Image

Նժդեհյան ոգով, Ազնավուրյան երգով, Գինոսյանական պարով

«Ծանոթանանք... Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,

Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,

Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի։

Մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ․․»։

Գագիկ Գինոսյան

 

Մայիսի 22-ին ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) կդառնար 100 տարեկան, սակայն 2018-ին հոկտեմբերի 1-ին Մեծ հայը կնքեց մահկանացուն։ Մայիսի 22-ին է ծնվել նաև ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից, Հայաստանի և Արցախի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ 2021թ․ մարտի 31-ին 82-ամյա գեներալի՝ Շուշիի ազատագրողի սիրտը չդիմացավ։

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտությունը շատերի վրա ծանր ազդեցություն թողեց։ Մեծ հայերի ծննդյան օրը Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցում կայացավ ցերեկույթ՝ նվիրված հայ ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հիշատակին ու Նժդեհյան գաղափարախոսությանը։ «Ոգի-գաղափար-ինքնություն» խորագիրը կրող ցերեկույթը նախաձեռնվել և կազմակերպել էր նույն դպրոցի ազգագրական պարերի ուսուցչուհի Զեփյուր Դովլաթյանը՝ տնօրինության, ուսուցիչների ու աշակերտների աջակցությամբ: Ներկա էին Գագիկ Գինոսյանի հարազատներ, ընկերներ, մտերիմներ, արվեստագետներ, զինվորականներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր։ Դպրոցի դահլիճի բեմի աջ կողմում Նժդեհի ու Անդրանիկի, Արցախյան առաջին գոյապայքարում ու 44-օրյա պատերազմում նահատակված Անմահ հերոսների լուսանկարներով պաստառ էր՝  «Ողջույն, տղեր՛ք» վերնագրով։ Տղերքի կողքին պատվոպահակ էին կանգնել «Ապագա զինվոր» դպրոցի (ղեկավար՝ Սամսոն Մուրադյան) սաները։

Ձախ անկյունում Նժդեհի ու Գագիկ Գինոսյանի նկարներն էին՝ ներքևում «Ոգի-գաղափար-ինքնություն» խոսքը: Ցերեկույթը, Շառլ Ազնավուրի մասին ներկայացնելով, բացեց դպրոցի ուսմասվար Մարիամ Ոսկանյանը: Կարևորեց Ֆրանսիայի մայրաքաղաքում ծնված մեծ երգչի դերը հայ ժողովրդի ներկայացման գործում: Իր մահից հետո էլ Ազնավուրը պատմում է հայերի մասին: Եթե Ազնավուրը մշակույթի գործիչ էր, ապա Կոմանդոսը մեր մասին աշխարհին ներկայացրեց իր ռազմական տաղանդով: Թիֆլիսում ծնված հայորդին չէր կարող անմասն մնալ Արցախյան գոյամարտից, ու նրա հրամանատարությամբ հայ ռազմիկները շատ սխրանքներ գործեցին՝ Շուշիի ազատագրումը՝ մեծ օրինակ: Ներկայացնելով նաև ռազմական մեծ տաղանդի տեր գործչին՝ Մ. Ոսկանյանը բարձրաձայնեց նաև իրենց կրթօջախի այն սաների անունները, ովքեր դարձել էին Հայոց բանակի զինվոր ու նահատակվեցին 44-օրյայի ընթացքում: Դպրոցի տնօրեն Նաիրա Զաքարյանը, ողջունելով ներկաներին, նույնպես խոսեց հայի իսկական արժեհամակարգի տեր մարդկանց մասին։ Նշեց՝ իր ղեկավարած կրթօջախում հաճախ են նման հանդեսներ կայանում, և հայրենանվեր այս սովորույթը գալիս է դպրոցի հիմնավորման սկսզբից՝ 1963 թվականից: Հավելեց՝ 1988-2017 թվականերին դպրոցը ղեկավարել է իր ուսուցիչը՝ ստեղծագործող մանկավարժ Գրիգոր Ռուբենի Սաֆարյանը, ում ազդեցությունը շարունակվում է: Շնորհակալություն հայտնեց ներկաներին ու ցերեկույթի կազմակերպիչներին, որ օրեր շարունակ աշխատել են՝ հայոց ոգին Նժդեհյան գաղափարն ու մեր ինքնությունը ներկայացնելու համար։ Այնուհետև դահլիճ մտան դպրոցի սաները՝ վառվող մոմերը Նժդեհի ու Գ. Գինոսյանի մեծադիր նկարների տակ տեղադրելով։ Ու մոտ 2 ժամ դահլիճի բեմում նրանք էին՝ հանդես գալով հայկական ազգագրական ու ռազմահայրենասիրական երգ ու պարով: Մի պահ նրանց միացավ նաև Գուսան Հայկազունը, երբ հնչեց նրա հեղինակած երգերից մեկը: Պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկավ նաև դպրոցի ուսուցչուհիների պարախումբը: Աշակերտները ներկայացրեցին նաև Գ. Գինոսյանի կենսագրական տվյալներ: 

