Image

Ու հավերժ է ճախրանքը

«Հարութը միգուցե և ամենահանճարեղ պարողը չէր, միգուցե և ամենահանճարեղ զինվորը չէր, բայց վստահ՝ նա ամենահանճարեղ նվիրումի մարմնացումն էր, ամենանվիրյալը իր հարազատներին, իր ընկերներին, իր ազգային արժեհամակարգին ու իր ազգային արժանապատվությանն ու իհարկե ամենահանճարեղն էր Հայրենիքին իր նվիրումի մեջ,․․․»

Գագիկ Գինոսյան

 

2020թ․ 44-օրյա պատերազմին բազմահազարավոր հայորդիներ մասնակից եղան,  ու հազարավորները տուն չեկան, ընկան մարտադաշտում՝ դառնալով հավերժի ճամփորդ։ Անմահ հերոսների Լուսե բանակի շարքերում ընդմիշտ զինվոր մնաց նաև Հարություն Կամոյի Ստեփանյանը՝ բոլոր մտերիմների համար՝ սիրելի Հարութը։ Պատերազմի սկսվելու առաջին օրվանից «Մեծն Տիգրան» ջոկատի կազմում առաջնագծում էր։ 2020թ․ հոկտեմբերի 19-ին, Տոնաշենում մարտական հերթապահության ժամանակ Հարութը, Արթուրը, Դավիթն ու Սևակը զոհվեցին ինքնաթիռի ռմբահարումից: Ապրիլի 4-ին Հարութը կտոներ ծննդյան 50-ամյա հոբելյանը, բայց․․․ արդեն 3-րդ անգամ է՝ նրան ծննդյան օրը նշվում է առանց հերոսի ֆիզիկական ներկայությամբ։ 2003 թվականից Հարութը դարձել է «Կարին» ավանդական երգի ու պարի խմբի անդամ, այստեղ գտել ապագա կնոջը՝ Սուսաննային։ Նրանց հարսանիքի կնքահայրն էր «Կարին»-ի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ, արդեն երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանը։

Ապրիլի 4-ին՝ Հարութի ծննդյան օրը, կայացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում գործող «Կարին» ավանդական երգի-պարի խումբի պարասրահի բացումը և կոչվեց Հարություն Ստեփանյանի անունով։ Այս առթիվ Հարութի կինը՝ Սուսաննա Ադամյանն ասել է՝ ցավալի է և հուզիչ, որ ամուսնու 50-ամյակը նշում են նրա բացակայությամբ, բայց ներքուստ ուրախ է, որ մարդիկ գնահատում են առաջին հերթին Հարութ-մարդուն։ Պարասրահի կայացման և անվանակոչության նախաձեռնությունը Գագիկ Գինոսյանին էր։ Ցավ է՝ նաև ինքը՝ Գագիկը, դարձավ հավերժի ճամփորդ ու չտեսավ բացման արարողությունը։ Բայց «Կարին»-ի հիմնադրի գործը շարունակողներն իրողություն դարձրին նրա նպատակ-նախաձեռնությունը։ Այնուհետև «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճի ճեմասրահի 2 ցուցասրահներում բացվեց Հարություն Ստեփանյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որ կրում էր «Հավերժող ճախրանք» խորագիրը։  Ներկա էին Հարութի հարազատները, մտերիմները, նրան ճանաչողներ, արվեստասերներ, հյուրեր։ Ներկաներին ողջունեց Հայաստանի պետական ֆիլհարմոնյայի ցուցահանդեսների համադրող Լիա Պետրոսյանը։ Կարևորեց Գ․ Գինոսյանի դերը հայ պարարվեստի և առհասարակ մշակույթի զարգացման գործում։ Հավելեց՝ Գ․ Գինոսյանը եղել է ֆիլհարմոնիայի բարեկամը։ Իսկ լուսանկարների ցուցադրությունը Հարութ Ստեփանյանի 50-ամյա տարեդարձի հետ կապված միջոցառումների մի մասն է, որ մեծ սիրով ու նվիրումով է իրականացվել կազմակերպիչների ու ֆիլհարմոնիայի աշխատակիցների կողմից՝ որպես հիշատակի տուրք արվեստագետ-զինվոր-նվիրյալ հայրենասեր Հարութ Ստեփանյանի։ Շնորհակալություն հայտնեց   Գ․ Գինոսյանի դստերը՝ Ծովինար Գինոսյանին, ով սիրով է համագործակցել իրենց հետ։ Ծ․ Գինոսյանը տեղեկացրեց՝ նոր բացված պարասրահը հիմնանորոգվել ու գրեթե ավարտին է հասել, երբ  հայրը ողջ էր։ Օրվա ծրագիրն էլ ամբողջությամբ գրեթե Գ․ Գինոսյանի նախաձեռնությամբ է՝ նվիրված Արվեստագետին, Ընկերոջը, Զինակցին, Հային։ Խոսելով Հարութ Ստեփանյանի մասին՝ Ծ․ Գինոսյանն ասաց․ «Հարություն Ստեփանյանը հանդիսանում է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնաքարերից: Նա դեռևս 2003 թվականին կամավորագրվեց գաղափարին և մինչև իր ֆիզիկական բացակայություն եղավ «Կարին»-ի կողքին, իր լուսանկարներով անմահացրեց հարազատ խմբի գործունեությունը, ինչպես նաև ծաղկեցրեց բեմն իր ներկայությամբ: Իր լուսանկարներով մասնակցել է բազում մրցույթների, արժանացել մրցանակների: Հարություն Ստեփանյանի զոհվելուց հետո Գագիկ Գինոսյանն ուներ երազանք՝ այս սենյակը վերանորոգվի ու անվանակոչվի նրա անունով։ Այժմ արդեն Հարություն Ստեփանյանի անվան «Հայա» սրահ է։ Այս անվանումն էլ է Գագիկ Գինոսյանը որոշել, որ պետք է այս սրահը ոչ թե ուղղակի պարասրահ լինի, այլ հայ կերտելու սրահ»: Հավելեց նաև՝ Հարութը շատ էր սիրում Հայոց լեռնաշխարհը և հաճախ էր կազմակերպում արշավներ Արցախում, ՀՀ տարբեր տարածքներում, որին ինքն էլ է մասնակցել։ Պարը նույնպես եղել է մշտապես ուղեկից Հարութին։ Նրա մարտական ընկեր Մեսրոպ Քամալյանն ասել է․ «Հարութն անգամ խրամատում, իմանալով, որ պատերազմի ավարտից հետո մեր ընկերներից մեկը պատրաստվում է ամուսնանալ, պար է սովորեցրել նրան»։

Ցուցահանդեսին հաջորդեց համերգային մասը, որը վարեց դերասան-հաղորդավար Արսեն Ղազարյանը, ով ծանոթ ու բարեկամ էր և՛ Գ․ Գինոսյանի, և՛ Հարութի հետ։ Համերգի ընթացքում ցուցադրվեց հոլովակ, որտեղ նկարված էր Հարութ․ Ստեփանյանի անվան համերգասրահի հիմնանորոգման աշխատանքները։ Հաղորդավարը ներկայացրեց հոբելյարի կենսագրությունը։  Հարություն Ստեփանյանը ծնվել է 1974 թ. ապրիլի 4-ին Աբովյան քաղաքում։ Արմատներով Սյունիքից է, հայրը Մեղրիից է, մայրը՝ Խնձորեսկից: Ավարտել է Աբովյանի թիվ 6 դպրոցը, 1993-1994 թթ. ծառայել է Հայոց բանակում: Զորացրվելուց հետո Աբովյանի շրջանային հեռուստատեսությունում սովորել է օպերատորական գործը, որն էլ հետագայում դարձավ նրա սիրելի զբաղմունքն ու աշխատանքը: Ընդունվել է ՀՀ Կինոյի և ռադիոյի ակադեմիայի օպերատորական բաժինը, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: Աշխատել է «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում, այնուհետև՝ Աբովյանի քաղաքապետարանում՝ որպես ֆոտոլրագրող: Մասնագիտությամբ լինելով նաև լուսանկարիչ՝ մի շարք տեղական եւ միջազգային ֆոտոմրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը։ 2016 թ. Աբովյանում Հարությունը հիմնել է «Ժայռ» ավանդական պարի համույթը։ Արցախյան 44-օրյա պատերազմը նաև Հարութին տարավ։ Հուղարկավորված է Աբովյան քաղաքի գերեզմանատանը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի 2021 թ. մարտի 19-ի հրամանագրով Հարություն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հայկական ազգագրական, ժողովրդական, ռազմահայերնասիրական երգ ու պարերի կատարումներով ներկաներին ողջունեցին ու ոգևորեցին  «Կարին» և «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթները, Աբովյանում գործող «Թափառական» պարի համույթը, երգիչ Արսեն Համբարյանը, Բյուրեղավանի «Ծիլք» ազգագրական երգի ու պարի, ինչպես նաև ժողովրդական նվագարանների  համույթները։ Մեծ էր ոգևորությունը, հաճախ դահլիճի ողջ անկյուններում պարում էին հանդիսատեսները։ Ընթացքում ներկաներին ողջունեց նաև Գ․ Գինոսյանի Անի դուստրը՝ ասելով՝ այս պահին հոր և Հարութի հոգիները հաստատ սավառնում են Խուստուփի լանջերին, քանի որ նրանք իրենց ծննդյան օրերը մշտապես Խուստուփում էին անցկացնում։ Համերգից հետո զրուցեցի «Կարին»-ի պարուսույց Աբել Մաթևոսյանի հետ։ Ասաց՝ Գ․ Գինոսյանի մահից հետո «Կարին»-ը համերգներով հանդես է եկել ՌԴ Դոնի Ռոստով և Սանկտ Պետերբուրգ քաղաքներում։ Սա Երևանում առաջին համերգն է առանց խմբի հիմնադրի։ «Կրկնակի կարևոր իրադարձություն է մեզ համար։ 2020թ․ 44-օրյա պատերազմում զոհվեց մեր ընկեը՝ Հարութը, իսկ մեր հրամանատարը՝ Գագիկ Գինոսյանը կյանքին հրաժեշտ տվեց վերջերս։ Եվ այսօր իրականացավ հրամանատարի նախաձեռնությունը՝ բացվեց Հարութի անվան պարասրահը, որտեղ հանդես եկանք պարով։ Իսկ այս բեմում նույնպես պարտավոր էինք հանդես գալ առավել նվիրումով»։ Բյուրեղավանի «Ծիլք» ազգային երգի ու պարի պատանիների համույթի ղեկավար Միքայել Խաչատրյանը նշեց՝ իրենց քաղաքի ժողգործիքների նվագարանների համույթի /գեղ․ ղեկավար՝ Նարինե Զաքոյան/ հետ սիրով ու մեծ պատասխանատվությամբ են մասնակից եղել համերգին։ Աբովյանի «Թափառական» ազգագրական համույթը, Լուսինե Օհանյանի ղեկավարությամբ, նույնպես պարտավորված էր հանդես գալ այնպես մեծ նվիրումով։ «Կարին»-ի անդամ Հարություն Բաղդասարյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Էս սրահ մտել եմ 2008-ի հունվարի 16-ին, եկել եմ սովորելու, բայց ոչմիայն պար, կյանքիս 16 տարուց ավելն անց եմ կացրել այդ սրահում, բայց երեկ ուրիշ զգացողությամբ մտա մի սրահ, որտեղ երկու նվիրական ու կարևոր անուններ են հնչում` Գագիկ Գինոսյան, ով նախաձեռնել է այդ ամենը, և Հարություն Ստեփանյան, ում անունով կոչվեց Հայասրահը։ Գագիկ Գինոսյանը եղավ ու միշտ կմնա կյանքիս Մեծագույն Ուսուցիչը, Հարություն Ստեփանյանը երեխաներիս Կնքահայրն է, երկու անուն, որ փոխել են կյանքս, երկու անուն, որ այսօր մեզ հետ չեն։ Շնորհակալ եմ ձեզ, որ կյանքիս մի կարևոր մասը բախտ ու պատիվ եմ ունեցել ձեզ հետ քայլելու, այդ Հայասրահում դեռ շատերը պիտի քայլեն ձեր նախանշած ճամփով։ Կհանդիպենք տղերք․․․»

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։