Հայրենիք ունենալով՝ հայրենասիրութիւն չունենալն է անէծքը
«Ազգի ոգին մեզ առաջնորդող ջահն է խաւարի խժդժութիւնների միջով: Մեր խիզախութեան ներշնչանքն է նա: Առանց խիզախների ազգային շարժում ստեղծուել չի կարող, և խիզախութիւնը չի ընդունում ոչ խուճապ, ոչ նահանջ»:
Ստեփան Ալաջաջյան
Հայ ականավոր գրող թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ալաջաջյանին նվիրված՝ 2011թ․ հոկտեմբերի վերջին «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի նախագահ Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ Բերձորի մուտքին մոտ՝ Հակարի գետի աջակաղմում՝ արծիվների բույն բարձր ժայռի հարևանությամբ, հիմնվեց պուրակ՝ քարակոթողով։ Տարիների ընթացքում պուրակի մրգատու ծառերը անցորդներին էին ծառայում։ Յուրաքանչյուր ոք, ով գիտեր Ստեփան Ալաջաջյանի մասին, հիշում էր՝ գրողի հեղինակած գրքերը, հատկապես «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, խորհրդային տարիներին մեծ դժվարությամբ կարելի էր ձեռքբերել։ Արցախյան վերջին պատերազմից հետո 2 տարի ևս բերձորցիները, ինչպես և զեյթունցիները, չէին լքում իրենց տները, պայքարում էին։ Ու ինչպես գրողի հերոսները, որոնց թշնամին նմանեցնում էր եղեգի, որ քամին ինչ ուղղությամբ փչի, այդ կողմն են թեքվելու, բերձորցիներն ու հարևան Աղավնո գյուղի բնակիչները ևս թեքվեցին՝ հեռացան իրենց տնից, բայց չխոնարհվեցին։ 100 տարի է անցել, և հայոց պատմությունը կրկնվում է․ դասեր չենք քաղում պատմությունից։ Նաև այս պատճառով էր կազմակերպված Գրողի ծննդյան 100 ամյակին նվիրված ցերեկույթը, որ կայացավ հոկտեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում։ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի հովանավորմամբ 2019-22 թվականներին վերահրատարակվել են գրողի «Եղեգները չխոնարհվեցին» վեպը և «Չսպիացած վերք» եռահատորյակը։ Հարյուրամյա հոբելյանը նույնպես կայացավ հիմնադրամի, Հայ նոր գրականության և քննադատության ամբիոնի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ՝ ԵՊՀ ռեկտրատի աջակցությամբ։ Ցերեկույթին ներկա էին գրողի հարազատները՝ կինը Սեդան, դուստրը՝ Թերեզան, որդին՝ Զոհրաբը, մտերիմներ, ուսանողներ, գրողներ, նրա գործերի երկրպագուներ, հյուրեր նաև արտերկրից։ Ցերեկույթը վարեց գրականագետ Սեյրան Գրիգորյանը։ Նախագահությունում էին նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի նախագահ Գուրգեն Մելիքյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի բացման և ողջույնի խոսքը ներկայացրեց ԵՊՀ դասախոս, գրականագետ, բ․ գ․ դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մուրադյանը։ Նա կարևորեց գրողի ստեղծագործությունը որպես իսկական գրական երևույթ։ Ստեփան Ալաջաջյան գրող-հասարակական գործիչ, հայրենասեր մտավորականի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացրեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, գրականագետ, բ․ գ․ դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծրուն Ավագյանը, ով նաև խմբագրել է գրողի վերը նշված և նոր հրատարակված ստեղծագործությունները։ Ստեփան Ալաջաջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1924 թ․ հունվարի 3-ին, Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ փրկվածների ընտանիքում։ 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ 1951թ․ ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության ֆակուլտետը, 1957-ին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա): 1957-1963-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ: 1966-1967-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975-ին` Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։ Նրա գրական առաջին գործը` «Ծովուն երգը», լույս է տեսել 1939-ին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Բացի վերը նշված գործերից, Ստեփան Ալաջաջյանը գրել է «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները, այլ գործեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով։ «Եղեգները չխոնարհվեցին» վեպը 1973թ․ Թեհրանում լույս է տեսել պարսկերեն։
Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «Կտոր մը երկինք», իսկ 1984-ին՝ «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարները։ Հիվանդությունը բուժելու նպատակով Ստ․ Ալաջաջյանը 2001 թվականից բնակություն է հաստատել Լոս Անջելեսում։ 2008-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։ Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010-ի դեկտեմբերի 23-ին։ Ա․ Ավագյանը հանգամանալից ներկայացրեց հատկապես «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, որն այսօր էլ արդիական է, կարող է դառնալ դասագիրք ներկա սերնդի համար։ 100 տարի առաջ մեր ազգի համար տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները կրկնվեցին։ Այն ժամանակ կորցրեցինք Կիլիկիան, այսօր՝ Արցախը՝ հավատալով օտարներին։ Վեպը նվիրված է եղեռնից փրկված հայ մարդկանց, որոնք վերադարձան Կիլիկիա՝ հայկական ինքնավար պետականություն ստեղծելու հույսով ու խաբվեցին եվրոպական դիվանագիտությունից, ապա 1921 թվականին հերոսական կռիվ մղելով թշնամու դեմ, ապաստան գտան Մերձավոր Արևելքում։ Ա․ Ավագյանը նշեց նաև՝ առաջին անգամ «Եղեգները չխոնարհվեցին» վեպը բազմահազար օրինակով լույս է տեսել Երևանում 1979 թվականին։ Սակայն 2 օր գրախանութի մոտ հերթ կանգնելուց հետո նրան չի հաջողվել գնել գիրքը։ Գրողի ստեղծագործությանն անդրադարձավ նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Իր խոսքում նա ասաց․ «Ալաջաջյանի գրքերի վերնագրերն անգամ խոսուն վկայություններ են նրա գրողական ներաշխարհի, հայոց պատմության ընկալման և ժողովրդի ապագայի հարատևման ուղիների մասին»։ Եղան նաև այլ ելույթներ Ստեփան Ալաջաջյանի հետ մտերիմ մտավորականների՝ գրողներ, դերասաններ, կողմից։ բոլորն էլ բարձր գնահատեցին ականավոր գրողի թե գրական ժառանգությունը, և թե մարդկային բնավորությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև գրողի դուստրը՝ Թերեզա Ալաջաջյանը՝ շնորհակալություն հայտնելով ցերեկույթի կազմակերպիչներին, ներկաներին՝ նվիրելով 2019-22 թվականներին լույս տեսած «Եղեգները չխոնարհվեցին» և «Չսպիացած վերք» գրքերը։ Տեղեկացվեց նաև՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի կողմից նշանակվել է Ստ․ Ալաջաջյանի անվան կրթաթոշակ, որը հատկացվում է բանասիրական ֆակուլտետի լավագույն ուսանողներին։ Նրանցից 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Վարդանյանն ընթերցեց հատված «Եղեգները չխոնարհվեցին» վեպից՝ շնորհակալություն հայտնելով կրթաթոշակ նշանակողներին։ Հանդիսավոր մասից հետո կայացավ գեղարվեստական մաս։ Երգիչ Տիգրան Պետրոսյանը հայ ազգագրական երգերով հանդես եկավ 2 դուստրերի հետ։ Արցախյան բարբառով երգերով ներկաներին ոգևորեց երգիչ Արթուր Խաչենցը։ Եղավ նաև հյուրասիրություն։ Ցերեկույթին ներկա լեզվաբան, բ․ գ․ թ․, Մամուլի ազգային ակումբի և «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Մենք մեզ այլեւս միայնակ թողնելու իրավունք չունենք. Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակի հիշատակում-հավաքը հայ բանասիրության մեր ֆակուլտետում. մեծ հայի որդին եւ դուստրն են եկել, կինը, ուսանողական եւ գրչակից ընկերներ, Գուրգեն Մելիքյանը՝ հավատարիմ աջակիցն ու հովանավորն Ալաջաջյանի գրքերի տպագրության, Արծրուն Ավագյանն աննահանջ ուսումնասիրողն ու արժեւորողն Ալաջաջյանի գրականության։ Ոգեղեն օր էր, իմ սրտում եւ մտքերում Ալաջաջյանի մարգարեական արձանագրումն է մեր կրկնվող սխալների. «Ինչպիսի ժողովուրդ։ Մի տասնամյակ էլ չկա, եւ երկու եղեռն տեսավ։ Միայնակ թողեցին նրան եւ Աստված, եւ մշակույթի պաշտպանները, եւ քաղաքակրթություն քարոզող Եվրոպան, եւ մենք։ Մենք մեզ միայնակ թողեցինք»։