ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Առաջին գիտաժողով, առաջին օր, առաջին նիստ
Ծանոթանանք... Ես կարնեցու տոհմիկ ժառանգ,
Ազգանունս մի տոհմածառ, իսկ անունս՝ նոր գաղտնագիր,
Մնացածը ամենը թող ինքն իր համար հայտնագործի։
Մեկի համար՝ անհաս գագաթ, մյուսի համար՝ սարսափի վիհ․․․
Գագիկ Գինոսյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ անցկացվում է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» խորագիրը կրող եռօրյա գիտաժողով՝ նվիրված ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հիշատակին։ Գիտաժողովն սկսվեց մասնակիցների գրանցումով: Բացման խոսքով հանդես եկավ ու միջոցառումը կարևորեց ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն, պ. գ. թ. Արսեն Բոբոխյանը: «Պարը կարևոր նշանակություն է ունեցել հայ ինքնության համար։ Այս առումով Գագիկ Գինոսյանը վերջին շրջանում ամենամեծ նպաստն է ունեցել պարի զարգացման գործում։ Այսօր կարևոր է քննարկել պարի բանահյուսական համատեքստը, որովհետև պարը միայն շարժում չէ, տեքստ է, որը մենք կարող ենք վերծանել և հասկանալ», -հավելեց Ա․ Բոբոխյանը։ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ․գ․դ․ Յուրի Սուվարյան իր ողջույնի խոսքում կարևորեց պարի դերը՝ ասելով․«Պարարվեստը մեր մշակույթի կարևոր բաղադրիչն է։ Այն գործողությունների շարք է, որն իր շարժումներով որոշակի խոսք է ասում աշխատանքի մասին, սիրո մասին, պատերազմի մասին»։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պ. գ. դ.., ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Նա նաև հիշողություններ պատմեց Գագիկ Գինոսյանի մասին՝ հավելելով՝ Գինոսյանն իր գործունեությամբ որպես ժառանգություն թողել է պարարվեստի դպրոց:
ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, ա. գ. թ. Նաիրա Կիլիկչյանն իր ողջունի խոսքում անդրադարձավ նաև հայ պարագիտության խնդիրներին: «Այսօր առանձնահատուկ պետք է նշենք ազգագրագետ, պարագետ Սրբուհի Լիսիցյանի ներդրումը համաշխարհային և հայ էթնոպարագիտության, էթնոխորեոլոգիայի ասպարեզում և ում ուղենիշներով և դպրոցի հիման վրա նաև իր գործունեությունն էր ծավալում Գագիկ Գինոսյանը», – ասաց Նաիրա Կիլիչյանը։ Ըստ Ն․ Կիլիկչյանի՝ պարարվեստը հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից է, և դրա պահպանության, արժևորման խնդիրներն արդիական են բոլոր ժամանակներում։ Առաջին նիստը վարում էր ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն Տորք Դալալյանը: Նա տեղեկացրեց՝ պարի ազգագրական հետազոտությանը նվիրված մեծամասշտաբ գիտաժողով պետք է կայանար Գ․ Գինոսյանի նախաձեռնությամբ։ «Քանի որ պարը մեր գիտության կարևոր բաղադրիչներից մեկն է՝ գուցե ինչ-որ տեղ անտեսված։ Կազմակերպչական աշխատանքների ժամանակ եկավ Գագիկ Գինոսյանի մահվան գույժը, և որևէ տարակարծություն չառաջացավ կազմկոմիտեի մեջ, որ գիտաժողովը պետք է նվիրվի հենց իր հիշատակին։ Գինոսյանը կարողացավ իր գործունեության շնորհիվ պարը դարձնել մասսայական երևույթ Հայաստանում։ Նա պարն ուսումնասիրում էր ոչ միայն գիտական տեսանկյունից, այլև բերեց կիրառական դաշտ և դրանով ցույց տվեց, որ հետազոտական աշխատանքը կարող է շատ արդյունավետ կերպով շաղկապվել կիրառականության հետ», -խոսքը շարունակեց Տ․ Դալալյանը։ Պ. գ. դ.-պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց «Պարը և խնջույքն ըստ միջնադարյան դրոշմազարդ կարասների և տապանաքարային պատկերաքանդակներում» զեկույցը: Նա միջնադարյան քարարվեստի, հատկապես տապանաքարերի քանդակներով ու արձանագրություններով ներկայացրեց զեկույցը՝ դրանք ցուցադրելով էկրանին։ Իր խոսքում Հ. Պետրոսյանը նաև անդրադարձավ Գ. Գինոսյանի մարդ-արվեստագետ-ազատամարտիկ կերպարին: Պ. գ. թ. Նվարդ Վարդանյանը ներկայացրեց «Շրջանի խորհուրդը ժողովրդական խաղերի, հայրենական կլոր պարերի և ծիսերգերի համատեքստում» զեկույցը: Ա. գ. թ., Արվեստի ինստիտուտի ներկայացուցիչ, «Կարին»-ի անդամ Անի Հակոբյանի զեկույցը նվիրված էր մի կարևոր խնդրի և կրում է «Ինքնությունից պար, թե՞ պարից ինքնություն» վերնագիրը: «Հայ իրականության մեջ հիմնականում ազգային, ավանդական, իսկ օտար աղբյուրներում XX դարից նաև ֆոլկ-պար անվամբ արվեստի տեսակը որևէ ազգի կենցաղում անհիշելի ժամանակներում ստեղծված, դարերի ընթացքում իր գոյությունը պահպանած ծիսական, աշխատանքային կամ այլ նշանակության հոգևոր մշակույթ է, որն իրենից ներկայացնում է պլաստիկայի, շարժման, ռիթմի ու մեղեդու, պարերգելիս նաև խոսքի, ինչպես նաև տարազի, գլխազարդի և այլ անհրաժեշտ երևույթների կոմպլեքս, սինթեզ»,- ասաց Ա․ Հակոբյանը։ Երկար ժամանակ աշխատելով Գ․ Գինոսյանի հետ՝ Ա Հակոբյանն անդրադարձավ վարպետի՝ պարի մասին խոսքերից մեկին․ «Պարարվեստն, ինչպես այլ հին ազգերի, այդպես էլ հայերի մշակույթում, գոյություն է ունեցել դեռևս վաղնջական ժամանակներից. ոչ միայն նախաքրիստոնեական, այլև՝ նախահեթանոսական։ Մինչև մեր օրերն էլ պարարվեստն իր մեջ պահպանել է այնպիսի պարեր, որոնք կարելի է դասել թե՛ բնապաշտական ժամանակաշրջանին, թե՛ հեթանոսական, նախաքրիստոնեական դարաշրջանին»: Ներկայացրեց նաև Կոմիտաս վարդապետի խոսքը պարարվեստի մասին․«Մարդկային կեանքի աչքի զարնող երեւոյթներից մէկն էլ պարն է: Պարն արտայայտում է իւրաքանչիւր մի ազգի բնորոշ գծերը, մանաւանդ, բարքն ու քաղաքակրթութեան աստիճանը. որովհետեւ, թէպէտ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամայ մատնում են ներքինը»։ Հետաքրքրի նյութ՝ «Եվրոպական պարերը և հայ իրականությունը(18-րդ դար-1930-ական թթ.)», ներկայացրեց բ. գ. թ., պատմության ինստիտուտի ներկայացուցիչ Արծվի Բախչինյանը: Գիտաժողովը սեպտեմբերի 28-29-ին կայացավ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ շենքում։ Գիտաժողովի երկրորդ օրը մշակութային ծրագրով հանդես եկավ «Կարին» ավանդական երգի պարի համույթը։ Պարային կատարումներից անմասն չմնացին նաև ՀԱԻ աշխատակիցները։ Երրորդ օրը ՀԱԻ փոխտնորեն, գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, բ․ գ․ թ․ Տորք Դալալյանը ներկայացրեց հետաքրքիր մի զեկույց․ «Կայծակնահար մահացածի շուրջ կատարվող («Ցոփփայ») պարը օսական ավանդույթում»։ Այսպես սկսեց զեկույցը Տ․ Դալալյանը․ «19-րդ դարում գերմանացի