Աջակցություն տեղահանված արցախցիներին
Այսօր բռնի տեղահանված ու ՀՀ-ում ապաստանած արցախցիներն ունեն աջակցության կարիք տարբեր առումներով։ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը, որ գրեթե 30 տարվա պատմություն ունի, մշտապես է եղել Արցախի ու արցախցիների կողքին։ Այժմ հիմնադրամը փոխել է աշխատաոճը, արցախցիներին աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ում՝ կապված Արցախի հայաթափման հետ։ Այս օրերին Երևանում են Կանադայի «Global medic» ընկերության ներկայացուցիչները, ովքեր առաջին անգամ են ծանոթացել «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հետ և ցանկություն են հայտնել միասին այցելել տեղահանված արցախցիներին։
Մարտի 28-ին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի հիմնադիր նախագահ, լեզվաբան, արևելագետ, իրանագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, գրականագետ, բ․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծրուն Ավագյանը, անդամ ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչ Սուրեն Ստեփանյանը և «Global medic»-ի ներկայացուցիչներն այցելեցին Երևանում բնակություն հաստատած արցախցի 5 բազմազավակ ընտանիքների, ցուցաբերեցին նաև նյութական աջակցություն։ 3 ընտանիք Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից էին։ Էրիկ Հակոբյանն ունի 5 անչափահաս երեխա, բնակվում են Էրեբունի վարչական շրջանում՝ բարեկամի տանը։ Նեղվածք է, բայց ստիպված են միասին ապրել։ Դժվար է բոլորի համար․ Հաթերքում թողել են տուն ու տեղ, այգի։ Էրիկի մայրն արցունքներն աչքերին հայրենի գյուղի մասին է պատմում։ Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը, ով Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ժամանակ ցուցաբերում էր աջակցություն, այժմ էլ շարունակում է հայրենանվեր աշխատանքը։ Նրա ուղեկցությամբ են «Global medic»-ի ներկայացուցիչներ Ստեփանը, Քաթրինն ու Ջենին Երևանում։ Զրուցելով տեղահանված արցախցիների հետ, լսելով տխուր իրողության մասին՝ նրանք էլ են հուզվում։ Անուշավան Սարգսյան և Արփինե Հովհաննիսյան ամուսիններն ունեն 7 երեխա, որոնցից 5-ը դպրոցական են։ Բնակվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ վարձակալած տանը։ Հաթերքում շեն ու առատ տուն են ունեցել։ Դժվար է․․․ Գևորգ Ավագիմյանն ու Լիաննա Եդիգարյանն ունեն 4 երեխա, միակ դուստրը 1 ու կես տարեկան Էմիլին է, ով դեռևս չի գիտակցում՝ ինչ է կատարվել, ինչպես է օրեր շարունակ անցել գաղթի ճանապարհով։ Բնակվում են Արգավանդում։ Որդիները սովորում են Արգավանդի միջնակարգ դպրոցում։ Հաթերքի իրենց դպրոցին են կարոտում, համադասարանցիներին, հայրենի անտառները։ Սամվել և Ժենյա Օրդուբեկյանները Երևանից էին տեղափոխվել Քաշաթաղի շրջան։
Սկզբում բնակվում էին Սոնասար գյուղում, այնուհետև՝ Բերձորում։ Բազմազավակ ընտանիքի որդիներից Արայիկը, զոհվեց 2016թ․ սեպտեմբերին Ջրականում՝ մարտական առաջադրանք կատարելիս։ Հուղարկավորված է Եռաբլուրում։ Այժմ բազմազավակ ընտանիքը՝ 15 հոգով, բնակվում են բազմաբնակարանոց շենքի մի բնակարանում։ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղն Արցախյան առաջին գոյամարտի տարիներին էլ մշտապես գտնվում էր թշնամու հարձակման կիզակետում։ Բայց մնաց Մաճկալաշենը՝ հաղթահարելով բազում փորձություններ։ Ամարասի հարևանությամբ գտնվող սահմանապահ գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ զինվոր էին ու պաշտպանում էին հայրենի տունը։ 2020թ․ պատերազմից հետո թշնամին ավելի մոտեցավ Մաճկալաշենին։ Եվ գյուղի տղամարդիկ մշտապես հենակետերում էին։ 2023թ․ սեպտեմբերի 19-23-ին գյուղը մշտապես հրետակոծվում ու գնդակոծվում էր։ Չնայած բազում խնդիրներին՝ գյուղի պաշտպանները մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն։ Բայց պարտադրվեց բռնագաղթը։ Այդ մարտերում նաև մաճկալաշենցիներ նահատակվեցին։ Ջրվեժում է բնակվում նույն մարտերի մասնակից Անմահ հերոս-նահատակ Զորիկ Դանիելյանի ընտանիքը՝ կինը Նուբար Դանիելյանը, դուստրը՝ Անգելինան, և որդիները՝ Ալբերտն ու Դանիելը։ Վարձակալած առանձնատան են բնակվում։ Կարոտել են Ամարասի ղողանջներին, հայրենի գյուղին։ Դժվար է Նուբարի համար․ 2020թ․ 44-օրյա մարտերում էլ զոհվել են նրա 2 եղբայրները, նահատակվեց նաև ամուսինը, բայց պետք է դիմակայել մեծ ցավին։ Բոլոր տեղերում էլ կար հավատ՝ գալու է տունդարձի երանելի օրը։ Գ․ Մելիքյանը տեղեկացրեց՝ իր ղեկավարած հիմնադրամի կողմից հատկացվեց պահածոյացված սնունդ, որն արտադրվում է Հայաստանում։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է տեղական արտադրողին նույնպես աջակցել՝ նրանից գնելով նյութական կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվող սնունդը, հագուստը և այլ պարագաները։ Հավելեց նաև՝ արցախցիներին աջակցությունը շարունակվելու է։ Հերթական այցը կլինի Արագածոտնի մարզ։