Image

«Վերաբերմունք ցույց տալը» առողջապահական ոլորտում

Կոռուպցիայի դրսևորումները առողջապահական որորտում  բազմազան են ու այնքան տարածված, որ մենք դրանք դադարել ենք ընկալել որպես կոռուպցիա` անտեսելով դրանց հետևանքները մեր և մեզ շրջատատող մարդկանց կյանքի վրա, չընկալելով գումար կամ որևէ այլ նյութկան բան տալ կամ վերցնելը հասարակության արատավոր երևույթ:

 

Ինչու՞ են մարդիկ առաջարկում գումար բուժաշխատողներին

Դժվար կարելի է գտնել մարդկանց, ովքեր կկարողանան փաստել, որ երբևէ թեկուզ 1000  դրամ չեն «դրել բուժքրոջ գրպանը, որ իրենց հիվանդին լավ նայի»: Բուժքրոջ միջին աշխատավարձը գերազանցում է 200.000 հազար ՀՀ դրամը, սակայն հիվանդների հարազատներից պարբերաբար կաշառքներ, լինեն օրական 1000, 5000, թե 10.000 դրամի, կամ քաղցրեղենի, սուրճի տեսքով, գերազանցում են նրանց աշխատավարձի սահմանները:

 «Գումար տալիս ենք, որ մեր հիվանդին ավելի ուշադիր լինեն, «լավ նայեն». իրենցից շատ բան է կախված, ու թվում է եթե գումար չտանք լավ չեն վերաբերվի, անուշադիր կլինեն: Այս ամենը կարծես սովորույթ լինի մեր երկրում, և  բոլորն էլ արդեն սովորել են դրան: Իմ համոզմամբ՝ ուժքույրերը, անգամ հիվանդանոցների հավաքարարները սպասում են, ակնկալում են որևէ նյութական բան»,- պատմում է Զ. Ա-ն:

 

 Կաշառք չտալու կամ «վերաբերմունք ցույց չտալու» հետևանքները

 Չնայած նրան, որ հիվանդներով զբաղվելը բուժքույրերի, իսկ հիվանդանոցում մաքրություն ապահովելը մաքրուհիների պրտականությունն է, պարզվում է, որ շատ դեպքերում բուժառուների կողմից հավելյալ գումար չստանալը կարող է պատճառ դառնալ մաքրուհիների կամ բուժաշխատողների աշխատանքի որակի վատացման, հանգեցնել վատ վերաբերմունքի ցուցաբերման` դեպի բուժառուն: Այս իրավիճակը հատկավես սրվում է մարզային հիվանդանոցներում:

 «Ես բուժում էի ստանում X հիվանդանոցում, ինձ շատ վատ էի զգում վիրահատությունից հետո ու երբ ուզում էի ուտելիքս վերցնել, այն միամիտ ընկավ ձեռքիցս, կանչեցին մաքրուհուն, ով միջին տարիքի կին էր, նա սկսեց բարձր-բարձր բողոքել «չե՞ ք կարողանում նորմալ վերցնել», «էս ի՞նչ տեսակ մարդիկ են սրանք» ու էսպես այնքան, որ ես ասացի` թողնի, որ ինքս հավաքեմ: Հաջորդ օրը ամուսինս գումար տվեց այդ կնոջը, ու նրա վերաբերմունքը անասելի փոխվեց իմ նկատմամբ, արդեն առանց կանչելու էր գալիս ու ուրախ-զվարթ  մաքրում սենյակս»,- ասում է Ռ. Փ-ն:

 

Երբ բուժաշխատողները կարող է կյանքերի հետ խաղալ, քանի որ չեն կաշառվել

«Պետք է ծննդաբերեի, ցավերս արդեն սկսվել էին: Ինձ տարան մեր մարզի հիվանդանոց, որտեղ գրանցված էի, ու պիտի էդտեղ էլ ծնունդն ընդունեին: Այդ ընթացքում առանց ամուսնուս էի, քանի որ նա երկրում չէր: Բժիշկների անտարբերությունը նկարագրել էլ չի լինի, դողալով եմ էդ ամենը հիշում. միջանցքում կանգնած եմ ցավերս քաշել, մոտովս բժիշկներ ու բուժքույրեր էին անցնում-դառնում, նույնիսկ չէին էլ նայում վրաս, երբ խնդրում էի որ մոտենան, ասում էի, որ ծնվում է երեխաս, արձագանք չէին տալիս: Մի բժիշկ էլ ասաց` բան չկա: Էդպես տանջվում էի, ու մի բժիշկ, ինձ կողքից նայելով, սկսեց գոռալ, որ ծնվում է երեխան: Ինձ  վերջին պահին են ծննդաբերելու աթոռին բարձացրել: Փառք Աստծո, երեխայիս հետ ամեն բան նորլալ է, բայց մի փոքր էլ ուշացնեին, խեղդամահ էր լինելու: Երկրորդ երեխայիս դեպքում բոլորին, ով կարող էր կապ ունենալ ծննդաբերությանս ու երեխայիս հետ,  ամուսինս նախապես գումար բաժանեց. վախենում էինք, որ նույն վերաբերմունքը չկրկնվի: Նույն հիվանդանոցն էր, նույն բժիշկներն ու քույրերնէին, բայց այնքան ուշադիր էին, որ ինձ թվում էր ինչ-որ բան այնպես չէ: Դուրս գրվելիս ամեն մի աշխատող մի պայուսակ բռնած դուրս եկավ մեզ ճանապարհելու: Էդ ժամանակ էլ 100.000 դրամ բաժանեց բոլորին ամուսինս: Շատ ցավալի է, որ գումարը այդքան բան փոխեց, բայց` փաստ»,- պատմում է Լ. Պ-ն:

Այսպիսի իրողությունները, դրանց կոծկումը, արատավոր սովորությունները սնում են, իսկ ստեղծված վախի մթնոլորտը, և համոզմունքը, որ առանց կաշառքի բժիշկները վատ կվերաբերվեն բուժառուներին, սնում են կաշառակերությունն ու փակուղի գգում դրանից ազատվելու փորձերը:

 

Կաշառքը բժիշկների աչքերում

«Հաճախ հիվանդները բուժումից հետո կարող են սուրճի համար քաղցրեղեն նվիրել, ինչը պնդում են վերցնել: Իմ վերաբերմունքի վրա դա չի ազդում ընդհանրապես: Իհարկե, նաև լսել եմ պատմություններ, երբ  գումարը աննկատ բժիշկների կամ  բուժքույրերի հագուստի գրպանն են մտցնում, իսկ նրանք չեն էլ հասցնում արձագանքել: Ես կտրականապես վատ եմ վերաբեվում այն բժիշկներին, ովքեր «սպասում են» բուժառուից հավելյալ գումար կամ հենց իրենք են ակնարկում հավելյալ գումարի անհրաժեշտության մասին: Ցավոք, նման դեպքերը շատ են, և ես ինքս ուզում եմ մեր ոլորտում տեսնել հստակ մեխանիզմներ կաշառքի ռիսկերը մինիմալիզացնելուն ուղղված, քանի որ հենց մեր ոլորտի հանդեմ մարդիկ պետք է ունենան սատ մեծ վստահություն: Իսկ երևույթը մինիմալիզացնելու համար ամենալավ ելքը հետևողական հսկումն է, պատիժների սահմանումն ու իրագործումը»,- ասում է բժիշկ Ա. Հ-ն:

 

ՀՀ քրեական օրենսդրությունը և կաշառակերությունը

Հոդված 435. Կաշառք ստանալը

  1. Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Եզրակացություն և ելք

Չկոռումպացված հասարակություն պատկերացնելը մեր իրականությունում եթե ոչ անհնար, ապա բավական բարդ է: Առողջապահական ոլորտում կոռուպցիայի դրսևորումները հանգեցնում են այդ ոլորտի հանդեպ անվստահության: Այս ամենի դեմ կարելի է պայքարել մարդկանց գիտակցության մեջ կաշառք  տալու և ստանալու մշակույթի հանդեպ դեռ ամենավաղ տարիքից հակակրանք սերմանելով, այդ ամենի մասին բարձրաձայնելը խրախուսելով, պատիժ կրելու անխուսափելիությունը ապահովելով, տվյալ ոլորտում աշխատավարձերի բարձրացմամբ, պատկան մարմինների հետ համագործակցելով:

 

 Անժելա Խաչատրյան ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։