Շարունակվող աջակցություն
«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կատարած գործունեության մասին Արցախում, հատկապես Քաշաթաղի շրջանում, շատ եմ անդրադարձել։ Հիմնադրամն այսօր էլ, իր գործադիր տնօրենի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Բերձորի պատվավոր քաղաքացի, Արցախյան ազատամարտին մեծ աջակցություն ցուցաբերած պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ, շարունակում է աջակցել տեղահանված արցախցիներին։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, հարևան Ներքին Սուս և Աղավնո գյուղերում շարունակում էին ապրել մեր հայրենակիցները։ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը», մինչև 2022թ․ կեսերը, քանի Արցախն ամբողջովին շրջափակված չէր, կենցաղային տեխնիկա, սնունդ, հագուստ և այլ կարևոր իրեր էր հասցնում այս բնակավայրերի, Բերդաձորի, Ստեփանակերտի և այլ տարածքների կարիքավորներին։ Դրան զուգահեռ նաև աջակցում էր ՀՀ-ում բնակություն հաստատած արցախցիներին։
Աջակցում է նաև ուսանողներին ուսման վարձավճարներ տրամադրելով։ Հիմնադրամի աշխատանքները գնահատելով՝ բարեգործական ծրագրերին աջակցում են նաև միջազգային որոշ կազմակերպություններ։ Այս օրերին Երևանում են Կանադայի «Գլոբալ Մեդիկ» կազմակերպության ներկայացուցիչները՝ Էրին ու Դեյվիդը, ովքեր «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գ․ Մելիքյանի և հոգաբարձուների խորհրդի անդամ Մարատ Գրիգորյանի հետ սեպտեմբերի 29-ին այցելեցին Քաշաթաղի շրջանից տեղահանված 5 բազմազավակ ընտանիք։ Հիմնադրամի կողմից հատկացվեց Կանադայից ստացված նոր հագուստեղեն նույն ընտանիքներին, իսկ «Գլոբալ Մեդիկ»-ի կողմից՝ սնունդ։ Տեղահանված ընտանիքներից 4-ը մինչ 2020թ․ 44-օրյա պատերազմը բնակվում էին Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, որը գտնվում է Աղավնո գետի աջակողմյան բարձրադիր դիրքում։ Այստեղ կանգուն է 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին, որի տեղում ավելի վաղ շրջանի սրբավայր է եղել։ Իսկ եկեղեցուց վերև պահպանվել են Ք․ Ա․ առաջին հազարամյակում գոյություն ունեցած հզոր ամրոցի ավերակները։ Աննա Կարապետյան և Գագիկ Ադամյան ամուսիններն ունեն 4 երեխա։ Նրանց ընտանիքը 2000թ․ է Արտաշատից բնակություն հաստատել Միրիկում։ Այժմ վարձով են բնակվում Երևանում։
Բենիամին Կարապետյանն ունի 4 երեխա․ Այժմ բնակվում են Երևանում՝ Շերամի փողոցում վարձակալած տանը։ Լիաննա Մանուկյանն ունի 6 երեխա, որոնցից 4-ը սովորել են Միրիկի միջանակարգ դպրոցում։ Այժմ երեխաներից 3-ը դպրոցական են։ 1998-ին Հրազդանից են տեղափոխվել Միրիկ։ Այժմ վարձով բնակվում են Երևանում։ Կարեն Բլբուլյան և Լաուրա Սարգսյան ամուսիններն ունեն 8 երեխա․ Բնակվում են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Ավագ որդին՝ Սահակը, զինվորական է։ Այժմ 9-րդ դասարանում սովորող Վիկտորյան 4 տարի սովորել է Միրիկի միջնակարգ դպրոցում, կարոտով է հիշում այդ երանելի օրերը։
Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղը գտնվում է Շալուա գետի աջակողմում, ժամանակին մտնում էր Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։ Տարածքի բացառիկ բնակավայրերից է․ մինչև 1918 թ․ եղել է բացարձակ հայաբնակ՝ 4 կողմից շրջապատված մահմեդականներով բնակեցված նախկին հայկական բնակավայրերով։ Գյուղի վերահայացման տարիներին Լիլիթ Խաչատրյանն ամուսնու հետ բնակություն հաստատեցին այս գյուղում։ Ունեն 6 երեխա։ Լիլիթի ամուսինը զոհվեց դժբախտ պատահարից։ Երեխաները ժամանակին սովորում էին Ղազարապատի դպրոցում։ Սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում ընտանիքով տեղափոխվեցին Արարատի մարզ և բնակվում են Նորամարգ գյուղում։ Տունը գնել են ՀՀ կառավարության կողմից հատկացված հավաստագրով։ Զավակներից 2-ը սովորում են Նորամարգի միջնակարգ դպրոցում, դուստրերից Սեդան՝ քոլեջում։ Որդիներից Հայկ Մկրտչյանը հայոց բանակի զինվոր է։ Աջակցություն ստացածները շնորհակալություն հայտնեցին, կարևորեցին Գ․ Մելիքյանի և նրա ղեկավարած հիմնադրամի դերը, որ որոշ չափով մեղմացնում է իրենց հոգսերը։ Հիմնադրամի աշխատանքից գոհ էին նաև կանադացի մեր հյուրերը։ Գ․ Մելիքյանն ասաց՝ մշտապես պատրաստ է աջակցել արցախցիներին հնարավորությունների սահմաններում։