Image

«Դավիթբեկյան ուխտեր»

Սյունյաց 2 հզոր զորավարներ Դավիթ Բեկն ու Գարեգին Նժդեհը 2 դարի տարբերությամբ են պաշտպանել հայոց հողը, և թշնամին զգացել է նրանց բազկի ուժը, հզորությունը: Թեկուզ փոքր թվով զինվորներով, Դավիթ Բեկն ու Նժդեհը կարողացել են ոչնչացնել բազում թշնամիների ու անառիկ պահել հայրենի երկիրը: Պատահական չէ, որ 20-րդ դարասկզբին Նժդեհը Սյունիքում ստեղծեց «Դավիթբեկյան ուխտեր»-ը: «Միասնության դրոշ» նախաձեռնությունը, որը հիմնադրվել է 2021-ի սկզբին և ունի հայրենաճանաչողական նպատակ, հաճախ է կազմակերպում ուխտագնացություններ, արշավներ մեր երկրի տարբեր վայրերում։

2024թ. 23-25-ին կազմզկերպեց ուխտագնացություն-արշավ Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր: «Միասնության դրոշ»-ի հիմնադիր Արա Շահինյանը տեղեկացրեց՝ ուխտագնացությունը կրում էր  «Դավիթ Բեկից Նժդեհ և մեր օրեր» խորագիրը: Հայրենաճանաչողական ուխտագնացություն-արշավը նվիրված էր Գարեգին Նժդեհի ստեղծած «Դավիթբեկյան ուխտեր»-ի 104 և զորավար Դավիթ Բեկի ազատագրական գործունեության 300 ամյակներին: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 34-ամյա տարեդարձի օրը՝ օգոստոսի 23-ին, Երևանից՝ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից տրվեց ուխտագնացության մեկնարկը: Զորավարի արձանի մոտ Ա. Շահինյանն անդրադարձավ ՀՀ անկախության հռչակման իրողությանը՝ կարևորելով այն մեր երկրի նորօրյա պատմության մեջ: Անդրադարձ եղավ, որ 34 տարի առաջ  ընդունված այս հռչակագիրը հիմք էր նաև Արցախը միավորվեր Մայր հայրենիքին: Ինչ խոսք, այդ ժամանակ տեղի ունեցավ Արցախյան առաջին գոյամարտը, և նույն Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Նժդեհի, Անդրանիկի, Քեռու ու էլի բազում հայրենապաշտ զորականների նման ոտքի ելան շատերը և կերտեցին Արցախյան հաղթանակն ու ազատագրումը։

Ցավոք, եղավ 44-օրյա պատերազմը, և այսօր հայաթափ է Արցախը, վտանգված է ՀՀ սահմանը:  Այստեղ նշվեց նաև՝  «Միասնության Դրոշ» նախաձեռնությունն ի սկզբանե կարևորում և առաջնորդվում է Նժդեհյան գաղափարախոսությամբ: «Դա է նաև պատճառը, որ մենք հնարավորինս անդրադառնում ենք Գարեգին Նժդեհին, Ցեղակրոնությանը, «Դավիթբեկյան ուխտեր»-ին, Հայկ Ասատրյանին և այլ մեծությունների ու պատմական դրվագներին»,- ասաց Ա. Շահինյանը: Հիշեցրեց՝ 2021-ին՝ կրկին «Դավիթբեկյան ուխտեր»-ի հանրահռչակման շրջանակներում, Կապան քաղաքում երթով անցավ և Սպարապետի հուշահամալիրում ծածանվեց 505 մետրանոց Հայոց Եռագույնը, իսկ 2023-ի հունվարի 14-ին՝ «Ցեղակրոն ուխտեր»-ի հիմնման 90-ամյակի առթիվ, «Հայկյան Ուխտեր»-ի շրջանակում, Լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսում քայլերթով անցավ և հրապարակում ծածանվեց արդեն 783 մետրանոց Հայոց Եռագույնը: Այս տարվա ուխտագնացություն-արշավը կազմակերպված էր այլ ձևաչափով: Արշավականները 3 օրվա ընթացքում այցելեցին 12 խորհրդանշական վայրեր (բերդեր, սրբատեղիներ, եկեղեցիներ, լեռներ, քաղաքներ...): Խորհրդանշական յուրաքանչյուր վայրում պատմական անդրադարձ եղավ տվյալ տարածքում հզոր զորավարների՝ Դավիթ Բեկի ու Գարեգին Նժդեհի անցած ուղիներին, գործունեություններին, պատմական դեպքերին, խորհրդին, պատմության դասերին՝ դրանք զուգահեռելով հայի ներկա ու գալիքի խնդիրների հետ: Զրույցի ընթացքում Ա. Շահինյանն ասաց. «Նպատակն է՝ հիշել, անդրադառնալ և խոնարհվել Մեծությունների և Նվիրյալների առաջ. էլ ավելի ճանաչելի դարձնել «Դավիթբեկյան ուխտեր»-ի պատմությունը, խորհուրդն ու նշանակությունը, թույլ չտալ անհամապատասխան անհատների և կառույցների կողմից անհարկի, ի նեղխմբային և անհատական շահի, շահարկվեն Նժդեհն ու իր գաղափարախոսությունը: Կարևոր է՝ ծանոթացնելով անցած պատմությանը, դասեր քաղելու հնարավություն ու մտորելու առիթ ստեղծել»: Ուխտագնացության ընթացքում բոլոր վայրերում  եղել է արձագանք Գ. Նժդեհի ստեղծած «Դավիթբեկյան ուխտեր»-ի կարևորության մասին: Դավիթբեկյան ուխտավորները կամ երդվյալները եղան այն բեկումնային առանցքը, առանց որոնց անհնարինը չէր կարող դառնալ հնարավոր: Մի քանի տասնյակ հայորդիներով, դուրս գալով թրքա-բոլշևիկա-դավաճանական տասնյակ հազարների դեմ, կարողացան հաղթանակներ պարգևել հային, պահել Սյունյաց աշխարհը և փրկել հայության մի ստվար մասին կոտորածից ու բնաջնջումից: 3-օրյա ուխտագնացության ընթացքում «Միասնության դրոշ» նախաձեռնության ուխտավորները եղան Վայոց Ձորի Սպիտակավոր վանքում, որտեղ հուղարկավորված են Նժդեհի նշխարները: Սյունիքի Սիսիան ու Գորիս քաղաքներում ծաղիկներ խոնարհեցին Նժդեհի կիսանդրու մոտ: 

Գորիսում այցելեցին նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:  Հալիձորի բերդում ժամանակին իր քաջերով թշնամուն դիմակայում էին Դավիթ Բեկի քաջերը: Այստեղ անդրադարձ եղավ այդ հերոսական օրերի մասին: Սյունիքի մարզկենտրոն Կապանում է Նժդեհի հուշահամալիրը, որտեղ նույնպես հասան ուխտագնացները, այնուհետև բարձրացան Խուստուփի այն լանջը, որտեղ Կոզնի աղբյուրի մոտ վերաթաղված է Նժդեհի մասունքներից մեկը: Մայր Արաքսի ափի դիտակետակետում վայելեցին տարածքի գեղեցկությունն ու վեսությունը: Սյունյաց Մեղրի քաղաքում բարձրացան Մեղրիի բերդ,  եղան այն Չինարի ծառի մոտ, որտեղ Նժդեհը վերջին ելույթն է ունեցել հայրենիքում:

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։