ճանապարհորդ Շտյոդերը, լինելով Հյուսիսային Կովկասում, մանրամասնորեն նկարագրում է օսական «Cոփփայ» կոչվող ծեսը, որ կատարվում էր կայծակից մահացածի շուրջ. «Ուժգին կայծակը սպանեց երիտասարդ կնոջը։ Նրա հետ եղողները, վերջինիս կայծականահարումից հետո, ցնծության կանչեր արձակեցին, սկսեցին երգել և պարել մահացածի շուրջ։ Գյուղի բոլոր բնակիչները հավաքվեցին պարողների շրջանի շուրջբոլորը, անտեսելով այն հանգամանքը, որ կայծակն ու ամպրոպը շարունակում էին մոլեգնել։ Նրանց միակ և պարզունակ կրկներգը հետևյալն էր՝ «Ո՜վ, Եղիա, Եղիա, տիրակալի ցոփփայ»։ Օսական Էլիան համապատասխանում է քրիստոնեական Սուրբ Եղիային, որը հայկական և այլ ավանդույթներում նույնպես համարվել է կայծակի տիրակալ»։ Նշեց՝ նաև հայերն են Սուրբ Եղիային համարում անձրևաբեր՝ օրինակ բերելով Մանուկ Աբեղյանից․ «Մինչև ամպը չգոռա՝ անձրև չի գա» առածի հետևյալ համարժեքը՝ «Քյանի Եղեակ չէր իկե, անձրև չէր իկե»։ Վերադառնալով «Ցոփփայ» կոչվող ավանդույթին՝ նշեց՝ նման սովորույթներ արձանագրված են նաև հյուսիսկովկասյան այլ ժողովուրդների մեջ՝ չերքեզներ, աբազիներ, աբխազներ, բալկարներ և կարաչայներ։ «Ինչպես տեսնում ենք, բոլորն էլ բնակվում են Կովկասի արևմտյան մասում, և ամենաարևմտյան կետը Օսիան է կամ Ալանիան», -հավելեց Տ․ Դալալյանը։
2008 թվականից «Կարին» համույթի անդամ ու արդեն նվիրյալ Հարություն Բաղդասարյանը, ինչպես ինքն ասաց՝ Հրամանատարիս ու Ուսուցչիս` Գագիկ Գինոսյանին նվիրված գիտաժողովին, պատիվ ունեցա ներկայանալ «Ազգային պարը որպես արտթերապիայի միջոց» զեկույցով։ Նա անդրադարձավ արտթերապիայի այն տեսակին, որը կոչվում է պարային թերապիա, և դրա միջոցով հոգեկան ու ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց հոգեբանական ներդաշնակությունն ու կայունությունը վերականգնելու միջոցներին։ «44 օրյա պատերազմից հետո հենց «Կարին» խմբի նախաձեռնությամբ ազգային պարեր սկսեցին ուսումնասիրել նաև Արցախյան պատերազմներում հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ, որոնցից պատերազմը խլել էր մարնի այն մասերը, առանց որոնց անգամ տեղաշարժվելն էր դարձել խնդիր, ուր մնաց՝ պարելը, այն էլ պարեր, որոնք պահանջում էին զսպանակներ ու բարդ շարժուներ, որոնք պետք են ազգային ավանդական պարեր պարելիս», -ասաց զեկուցողը։ Հիշեցրեց Գագիկ Գինոսյանի խոսքը․ «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ մի օր պարը կդառնա գրաբար»։ Գագիկ Գինոսյանը և «Կարին»-ը պայքարում էին դրա դեմ։ Ազգային պարը գրաբար դառնալու դեմ։ Մի օր Գ․ Գինոսյանն ասել է, որ պետք է պար դասավանդվի կույրերին, այդ նրանից խնդրել էր ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանը, ում Գինոսյանը մերժել չէր կարող։ Հ․ Բաղդասարյանը հավաստեց՝ իրենց աշխատանքը կույրերի հետ տվել է զգալի արդյունք։ «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա ողջունելի գիտաժողովը, նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին, ավարտվեց սեպտեմբերի 29-ին՝ հետաքրքիր քննարկմամբ, մտքերի փոխանակությամբ և «Մասունք» երգի-պարի համույթի հրաշալի ելույթով: