Ծննդյան օրը՝ երկնային ներկայությամբ
Արցախյան շարժումը հազարավոր հայորդիների դարձրեց հայրենիքի զինվոր ու ազատամարտիկ: 88-ի մայիսին կայացած ուսանողական նստացույցի օրերին շատ երիտասարդներ միացան ուսանողներին: «Աշխարհազորայիններ» կոչեցինք մի խումբ ոչ ուսանող տղաների, ովքեր էլ հանուն Արցախի ազատագրման ու ՀՀ սահմանների պաշտպանության կազմավորվող ռազմական ջոկատների կազմերը համալրողներից էին։ Այդ երիտասարդներից էր Երեմ Ռազմիկի Խաչատրյանը՝ մեր Արսենը, ով ընդամենը 17 տարեկան էր ու 1990-ին արդեն ՀԱԲ-ի զինվոր էր։
Ծնվել է Երևանում 1973 թ․ մարտի 24-ին։ 1989-ին ՀԱԲ-ի կազմում արդեն ձևավորվել էր մեր ջոկատը՝ Իշխանի հրամանատարությամբ։ 90-ի ապրիլին 7 հոգով, նաև՝ Արսենը, ուղևորվեցինք Վարդենիս և հերթապահում էինք Սոթքի հանքավայրի տարածքում՝ Հոկտեմբերյանի «Միացում» ջոկատի ազատամարտիկների հետ։ Նույն տարվա հուլիս-նոյեմբեր ամիսներին միասին արդեն Արցախում էինք՝ Բերդաձորում։ 1989-ի աշնանը ես եղել էի Բերդաձորի պաշտպանների հետ, և այս անգամ էլ կար պաշտպանների կարիք։ Բերդաձոր հասնելը հեշտ չէր։ Կար 2 ճանապարհ՝ ինքնաթիռով(այդ ժամանակ դեռ գործում էր Երևան-Ստեփանակերտ օդային կապը՝ «Յակ-40» ինքնաթիռով) հասնել Ստեփանակերտ, այնտեղից՝ Ստեփանակերտ-Բերդաձոր ավտոբուսով հասնել տեղ։ Իհարկե, այդ երթուղին ավելի վտանգավոր էր՝ անցնում էր ադրբեջանցիներով բնակեցված Շուշի, Զարիսլու և Լիսագոր բնակավայրերով։ Բացի այդ՝ ճանապարհով երթևեկում էին ադրբեջանցիները, և մշտապես վտանգի տակ էր վարորդ Վագիֆի վարած ավտոբուսը՝ ուղևորներով հանդերձ։ Այդ պատճառով ավտոբուսն ուղեկցում էին խորհրդային բանակի զինվորականները։ Բայց, միևնույն է՝ թուրքերը որևէ չարիք գործում էին։ Բացի այդ, մեզ՝ ազատամարտիկներիս համար վտանգավոր էին նաև նույն զւնվորականները, որ ուղեկցում էին ավտոբուսը։ Երկրորդ ճանապարհը դարձյալ օդային էր, սակայն՝ ուղղաթիռով։ 90-ի հուլիսին 4 հոգով՝ Արսենը, Արթուրը, Ստեփանը և ես, ուղղաթիռով հասանք Բերդաձոր՝ Նոր-Հաճնի ազատամարտիկների հետ։ Տեղակայվեցինք Լաչին-Շուշի ճանապարհի վրա գտնվող Տասիվերստ (Ծաղկաձոր) գյուղում։ Նոյեմբերին վերադարձանք Երևան։ Այնուհետև այլ ջոկատների կազմում էինք, սակայն մեր մարտական եղբայրությունը պահպանվեց մինչև վերջ։ Արսենի մարտական ուղին 1991թ․ սեպտեմբերից շարունակվեց ՀԱԲ-ի «Կարս» կամավորական ջոկատի կազմում՝ մասնակցելով Մեղրու շրջանի Նյուվադ գյուղի պաշտպանությանը: 1991թ․-ի դեկտեմբերից մինչև 1992թ. փետրվար մարտնչում էր Արցախում՝ Մարտակերտի շրջանի Չափառ գյուղում։ 1992թ․ մայիսի 13-ից մինչև 20-ը Գորիսի Մեծ Սոսի ջոկատի հետ մասնակցել է Կոռնիձորի մարտերին, որի ընթացքում փակել են Կուբաթլուից Լաչին եկող ադրբեջանական ուժերի ճանապարհը՝ իրենց հսկողության տակ վերցնելով այդ հատվածում թշնամու կողմից նոր կառուցված գյուղը, որը պայմանական կոչվում էր «Ստրոյկա»։ 1992թ․ հունիսից ծառայության է մտել Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ գործող ԼՂՀ հետախուզական «ԴՌԳ» ջոկատ։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի Կուսապատ, Ղազնչի, Սրխավենդ, Կիչան, Առաջաձոր, Վանք, Հարությունագոմեր, Դրմբոն գյուղերի պաշտպանական մարտերին:
