Image

Թափառող շները, և նրանց ճակատագիրը

Երևանում և մարզերում թափառող կենդանիները վաղուց փողոցների անցուդարձի մի մասն են դարձել: Երևանի կենտրոնական փողոցներում անցորդները զվարճանքով են նայում անտուն կատուներին ու շներին, լուսանկարում նրանց, երբեմն նույնիսկ մոտենում և շոյում: Օրինակ՝ Կասկադում թափառող կենդանիները այնքան հանգիստ վարք ունեն, որ բացօթյա սրճարանների այցելուները շատ հաճախ կերակրում են նրանց, իսկ սրճարանների տերեր չեն էլ փորձում նրանց հեռացնել տարածքից:

«Ես կենդանիներին շատ եմ սիրում: Երբեմն իմ ափսեից մսի կտոր եմ տալիս այստեղի շունիկներին, նրանք մեզ չեն խանգարում, շատ մարդամոտ են ու կարծում եմ՝ անվտանգ: Միշտ կուշտ են ու ուտելիքի համար մեզ չեն անհանգստացնում, ուղղակի կերակրելուց հաճույք ենք ստանում».- պատմում է սրճարանում գործընկերների հետ իր ընդմիջումը անցկացնող Անին:

Սակայն միշտ չէ, որ պատկերն այսպիսինն է: Չնայած նրան, որ մենք ապրում ենք  քսանմեկերորդ դարում, քաղաքի ծայրամասերում կամ մարզերում իրավիճակը լրիվ այլ է: Աղբակույտերի, շենքերի կամ բնակելի տարածքների աղբատարների մոտ հանդիպում ենք տասնյակ անտուն կատուների ու շների: Եթե կատուները մարդկանց ֆիզիկական վնաս հասցնել չեն կարող, շների դեպքում իրավիճակը այլ է: Թափառող  շները  մարզերում կարողացել են վախի մթնոլորտ ստեղծել:

«Ես իմ  պարապմունքները վերջացնում եմ, երբ մութն արդեն ընկած է լինում, ու միշտ հետ-հետ նայելով եմ տուն գնում. Ճանապարհին շատ շներ կան, իսկ մենք վախենում ենք  նրանցից, քանի որ շատ է պատահում, որ հարձակվում են:  Միշտ վախով եմ տուն գնում, հիմնականում զանգում եմ հայրիկիս, որ նա մեքենայով ինձ տուն տանի»-, պատմում է Նոր Խարբերդի բնակիչ  փոքրիկ Արմենը:

Մայրաքաղաքի համեմատ շրջանների շները ավելի ագրեսիվ են ու մութն ընկնելուց հետո մարդկանց համար իսկական գլխացավանք են դառնում:

 «Ես ապրում եմ մեր դաշտի հարևանությամբ, էնպես է ստացվել, որ մեր տունը մնացածի տներից հեռու է: Ունեմ 4 երեխա ու անգամ ցերեկով վախենում եմ նրանց դուրս թողնել, իսկ մթնշաղից հետո իսկական դժոխք է սկսվում. տասնյակ սոված ու անտուն շներ են թափառում: Սուտ է, որ ասում են՝ կատաղած չեն.  նույնիսկ մեքենաների վրա են  խմբով հարձակվում, անգամ մեքենայի մեջ նստած սարսափահար ենք լինում: Այս խնդիրը վաղուց կա: Մեկ-մեկ հավաքում են նրանց ու տանում, բայց որոշ ժամանակ հետո էլի բաց են թողնում, ու ամեն բան սկսվում է նորից»,- ասում է Հայկը:

 

Պաշտոնական վիճակագրությունը՝  շների հարձակումների մասին

Անցած տարի ամեն օր Հայաստանում առնվազն 15 մարդ է թափառող շների հարձակման զոհ դարձել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեպքերը տարեցտարի ավելացել են: Հինգ տարի առաջ 3296 մարդ է տուժել շների հարձակումներից, 2022-ին՝ մոտ 80 %-ով ավելի՝ 6512 մարդ, իսկ 2023-ին՝ 6919 մարդ: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ դեպքերի թիվը սիստեմատիկ աճ է գրանցում,  իսկ լուծումներ դեռևս չկան կամ կան և չեն գործում:

 

Շները, կատաղությունն ու դրա հետևանքները

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ կա փողոցային շների, կատուների դեմ պՋատվաստման խնդիր: 

«Ոչ ոք չի ստուգում՝ կենդանիներն իրականում պատվաստե՞լ են, թե՞ ոչ: Ականջին պիտակներ են դնում, ու մարդիկ մտածում են, որ եթե ականջին կա փակցված պիտակ, ուրեմն՝ անվնաս է, բայց դա այդպես չէ: Պրակտիկան պահանջում է, որ պատվաստումից 8-9 ամիս հետո  ստուգվի կատաղության դեմ հակամարմինները կա՞ն, թե՞ ոչ: Շներին տարին մեկ պետք է պատվաստել կատաղության դեմ: Անկախ նրանից, թե ինչ շուն է կծել, պետք է անպայման գնալ և ստանալ իմունոգլոբուլինային բուժում՝ կատաղության դեմ, որովհետև, եթե շունը կատաղած լինի, և 24 ժամում անձը, որին նա կծել է, գոնե հակամարմինների առաջին դոզան չստանա, ապա դա 99 %-ով կարող է հանգեցնել մահացության»,- ասում է Գրիգոր Գրիգորյանը:

 

Մարդիկ ավելի դաժան են

Ցավոք, մեր հասարակությունում կան անհատներ, ովքեր կենդանիների հանդեպ դրսևորում են գազանային, մարդուն ոչ բնորոշ վարք: Կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցում մարդիկ դաժան վերաբերմունքի են արժանացնում կենդանիներին, նրանց վրաերթի են ենթարկում, իսկ հետո անօգնական թողնելով կենդանուն ճանապարհին` հեռանում են: Մարդիկ նաև վերցնում են կենդանիներին իրենց խնամակալության տակ, իսկ որոշ ժամանակ անց հիվանդության կամ որևէ այլ պատճառով ուղղակի հրաժարվում են նրանցից՝ թողնելով իրենց կենդանիներին  փողոցում  բախտի քմահաճույքին:

 

Օրենքը՝ կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մասին


2019-ից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար օրենքով քրեական պատիժ է սահմանվել․ հիմա թափառող շներին այլևս չեն վերացնում, նրանց ստերջացնում են ու վնասազերծում։ Միայն թե այդ պրակտիկան մինչ օրս շարունակաբար կիրառվում է միայն մայրաքաղաքում։ Մարզերում հաստատված կանոնակարգը դեռևս չի գործում։ Արդյունքում ոչ միայն մարզերի բնակիչների կյանքն է վտանգվում, այլև՝ մայրաքաղաքի, քանի որ շատ հաճախ կենդանիները հարևան համայնքներից Երևան են գալիս։ Իսկ կենդանիների հանդեպ մարդկան դաժան վերաբերմունքը կանխելու համար գործում է Քրեական օրենսգրքի 307 հոդվածը.

 

 Հոդված 307. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

  1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Կենդանին մարդու բարեկամն է

«Ես ամեն ամիս փոխանցումներ եմ անում X կազմակերպությանը․ անտարբեր անցնելն անհնար եմ համարում: Ուղղակի վստահ եմ, որ գումարը միշտ իր նպատակին է ծառայում, քանի որ իրենք սոցիալական հարթակներում միշտ կիսվում են հաշվետվություններով, նկարներով, կենդանիների վերականգնման ընթացքով: Մենք պետք է ընկալենք, որ կենդանին մարդու բարեկամն է, և օգնենք նրանց:»,-ասում է Ս. Փ-ն:

Կենդանուն իրենց ընկերը համարողները շատ են: Սոցիալական կայքերում շատ կհանդիպենք անհատների և արդեն տարիներ շարունակ գործող կազմակերպություների, որ օգնում են անտուն մնացած, հիվանդ, վթարի ենթարկված, այլ անձանց կողմից դաժան վերաբերմունքի ենթարկված կենդանիներին: Այս ամենը այդ անհատները և կազմակերպությունները անում են անշահախնդիր՝ հաճախ կլինիկաներում մեծ պարտքեր կուտակելով: Կենդանիների ամենահայտնի ապաստարաններից մեկը Հայաստանում «Դինգո թիմ» ընկերությունն է, որի տանիքի տակ ավելի քան 200 կենդանի է ապաստանում ներկա պահին:

Անժելա Խաչատրյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։