Ծնվել է 1966թ. օգոստոսի 3-ին Ջավախքի Ախալցխա քաղաքում։ 1972-1982 թթ․ սովորել և ավարտել է Ախալցխայի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1990 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետը: Եղել է «Վան» և «Ակունք» ազգագրական համույթների կազմում։ Արմատներով լինելով Կարին քաղաքից՝  հիմնել է «Կարին» ավանդական երգ ու պարի խումբը՝ ղեկավարելով այն մինչև 2024թ. փետրվարի 6-ը, երբ նրա սիրտն էլ չդիմացավ հայրենիքի ծանր կորուստների բեռին: 1985-1987 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում: Մասնակցել է Արցախյան պատերազմին։ Եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի զինվոր։ Ներկայացվեց նաև 1942թ․ նոյեմբերի 22-ին Թիֆլիսում ծնված ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանը, ով 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ կազմավորել է «Ազատագրական բանակ»-ը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ 1992 թվականի հունիսի 21-ին Լեոնիդը նահատակվեց Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ։ Նժդեհյան գաղափարակիր Գ․ Գինոսյանն սպայի կոչումով 1994 թվականից ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2001-2008 թթ․ աշխատել է Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցում որպես զինղեկ։ Մասնակցել է նաև 2020թ․ 44-օրյա պատերազմին։

Ցերեկույթի մասնակից, ճանաչված օպերային երգիչ Վահրամ Թադևոսյանը՝ Վանո Թադեոն, հանդես եկավ Շառլ Ազնավուրի երգերի կատարումով՝ նվիրված Արցախյան գոյամարտերում նահատակված բոլոր քաջորդիների ու Գ․ Գինոսյանի, Մկրտիչ Մկրտչյանի՝ Մակիչի, Սահակ Սահակյանի և խաղաղ օրերին վախճանված մշակութային ու ռազմական գործիչների հիշատակին։ Երգիչ Արսեն Համբարյանը հանդես եկավ Նժդեհին նվիրված իր հեղինակած երգերով։ Ընթացքում եղան նաև ելույթներ ներկա արվեստագետների կողմից։ Երգիչ Դավիթ Ամալյանը, ում Վարդան որդին նույնպես նահատակվեց 44-օրյա պատերազմում՝ Շուշիի մատույցներում, կարևորեց նման հանդեսները՝ հայտնելով շնորհակալություն կազմակերպիչներին ու դպրոցի սաներին, որ կարողացան ընթացքում ոգևորել հանդիսատեսին։ Ցերեկույթի կայացումը բարձր գնահատեցին գրող Վրեժ Սարուխանյանը, «Մարաթուկ» համույթի գեղարվեստական ղեկավար Երվանդ Թորոսյանը, Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Անի Գինոսյանը։ Աազգագրական, ժողովրդական ու ռազմահայրենասիրական երգերի հրաշալի կատարող, երգչուհի Գոհար Հովհաննիսյանը ողջունեց ցերեկույթը և դպրոցի սաների հետ երգեց ազգագրական երգերի շարան, հայտնեց շնորհակալություն կայացած ցերեկույթի և կատարված աշխատանքի համար։ «Ակունք» համույթի երգչուհի Աննա Թովմասյանը հանդես եկավ օրորոցային երգի կատարումով։ «Մասունք»ի խմբից Տիգրանը նույնպես անմասն չմնաց․ մեծ էր ոգևորությունը, և դպրոցի սաների հետ «Յարխուշտա» էր պարում։ Հյուրերից Ռոման Բալայանը դպրոցին նվիրեց Շառլ Ազնավուրի և Գարեգին Նժդեհի նկարները և շնորհակալություն հայտնեց Նժդեհյան ոգով կայացած ցերեկույթի համար։ Ցերեկույթին ներկա էին նաև «Հանուն հայրենիքի» հասարակական կազմակերպության նախագահ Ներսես Ներսեսյանը և անդամ Վլադիմիր Նիկողոսյանը։ Ն․ Ներսիսյանը բարձր գնահատեց կազմակերպիչների աշխատանքը և իր ղեկավարած ՀԿ-ի կողմից Զ․ Դովլաթյանին հանձնեց պատվոգիր, որում գրված է. «Հանուն հայրենիքի ՀԿ-ն, բարձր գնահատելով Երևանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի սաներին ազգագրական երգի ու պարի միջոցով ՆԺԴԵՀՅԱՆ ոգեղեն գաղափարախոսության հետ հաղորդակից դարձնելու պարուսույց  Զեփյուռ Դովլաթյանի անմնացորդ ջանքերը, նրան նվիրում է Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի կիսանդրին։ Համոզված ենք, որ հավատարիմ մնալով մեր նախնիների բնապաշտական աշխարհընկալումները և ՆԺԴԵՀԻ վեհ գաղափարներին՝ մենք միասնական ուժերով կընթանանք դեպի հայ ժողովրդի վերջնական հաղթանակ՝ մեր կորուսյալ Հայրենիքի վերատիրման ու ամբողջական Հայաստանի վերակերտման բաղձալի նպատակի իրականացում»: Արդեն մի քանի անգամ ներկա եմ եղել այս կրթօջախում կայացած տարբեր միջոցառումների, և կա մի ընդհանրություն՝ հայրենասիրություն, մատաղ սերնդի ճիշտ դաստիարակություն:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։