Նվիրյալ քաշաթաղցու ծննդյան օրվա առթիվ
1996թ․ տեղափոխվեցի Քաշաթաղի շրջան և աշխատանքի անցա շրջվարչակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնում (հետագայում՝ վարչություն)։ Աշխատանքի բերումով՝ հաճախ էի այցելում տարբեր բնակավայրեր ու ծանոթանում վերաբնակիչների հետ։ Միքայել Սերգեյի Բալայանի հետ ծանոթացա նույն 96-ին, ու մտերմացանք։ Ծնունդով արցախցի Միքայելը՝ Միշան, բնակվում էր շրջանի հյուսիսային Վազգենաշեն գյուղում՝ Շալուա գետի ափին։ Զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ 1997թ․ տարածքում՝ Վազգենաշենի հարևան Մովսեսաշեն գյուղի (անվանակոչվել է ի պատիվ Մովես Գորգիսյանի) մի տան մեջ բացվեց հանրակրթական դպրոց, որտեղ աշխատում էր Միքայելը և 2003 թվականից տնօրինում էր։
Ծնվել է 1951թ․ մարտի 26-ին Ասկերանի ջրջանի Սարուշեն գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Մեծ Հայրենականի մասնակից օդաչու հայրը եղել է Սարուշենի միջնակարգ դպրոցի տնօրենը և պատմության, աշխարհագրության ուսուցիչը։ Պատերազմից վերադարձել է հաշմանդամ։ Մայրը նույն կրթօջախի ռուսաց լեզվի ուսուցչուհին էր։ Ծնողները դասավանդել են նաև իրենց որդուն, ով ավարտելով դպրոցը, ինչպես 2 քույրն ու եղբայրը, ուսման նպատակով տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանում։ 1969թ. զորակոչվել է խորհրդային բանակ, զորացրվելուց հետո ընդունվել ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ 1992թ մասնակցել է Արցախյան գոյամարտին, իսկ 1994-ին դարձել է Քաշաթաղի վերաբնակեցման ծրագրին աջակից ու ընտանիքով տեղափոխվել շրջանի Վազգենաշեն գյուղ։ Այս բնակավայրը գտնվում էր Բերձոր-Քարվաճառ ճանապարհի վրա։ Եվ Միշան ահճախ էր հյուրեր ընդունում։ Այդ ժամանակ կար տրանսպորտի պակաս, և տարածքի բնակիչները երբեմն ոտքով էին անցնում տարբեր բնակավայրեր ու գիշերները հյուրընկալվում մոտակա բնակավայրերում։ Միշայի տունն էլ յուրահայտուկ հյուրանոց էր այս առումով։ Տարիների ընթացքում առավել ճանաչեցի Միշային, առավել մտերմացանք։
Նվիրված էր դպրոցին, որ թեկուզ քիչ թվով աշակերտներ ուներ, բայց լավ շրջանավարտներ էր տալիս։ Մ․ Բալայանի անընդհատ պահանջով Մովսեսաշենում կառուցվեց դպրոցի նոր շենք, որն ավելի հեշտացրեց կրթական գործը։ Դպրոցում էր աշխատում նաև կինը։ Իսկ դուստրը՝ Քրիստինեն, ավարտելով դպրոցը, դարձավ մանկավարժ և աշխատում էր հարազատ կրթօջախում, որի վերջին տնօրենն էր։ Նույն դպրոցի սաներ էին նաև նրա դուստրերը։ Հաճախ էին դպրոցում կազմակերպվում տարբեր ցերեկույթներ, որին մասնակից էինք լինում նաև խմբով ու Բերձոր վերադառնում գոհ։ Միշան նաև լավ էր ճանաչում իրենց բնակավայրի տարածքը, որտեղ կային բազում հայկական հնադարյան հուշարձաններ՝ եկեղեցիներ, խաչքարեր ու տապանաքարեր, որոնք առավել շատ էին։ Հաճախ էի նրա կանչով լինում տարածքում, հրավիրում նաև հնագետների։ Նրա շնորհիվ Մովսեսաշենի ու Վազգենաշենի տարածքներում հայտնաբերվեցին հայկական մի քանի հանգստարաններ՝ միջնադարյան շիրմաքարերով՝ խաչքար-տապանաքարերով։
Հետագայում, երբ անցավ թոշակի, շարունակեց աշխատել դպրոցում, առանց որի չէր կարող։ Բացի Քաշաթաղի շրջանից, շատ էր սիրում իր ծննդավայրը, հաճախ կազմակերպում այց-էքսկուրսիաներ Սարուշեն և շրջակա պատմական վայրեր՝ Ամարաս, Սխտորաշեն, որտեղ է երկհազարամյա Տնջրին, այլ հուշարձաններ, աղբյուրներ, գեղատեսիլ վայրեր։ 2020թ․ 44-օրյա պատերազմի օրերին չհեռացավ գյուղից։ Երբ կնքվեց այսպես կոչված հրադադարը, և կար Քաշաթաղի տարածքի հանձնման պայմանագիր, Միշան տեղում աջակցում էր տարածք այցելող հնագետ-հուշարձանագետներին՝ ցույց տալով կարևոր հուշարձանների տեղերը։ Գյուղից դուրս եկավ նոյեմբերի վերջին։ Ընտանիքով բնակվում էին Երևանում, բայց հոգով Քաշաթաղում էր։ Երբեմն հանդիպում էինք, հիշում մեր լավագույն օրերը Քաշաթաղի շրջանում։ Հավատում էր՝ նորից ենք գնալու։ Բայց հիվանդությունն իր տեղը ցույց էր տալիս։ Հաճախ էր դիմում բժշկի․ հավատում էր՝ դեռ անելիք ունի։ 2023-ի հոկտեմբերին առավել ծանրացավ առողջական վիճակը, հատկապես Արցախի հայաթափումից հետո։ Չդիմացավ մեծ ցավին ու վախճանվեց Միքայել Բալայանը՝ կարոտ Սարուշենին ու Քաշաթաղին։