիները եղբայրս անցկացնում է հավերժ զինվոր մնացած մարտիկների հետ, իսկ մեզ մնում է միայն մխիթարվել նրա շիրիմին այցելելով, նրա անունը վառ պահելով»: Ցավոք, այսօր արդեն անհնար է այցելել հերոսի շիրմին, խնկարկել: Զորակոչվելու օրն ավտոբուս բարձրանալիս ասել է. «Տես, մամ, ավտոբուսի առաջին աստիճանին եմ, դա նշանակում է՝ ես արդեն ձեր որդին չեմ, երկու տարի իրավունք չունեմ ձեր մասին մտածելու, ես Հայրենիքի որդին եմ»: Ու հավերժ հայրենիքի զինվոր մնաց հակոբը՝ մարտական Անմահ հերոս ընկերների հետ: Այսօր Գագիկ Խաչատրյանի ընտանիքը վերադարձել է Դվին, սակայն նրանք մշտապես Աղաձորում են… Այժմ հայաթափ է ամբողջ Արցախը, և Հակոբի պես հերոս հազարավոր տղաների շիրիներ են մնացել գերության մեջ: Նրանք մեզ երբեք չեն ների, եթե չազատագրվի Արցախը...

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։