Հոբելյան
Ցերեկույթ՝ նվիրված Գագիկ Անտոնյանի ծննդյան 70-ամյակին
Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում ապրիլի 1-ին տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան Գագիկ Անտոնյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին մասնակցում էին Լոռումարզպետ ԱրամՂազարյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, Վանաձորի համայնքապետարանի գլխավոր քարտուղար Արման Բերնեցյանը,մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ, մտավորականներ, գրողներ:
Հանդիսավար, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը ներկայացրեց ԳագիկԱնտոնյանիստեղծագործական ուղին, անցած ճանապարհը:
Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, անդրադառնալով Գ. Անտոնյանի լրագրողական և գրական գործունեությանը։ Նա շեշտեց, որ հոբելյարը լրագրության ասպարեզում միշտ եղել է օբյեկտիվ, քննադատական հոդվածներում զերծ է մնացել անձնական բնույթի բնորոշումներից, փորձել հետևողականորեն հասնել տվյալ հիմնահարցի լուծմանը։ Մ. Միկոյանը բարձր գնահատեց նաև Գ. Անտոնյանի գրական գործունեությունը, նրան հանձնելով Հայաստանի գրողների միության պատվոգիր՝ «Երկարամյա գրական գործունեության, հայ արձակի ու դրամատուրգիայի ասպարեզում ունեցած վաստակի համար և ծննդյան 70-ամյակի առթիվ»։
Իր շնորհավորական ելույթում մարզի ղեկավարը բարձր գնահատեց մտավորականի ստեղծագործական ձեռքբերումները, ներդրումը լրագրության և գրականության ոլորտներում։
«Երկար տարիներ աշխատելով լրագրության ոլորտում՝ Ձեր բարձրացրած խնդիրները եղել են ի նպաստ Հայաստանի Հանրապետության, Դուք ձեր ստեղծագործական ազնվությամբ հետամուտ եք եղել այդ խնդիրների լուծմանը, և դա գնահատելի արժանիք է, իսկ Ձեր գրական ստեղծագործություններն առանձնանում են անկեղծությամբ, ինքնատիպ ձեռագրով: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն, ստեղծագործելու և արարելու անսպառ եռանդ»,- ասաց Արամ Ղազարյանը:
Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզպետը շնորհավորագրով պարգևատրեց վաստակաշատ մտավորականին, նրան հանձնելով նաև նվեր։
Գ. Անտոնյանի մասին գնահատանքի ջերմ խոսքեր ասաց նաև Արման Բերնեցյանը՝ Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի կողմից շնորհավորագիր հանձնելով հոբելյարին։
Դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը բարձր գնահատեց Գ. Անտոնյանին՝ որպես վաստակաշատ լրագրող և երգիծաբան։ Նա հոբելյարի երգիծանքի առանձնահատկություններից առանձնացրեց առօրեկան դրվագների առատությունը, ժողովրդական խոսվածքի տեղին օգտագործումը։
ՀՀ վաստակավոր արտիստ, «Հորովել» երգի-պարի համույթի մենակատար Ստեփան Դալլաքյանը՝ համույթի երաժիշտների նվագակցությամբ, կատարեց «Ղարաքիլիսա» երգը, որի բառերի և երաժշտության հեղինակը Գ. Անտոնյանի կինն է՝ վաստակաշատ մանկավարժ Էմմա Անտոնյանը։
Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը վերլուծական խոսք ասաց Գ. Անտոնյանի դեռևս անտիպ «Արքա» պիեսի մասին, ընդգծելով, որ հեղինակը Քաջ Նազարի կերպարը յուրովի և ինքնատիպ շեշտադրումներով է կերտել։
Վանաձորի պոեզիայի թատրոնի արտիստուհի Հրաչուհի Լոռեցյանը կարդաց Գ. Անտոնյանի «Կանչ փոսից» ստեղծագործությունը։
Հոբելյարին «Արվեստագետ» հկ-ի «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալով պարգևատրեց հկ-ի նախագահ, համանուն հանդեսի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը, ով կարդաց նաև Գ. Անտոնյանի ստեղծագործություններից։
Գ. Անտոնյանին շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին և նրա վաստակը բարձր գնահատեցին ՀՀ վաստակավոր լրագրող, «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադ Ափուջանյանը, վաստակաշատ լրագրող, արձակագիր Հովհաննես Կարապետյանը, հոբելյարի կուրսընկեր, բանաստեղծ, արձակագիր Գագիկ Խաչատրյանը, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանը և «Ինտերկապ» բարեգործական միության նախագահ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Նորայր Զուլոյանը։ Նա «Ինտերկապի», ինչպես նաև միության Գերմանիայի և Ֆրանսիայի մասնաճյուղերի կողմից շնորհավորագիր հանձնեց Գ. Անտոնյանին։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վաստակաշատ դերասան Գագիկ Դուրմիշյանը ներկայացրեց Գ. Անտոնյանի «Զոքանչի կենացը» երգիծական գործը։
Վերջում Գ. Անտոնյանը շնորհակալություն հայտնեց Արամ Ղազարյանին, Արկադի Փելեշյանին, Արման Բերնեցյանին, Լոռու մարզային և Վանաձորի համայնքային իշխանություններին։
Նա երախտագիտություն հայտնեց նաև Մանվել Միկոյանին և Ջիվան Սարգսյանին, միջոցառումը բարձրմակարդակով կազմակերպելու համար։
Լոռու մարզպետի շնորհավորագիր Գագիկ Անտոնյանի 70-ամյակի կապակցությամբ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ ապրիլի 1-ին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում ներկա են եղել արձակագիր, դրամատուրգ, երգիծաբան Գագիկ Անտոնյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Ցերեկույթին մասնակցել են նաև Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, մտավորականներ, գրողներ:
Միջոցառմանը ներկայացվել է Գագիկ Անտոնյանի ստեղծագործական ուղին, անցած ճանապարհը:
Իր շնորհավորական ելույթում մարզի ղեկավարը բարձր է գնահատել մտավորականի ստեղծագործական ձեռքբերումները, ներդրումը լրագրության և գրականության ոլորտներում.
-Երկար տարիներ աշխատելով լրագրության ոլորտում՝ Ձեր բարձրացրած խնդիրները եղել են ի նպաստ Հայաստանի Հանրապետության, դուք ձեր ստեղծագործական ազնվությամբ հետամուտ եք եղել այդ խնդիրների լուծմանը, և դա գնահատելի արժանիք է, իսկ Ձեր գրական ստեղծագործություններն առանձնանում են անկեղծությամբ, ինքնատիպ ձեռագրով: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն, ստեղծագործելու և արարելու անսպառ եռանդ,- ասել է Արամ Ղազարյանը:
Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզպետը շնորհավորագրով է պարգևատրել վաստակաշատ մտավորականին:
Հոբելյարին շնորհավորագրեր են հանձնվել նաև Վանաձորի համայնքապետարանի, Հայաստանի գրողների միության և այլ կազմակերպությունների կողմից: Շնորհավորական բարեմաղթանքներ են հղել նաև Գագիկ Անտոնյանի գրչակից ընկերները: