Image

Նվիրված Բերձորի ազատագրման օրվան

32 տարի առաջ իրականացավ Արցախյան շարժման գաղափարը՝ ՄԻԱՑՈՒՄԸ։ 1992թ. մայիսի 18-ին, Շուշիի ազատագրոիմից 10 օր անց, ազատագրվեց Լաչին քաղաքը, որը 20-րդ դարասկզբից, դեռևս Ավդալլար անունով փոքր գյուղ, դարձել էր անջրպետ Արցախի ու Սյունիքի միջև։ Այստեղ փակվեց նաև Անդրանիկի մուտքը դեպի Արցախ: Բացվեց Գորիս-Ստեփանակերտ ցամաքային ճանապարհը՝ Կյանքի ուղին։

1994-ի սկսզբից Լաչինը վերանվանվեց Բերձոր և դարձավ Արցախի 7-րդ շրջանի՝ Քաշաթաղի վարչական կենտրոնը։ Վերահայացած մեր հայրենիքում շուտով բացվեցին դպրոցներ, Բերձորում եւ Աղավնոյում կառուցվեցին եկեղեցիներ, հիմնանորոգվեց Ծիծեռնավանքը։ Բերձորը դարձավ Պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների՝ ազատագրված մի քանի գավառների՝ Աղահեճք-Քաշաթաղ, Հաբանդ, Քաշունիք, Կովսական, Բերդաձոր, Վայկունիք և այլն, իրար միավորող կենտրոնը։ Բացի հանրակրթական դպրոցներից, Բերձորում սկսեց գուրծել նաև արվեստի և սպորտի դպրոցը, որը դարձավ շրջանի մարզամշակութային կենտրոններից մեկը։ 2006-2014 թվականներին դպրոցը տնօրինում էր Գոռ Մանուկյանը, ով ուներ և մարզական և երաժշտական կրթություն։ Եվ այդ տարիներին Բերձորի արվեստի ու սպսրտի դպրոցը մեծ հաջողությունների հասավ։ Արվեստի բնագավառում հատկապես զարգացավ կերպարվեստի բաժինը՝ ուսուցչուհի Տաթև Բաբայանի շնորհիվ։ Վատ չէր պարարվեստի վիճակը։ Մարզական առումով դպրոցն աչքի ընկավ հանդբոլի, հեծանվի, ձյուդոյի, շախմատի բաժիններով։

Արցախի հանդբոլի աղջիկների հավաքական թիմում հիմնականում բերձորցի մարզուհիներն էին: Գ. Մանուկյանի կազմակերպմամբ Ստեփանակերտում 2011թ. մայիսին տեղի ունեցավ հեծանվավազքի միջազգային առաջնություն՝ նվիրված Արցախյան գոյամարտի Անմահ հերոս «Սասնա ծռեր» ջոկատի լեգենդար հրամանատար Սամվեր Գևորգյանի հիշատակին: 100 կմ վազքում`Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, մրցեցին 6 երկրների հեծանվորդներ: Դպրոցը ձյուդոյի դասարաններ ուներ նաև շրջանի այլ բնակավայրերում՝ Կովսական, Ուռեկան, Փակահան և այլն։ նույն մասնաճյուղերի սաներից կովսականցի Մոնթեն, Հովհաննեսը, վուրգավանցի Աշոտը, Բերձորից հեծանվորդ Վահագն Բաբայանը, ով ավարտեց Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, Հայոց բանակի փոխգնդապետ էր, ֆուտբոլիստներ Ժորա Սարգսյանը, Գոր Սարգսյանը, Հունան Խանամիրյանը 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացան ու նահատակվեցին: Նույն պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում. կրկին գերության մեջ մնաց Քաշաթաղը, իսկ 2023-ի սեպտեմբերից հայաթափ է ողջ Արցախը։ Սակայն մենք երբևէ չենք համակերպվի այդ իրականությանը, և միշտ պետք է ազգովի պայքարենք տուն վերադարձի մասին։ Գոռ Մանուկյանը 44-օրյայի ժամանակ դարձյալ Արցախում էր ու մեծ աշխատանք կատարեց իր թիմի հետ։ Պատերազմից հետո ստեղծեց «Միհր» մշակութային կրթամարզական հասարակական կազմակերպությունը։ «Միհր»-ի ստեղծման օրվանից շատ պատանիներ ու աղջիկներ են ընդգրկվել մարզումներում, ստացել հայի արժեհամակարգի դաստիարակություն։ Գ․ Մանուկյանի նպատակն է նաև՝ շարունակել Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի գործունեությունը Երևանում՝ հավատով՝ ինչ-որ ժամանակ անց՝ նաև՝ Բերձորում։ Մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման 32-ամյա տարեդարձի օրը, Երևանում՝ Այգեձորի առաջին նրբանցք 76 հասցեում, բացվեց «Միհր»-ի նոր կենտրոնը, որտեղ գործելու է նաև «Flexible_bodyflex» արվեստի և սպորտի դպրոցը՝ որպես «Միհր»-ի դուստր կառուց, որի հիմնադիր տնօրենն է Նունե Ներսիսյանը։ Նորաբաց կենտրոնի դասասենյակներում ու դահլիճներում Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի սաների նկարներն են, որոնք ստեղծվել են տարիներ առաջ հարազատ կրթօջախում։ Նույն սաներից շատերը հետագայում էլ ուսումը շարունակեցին արվեստի ուսումնական հաստատություններում։

Մի անկյուն նվիրված է Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի մարզական բաժնի այն սաներին, ովքեր դարձան Անմահ հերոս 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պատերին նաև «Միհր»-ի գործունեության ընթացքում կայացած մարզումների, ճամբարների, արշավների և այլ միջոցառումների մասին պատմող լուսանկարներ են։ «Միհր»-ը մասնաճյուղեր ունի նաև ՀՀ մարզերում։ Նոր դպրոցի բացմանը ներկա էին զինվորականներ, արվեստի և սպորտի բնագավառների ներկայացուցիչներ, «Միհր»-ի աշխատակիցներ, աջակիցներ, բերձորցիներ, հյուրեր։ Մուտքի կարմիր ժապավենի կտրելու պատիվը տրվեց «Միհր»-ի աջակից, զինվորական Ռազմիկ Պետրոսյանին։ Ներկաներին ողջունեցին «Միհր»-ի սաները՝ Հայոց Այբուբենով։ Ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան երգիչ Արսեն Համբարյանը, «Հայ լաո» հայկական երաժշտական ռոք-դուետի Տիգրան և Վարդան Թադևոսյան երկվորյակ եղբայրները։ Ընթացքում էկրանին ցուցադրվում էր «Միհր»-ի մասին պատմող տեսաֆիլմ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Գոռ Մանուկյանը՝ կարևորելով իր ղեկավարած հասարակական կազմակերպության դերը հայ պատանիների կրթման գործում՝ հայտնելով շնորհակալություն բոլոր աջակիցներին, իր ընկերներին։ Նշեց՝ կենտրոնի բացման օրը պատահաբար չէ ընտրվել. նվիրված է Բերձորի ազատագրման օրվան: Այնուհետև եղավ պարգևատրման արարողություն։ ՀԿ-ի մոտ 10 աջակից ու ներկայացուցիչ պարգևատրվեցին շնորհակալագրով ու մեդալներով։ Շնորհակալագրի և գովեստի արժանացավ նաև Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Տաթև Բաբայանը։ Կենտրոնում գործելու են մարզական ու մշակութային մի շարք բաժիններ (Բռնցքամարտ, Քիք բոքս ՄՄԱ Այկիդո, Ըմբշամարտ, Կարատե, Լատինաամերիկյան և Եվրոպական պարեր, Հայկական և տարբեր ազգերի ժողովրդական պարեր, Մոդելային և թատերական արվեստ, Կերպարվեստ), որոնք դասավանդում են արհեստավարժ մասնագետներ: 

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։