Առանց Ռաֆայել Ղարագյոզյանի, Ռաֆայել Ղարագյոզյանի հետ
Այս «տարօրինակ» վերնագիրը ծնվեց յուրօրինակ միջոցառմանը մասնակցելուց հետո: Շուքով նշվեց քաղաքում, երկրում հայտնի Ղարագյոզյան տոհմի ավագագույն ներկայացուցիչ, պետական, հասարակական անվանի գործիչ, Ռուսաստանի վաստակավոր շինարար, Վանաձորի Պատվավոր Քաղաքացի...իր մահկանացուն չորս տարի առաջ կնքած այր Ռաֆայել Ղարագյոզյանի ծննդյան 100-ամյակը:
Ղարագյոզյան տոհմի ճյուղերից մեկի հիմնադիր Հմայակ Ղարագյոզյանի երեք որդիների և դստեր մեծուփոքր ժառանգները՝ այրեր, կանայք, թոռներ ու ծոռներ, գլուխ խոնարհեցին ննջեցյալ Ղարագյոզյանների շիրիմների առջև, ծաղիկներ դրեցին պատվանդաններին, նաև ծաղիկներ, «100» վերտառությամբ ծաղկեպսակ՝ Ռաֆայել պապի շիրիմին:
Տոնակատարությանը հոբելյարի կյանքի ու գործունեության կարևորագույն դրվագները հարազատներին ներկայացրեց արարողապետ կրտսեր եղբայրը՝ Վանաձորի Պատվավոր Քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանը: Ռաֆայելը տան ավագն է: Սովորել է քաղաքի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 դպրոցում: Որպես փականագործ աշխատել է քիմկոմբինատում: Մասնակցել է Հայրենականն Մեծ պատերազմին՝ կրտսեր հրամանատար, սերժանտ: Ծանր վիրավորվել է, զորացրվել և աշխատանքը շարունակել է քիմկոմբինատում, ղեկավարել փականագործների բրիգադը: Որպես աշխատանքների հմուտ կազմակերպիչ՝ Ռաֆայելին գործուղել են Չեչնիա՝ Գրոզնիում կառուցվող քիմկոմբինատի հատուկ վարչության պետ:Հետո՝ Նևինամիսկում՝ շինվարչության պետ, Ստավրոպոլում՝ շինվերանորոգման տրեստի կառավարիչ: 1971թ. առաջ են քաշում, նշանակում Ստավրոպոլի երկրամասի բնակարանային-կոմունալ տնտեսության կառավարիչ: 1969թ. նրան շնորհվել է ՌԴ վաստակավոր շինարարի պատվավոր կոչում: Պարգևատրվել է ԽՍՀՄ «Աշխատանքային կարմիր դրոշի», «պատվո նշան» շքանշաններով:
Նա օգնության ձեռք է մեկնել հայրենի քաղաքին, երկրին. ապահովել է ջրատաքացուցիչներով,սանտեխնիկայով, համակցված կերերով, նորագույն ջերմոցներով, անհրաժեշտ այլ միջոցներով: ՀՀ կառավարության հրավերով 1977թ. վարադարձավ և ստանձնեց ՀՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրի առաջին տեղակալի պաշտոնը: Վանաձորում կազմակերպել է ՀՀ «Կոմունալ պրոյեկտ» ինստիտուտի մասնաճյուղը, Սպիտակի երկրաշարժից հետո լծվել է աղետի գոտու վերականգնողական աշխատանքներին՝ / «ՈՒՍ-606» շինկազմակերպության գլխավոր ինժեների տեղակալ/աշխատանքային հարուստ փորձը փոխանցելով երիտասարդ մասնագետներին: Շուրջ 20 տարի ղեկավարել է Վանաձորի Աշխատանքի և պատերազմի վետերանների խորհուրդը, իսկ 2008թ.-ից մինչև կյանքի վերջը՝ նույն կազմակերպության մարզային խորհուրդը: Հոգատար է եղել ընտանիքի, ընկերների և աշխատողների նկատմամբ, հարեհաս էր իրեն դիմողներին: Ի դեպ, Ռաֆայել Ղարագյոզյանի մասին ընթերցողն առավել հետաքրքիր, բավարար տեղեկություններ կարող է ստանալ առաջիկայում հրատարակվելիք «Ղարագյոզյան տոհմի պատմությունը» գրքից, որի արարման հեղինակը կրտսեր եղբայր Վանդոսն է:
Նահապետի ծննդյան օրերը այս կամ այն կերպ նշվել են տարբեր տարիների, բայց 90 ամյա հոբելյանը գերդաստանն արժևորվել է առավել համահավաք ու բազմամարդ: Ներկաները հիշում են, որ իրենք խոստացան 100-ամյակը տոնել մեծ շուքով ու պատիվներով: Նրանք Նահապետին «պարտադրեցին», որ անպայման ներկա լինի իր ծննդյան 100-ամյակին:Նահապետը խոստացավ: Այդ առիթով կոնյակի մի մեծ շշի վրա նշեցին, որ այն կբացվի ճիշտ ծննդյան օրը: Անակնկալ էր մատուցել «Մաշտոց» կրաթա-մշակութային կենտրոն» ՀԿ-ն, որը 90-ամյա հոբելյանի առթիվ Ռաֆայել Ղարագյոզյանին արժանացրել էր «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով պարգևատրման: «Կոնյակի պատմությունից» հետո Հկ-ի խորհրդի ներկա անդամների կարճ խորհրդակցությունից հետո նախագահ Գագիկ Աթաբեկյանը հայտարարեց՝ «Մեդալը բոլորի ներկայությամբ տիրոջը կհանձնվի 100-ամյակի տոնակատարության օրը»: Հոբելյարը այս անգամ էլ սիրով համաձայնեց: Սակայն «խոստումը» չկատարեց: Նա իր մահկանացուն կնքեց 96 տարեկան հասակում՝ դաժան հիվանդությունից՝ «քովիդ» համաճարակից:
Եվ ահա՝ 10-տարի անց հիշյալ կոնյակի շիշը, ինչպես «սահմանված էր», բացվեց, և ժառանգները հարգուկարգով վայելեցին: «Արվեստագետ» Հկ-ի նախագահ, նույնանուն հանդեսի գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը հիշեցման կարգով ընթերցեց «Մաշտոց» Հկ-ի որոշումը՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով 10 տարի առաջ պարգևատրման մասին: Գերդաստանի միաձայն ցանկությամբ՝ մեդալը Ռաֆայել Ղարագյոզյանի թոռ, ռուսաստանաբնակ գործարար, շինարար Ռաֆայել Ղարագյոզյանին հանձնեց ՀԿ-ի պատասխանատու քարտուղար Վանդոս Ղարագյոզյանը:
Նույն օրը մեկ անակնկալ էլ կար. նույն օրը հոբելյանական էր նույն տոհմի մեկ այլ ներկայացուցիչի՝ Վանաձորի Պատվավոր Քաղաքացի, սպորտի երախտավոր, Ռաֆայել Ղարագյոզյանի Ալբերտ եղբոր որդի, նախկինում հայտնի մարզիկ, ՀՀ դահուկային սպորտի բազմակի չեմպիոն, գործարար, հարեհաս ընկեր Աշոտ Ղարագյոզյանի համար: Իր իսկ խոսքով՝ տոնակատարության ընթացքում լրացավ իր ծննդյան 70-ամյակը:
Տոնակատարությունը վկայեց սերունդների միջև անխզելի կապի հարատևության մասին, ակնածանքը Մեծանուն նախորդի օրինակելի վարքուբարքի, անուրանալի վաստակի նկատմամբ, իր ժողովրդին հայրենաշունչ աշխատանքով մեծ ծառայություններ մատուցած Մարդու գործունեության արժևորումն ու գնահատանքը: Չէ՞ որ Մեծանուն նախորդը փառք ու պատիվ է ավելացրել հենց նաև իրենց համբավավոր տոհմի անվանը:
Գագիկ Անտոնյան
Լրագրող, գրող, Ղարագյոզյան տոհմի բարեկամ