Կուսապատում մասնակցել է կատաղի մարտերի: Մեր դիրքերը շարունակաբար ռմբակոծվում էր թշնամու ավիացիայի և հրետանու կողմից: Ընթացքում նրանց ջոկատը ոչնչացրել է ադրբեջանական դիվերսիոն մի ամբողջ խմբավորում: Կիչանում ոչնչացրել են թշնամու դիվերսիոն ևս մեկ խումբ: Խմբի մի մասը գերեվարվել է Արցախի պաշտպանական ուժերի կողմից: Այդ ընթացքում ընդգրկվել է գրոհապահեստային գումարտակի կազմ, մասնակցել բազում մարտերի: 1992-ի դեկտեմբերին արդեն ջոկատի հրամանատար էր և տեղափոխվել էր Շուռնուխ գյուղ՝ մասնակցելով հետախուզական և մարտական գործողությունների: 1993-ի մարտին, «ՀԱԲ»-ի «Կարս» կամավորական ջոկատի կազմում, Ասլան Գրիգորյանի, ապա «Ադմիրալ» Սամվելի հրամանատարությամբ մասնակցել է Մարտակերտի շրջանի Պուշկին-յալի համար մղված մարտերին: Մարտի 26-ին նշանակվել է մարտական այդ գծի հրամանատար: Նույն օրը՝ երեկոյան, ժամը 17-ի սահմաններում, ադրբեջանցիների մի քանի հարյուր զինվոր, զրահամեքենաների ուղեկցությամբ սկսել են լայնածավալ հարձակում: Արսենի տղերքը նույն օրը ոչնչացրել են մեկական Т-72 տանկ և БМП-2, ինչպես նաև 40-50 ասկյար: Այս մարտում Արսենն ու Ստեփանը, որ միշտ միասին էին, ինչպես նաև Վարդենիսում ու Բերդաձորում, ծանր վիրավորվում են։ Մի քանի ամիս բուժվեցին Երևանի Հանրապետական հիվանդանոցում: Արդյունքում տղերքը ցմահ դարձան 2-րդ խմբի հաշմանդամ։ Սակայն զինվորի ոգին միշտ ուղեկցեց Արսենին, ու 1994թ․ հունվար-փետրվար ամիսներին, որպես ջոկի հրամանատար, մտնելով «Լույս» ջոկատի կազմ, մասնակցել է Օմարի լեռնանցքի ետ գրավմանը։ 1998-ի օգոստոսին ԼՂՀ Մարտակերտի շրջանում մասնակցել է զորահավաք-վարժանքներին: 2016 թվականի ապրիլի 9-ից մինչև մայիսի 20-ը, որպես ջոկի հրամանատար, առաջնագծում էր: Երեմ Խաչատրյանը նաև ՀՀ ԵԿՄ անդամ էր՝ Երևանի Ավանի տարածքային բաժանմունքի նախագահ։ 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից մինչև դեկտեմբերի 18-ը Մեղրի-Զանգելան մարտական ճակատի ուղղությամբ մասնակցել է որպես ԵԿՄ Ավանի վաշտի հրամանատար։ 2021-23թթ․ ընթացքում, չնայած լուրջ առողջական վիճակին, տարբեր ժամանակով մասնակցել է մարտական հերթապահության։ 2023թ․ սեպտեմբերի 25-ին երկարատև ծանր հիվանդությունը հաղթեց Արսենին, ով բռնեց հավերժության ճանապարհը։ Եռաբլուրում, իսկական զինվորին վայել հուղարկավորվեց մեր մարտական ընկերը՝ հայրենիքի ու արդարության նվիրյալ զինվորը։ Ծննդյան 51 ամյակի օրը մեզ հետ էր Արսեն-Երեմը՝ արդեն միայն իր հոգով, ներկա էր մեր հիշողություններում։ Շիրմաքարի մոտ էին հարազատները, մարտական ընկերները։ Մայրը կարոտով է հիշում այն օրերը, որ իրենց տնից էինք ուղևորվում Էրեբունի օդանավակայան՝ Արցախ մեկնելու։ Ջուր էր շաղ տալիս մեր հետևից։ Հիշում ենք նաև ճակատագրական, հետաքրքիր ու զվարճալի պահեր։ 1990-ի նոյեմբերին, երբ Արսենն ու Ստեփանը պետք է Երևան գային, եկանք Ստեփանակերտ, որ օդանավով ուղարկեինք։ Օդանավակայանում շատ ուղևորներ էին հավաքվել, ինքնաթիռ նստելու համար։ Լարված իրավիճակ էր, և խորհրդային զինվորը, որ հսկում էր օդանավակայանի մուտքի մոտ, արցունքաբեր գազ փչեց դիմացը կանգնած հղի կնոջ երեսին։ Արսենը մոտեցավ ու բռունցքով հարվածեց զինվորին՝ չմտածելով հետագայի մասին։ Մի կերպ տարանք հեռու, որ չձերբակալեին։ Իսկ ամռանը մի անգամ ինքնաթիռով հասանք Ստեփանակերտ, որ անցնեինք Բերդաձոր, սակայն խորհրդային զինվորականները մեզ հետ ուղարկեցին Երևան՝ իրենց «սև» ցուցակում գրանցելով անուններս, որ այլևս Ստեփանակերտ չմտնենք։ Իրավիճակի լարված լինելը երևի մեր կողմից էր, որ Արսենի ով լինելը խորհրդային զինվորականները չիմացան։ Էլի հետաքրքիր, զավեշտալի, ուրախ ու տխուր պահեր հիշեցինք Արսենի հետ կապված։ Ծաղիկներ խոնարհեցինք մեր մարտական ընկերոջ շիրմաքարին, խնկարկեցինք՝ մշտապես մեր հոգում պահելով նրա հիշատակը։