Image

Կայացավ 17-րդը

Հունիսի 2-ին Վանաձոր քաղաքում կայացավ «Հնչի՛ր, շեփոր, հաղթական» ՀՀ փողային նվագախմբերի արդեն ավանդույթ դարձած համահայկական հերթական շքերթ-փառատոնը: 2005թ. այս հետաքրքիր փառատոնի հիմքը դրվեց ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (տնօրեն՝ Տիգրան Բալոյան) և ՀՀ երաժշտական ընկերությունների ու Մշակույթի աջակցության հիմնադրամի կողմից:

Ինչպես նշեց ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավար ու փառատոնի հիմնադիրներից ՀՀ վաստակավոր մանկավարժ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սամվել Բալոյանը, ով մշտապես ներկա է լինում միջոցառմանը, Վանաձորում կայացավ 17-րդ փառատոնը, որը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 ամյակին: Սկզբնական շրջանում այս շքերթ-փառատոնը տեղի է ունեցել յուրաքանչյուր տարի 1 անգամ ՀՀ տարբեր վայրերում՝ նվիրված ինչ-որ կարևոր հոբելյանի: 2020թ. Կորոնավիրուսը խանգարեց, ու  այսու հետ այն կայանալու է 2 տարին մեկ: Հաջորդը 2026-ին է լինելու: Հավելեց նաև՝ փառատոնին մասնակցել են մոտ 20 փողային նվագախումբ՝ Երևանից ու տարբեր մարզերից՝ ընդհանուր 520 հոգի: Փառատոնի կայացմանը աջակցել, մասնակիցներին ողջունել ու շնորհավորել է Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավար Արկադի Ֆելեշյանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը: Մշակութային այս փառատոնին 2006 թվականից մասնակից են նաև ՀՀ Երկրապահ կամավորականների միության(ԵԿՄ) «Պատանի երկրապահ» ակումբի սաները: ՀՀ ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի «Պատանի երկրապահ» ակումբն ունի թմբկահարների խումբ, որը մշտապես մասնակից է եղել այս փառատոնին՝ հիմնականում առաջինը հանդես գալով՝ ազդարարելով միջոցառման սկիզը:

2006 թվականից սկսած՝ Էրեբունու պատանի երկրապահներն անցնում են ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված երաժշտական դասընթացներ՝ կատարելագործվելով և՛ երաժշտական, և՛ ռազմահայրենասիրական բնագավառներում: Իրենց ղեկավար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ ակտիվորեն մասնակից են լինում նաև կրթական, մշակութային ու ռազմահայրենասիրական տարբեր միջոցառումների Երևանում, մարզերում: Տարբեր միջոցառումների ժամանակ ներկա եմ եղել նրանց ելույթներին; Առավել ակտիվ են հատկապես ամռանը Սևանա լճի ափին յուրաքանչյուր տարի կազմակերպվող պատանի երկրապահների ճամբարում: Հունիսի 2-ին Վանաձոր քաղաքում Ս. Խաչատրյանի ղեկավարությամբ՝ պատանի երկրապահ-թմբկահաները նույնպես այնտեղ էին: Նրանց էին միացել նաև ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի «Պատանի երկրապահ» ակումբի սաները՝ Սվետա Սարգսյանի հրամանատարությամբ  և դրոշակակիր վաշտի հրամանատար Կամո Նազարյանի ղեկավարությամբ: Նմանատիպ միջոցառումներին մշտապես մասնակից է նաև ՀՀ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի ՀՀ ԵԿՄ տարածքային բաժանմունքի փողային նվագախումբը՝ դիրիժոր Միհրան Խաչատրյանի ղեկավարությամբ: Ս.  Խաչատրյանը տեղեկացրեց՝ իրենց այցը Վանաձոր աջակցել է ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Խմբին ուղեկցել են նաև ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի նախագահ Սուրեն Գևորգյանը և փոխնախագահ Ալյոնա Ստեփանյանը: Ս. Խաչատրյանը տեղեկացրեց նաև՝ մասնակից խմբերը՝ միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ, անցել են Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայով և հասել հրապարակ՝ յուրաքանչյուրը կատարելով երաժշտական մեկ համար: Վերջում մասնակից խմբերը կազմակերպիչների կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և  արժանացել այլ խրախուսանքների: Փառատոնի ավարտից հետո խմբերը մեկնել են Վանաձորի մոտակա բնակավայրեր կամ քաղաքի այգիներ և հանդես եկել համերգներով: Պատանի երկրապահնեը հանգստացել են Դևբեդ գետի ափին և վերադարձել տուն:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։