Վսեմաշուք արվեստի նվիրյալը

Գագիկ Դուրմիշյան-70
Նրա կյանքը Մեծ նվիրումի վառ օրինակ է արվեստներից վսեմաշուքին՝ թատերարվեստին: Նրա թատերական գործունեության 50-ից ավելի տարիները մեր ժողովրդին անմնացորդ ծառայելու կամավոր պատրաստակամության, սիրված ասպարեզում ունեցած բեղմնավոր ուղու և անուրանալի ձեռքբերումների ապացույցն են: Նա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասաններից Մեկն է՝բազում պատվոգրերի ու շնորհակալագրերի արժանացած մշակութային գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության և Թատերական գործիչների միության ոսկե մեդալակիր Գագիկ Դուրմիշյանն է:
Գագիկ Դուրմիշյանի խաղացանկի 70-ից ավելի դերերից յուրաքանչյուրը յուրակերպ հետաքրքիր ու տպավորիչ է: Թատերագիրները նրա խաղի գրավչությունն ու կատարելությունը նկատել են, շռայլաբար գնահատանքի ճշմարիտ խոսքեր են ասել ու դեռ կասեն:
Կարծում եմ, թատերասերների համար անմոռանալի կմնա վերջին «թարմ» դերերից մեկը՝ հատկապես Վ. Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» թատերախաղում նրա կերտած Լևինսկու կերպարը:
...Հերոսների տրամադրություններին հարիր՝ սևամած մռայլ է բեմը: Լևինսկին տեսության է եկել զավակների կողմից լիովին անտեսված, արհամարված ընկեր Կուպերին/ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյան/: Նաև այդ զույգ դերասանների վարպետ խաղի շնորհիվ օդում դեգերում է դառնահամ մի բան, կանխազգացվում է սրտաճմլիկ, հոգեմաշ մի «պայթյուն»: Կուպերը հերթական հոգեցունց նամակն է ստացել կնոջից, ով նաև զավակների կողմից բռնի խաբեությամբ ծերանոց նետված սիրասուն մի մայր է: Նամակն ստացել է, բայց կարդալ չի կարող՝ ակնոցն է ջարդվել: Խնդրում է ընկերոջը կարդալ: Լևինսկի-Դուրմիշյանին խնդրանքի պահին տեսնել է պետք: Զգում ես նրա խոր տվայտանք-ապրումները: Դրանցով նա անհավակնոտ խորությամբ առավել ընդգծում է դիմացինի լռությամբ քողարկված ողբերգությունը: Բառեր չի գործածում, ակնթարթորեն ցավի նյարդը, վշտի ու կարեկցանքի գրգիռն է երևակվում դեմքին, ու զգում, հասկանում ես, թե նամակում ինչ է ասվում և ինչու չի ցանկանում կարդալ: Մերժել էլ չի կարող՝ ընկերն է խնդրում, սրտատրոփ լուրերի է սպասում: Ափսոս, այդ լուրերը սփոփիչ չեն...Խեղճացած կարդում է նամակը, ստեպ-ստեպ հայացք նետում լսողին: Հանդիսատեսի սիրտը ճմլվում է ցավից, այն ցավուկսկիծից, որ նրան «պարգևում է» Դուրմիշյան դերասանը՝ այս անգամ ինքը վերամարմնավորվելով կերտած հերոսի կերպարում: Եվ վերջին վարպետ «վրձնահարվածը»՝ էլ չի կարող կարդալ մարդը, կոկորդը ահագնորեն սեղմում է Մեծ Ցավը, դեմքին դրոշմված է կարեկցանքի, օգտակար լինելու անհնարինության ցավատանջ զգացումը, ձայնը երերուն-դողդոջուն է դառնում, աստիճանաբար խամրում , ոնց՝ վերջալույսին գույները, ու չես հասկանում, թե այդ ի՞նչ ուժ է նրան գալիս, երբ «հոգին լիովին փլված»՝ հնչեցնում է մխիթարության նվազ շաղախով, մեծագույն ճիգով «Գուցե՞ մնացածն ինքդ կարդաս ...ակնոց գնելուց հետո...» բառերը: Եվ Դուրմիշյան դերասանը հանդիսատեսին տարակուսանքի մեջ է գցում՝ ու՞մ համար ցավ ապրի ինքը, ու՞մ առավել կարեկցի՝ողբերգության մեջ գտնվողի՞ն, թե՞ ողբերգության մեջ գտնվողին կարեկցողին: Եվ մի նոր հարց ևս «օդից կախված» է մնում՝ «Այդ Լևինսկին կյանքում իրո՞ք գոյություն է ունեցել, թե՞ մեծահամբավ Վ. Դելմար հեղինակը Գագիկ Դումիշյանին է աչքի առջև ունեցել»:
Այո, Գագիկ Դումիշյանը «Կարեկցանքի» վարպետ դերասան է: Այդ նկատել եմ ոչ միայն ես: Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը» ներկայացումը / Դումիշյանը տանում է խոհարարի դերը/ դիտելուց հետո «Լոռու մարզ» թերթում ահա ինչ է գրել գրականագետ Գառնիկ Կուղինյանը.« Հանդիսատեսը շատ բան է կարդում Դուրմիշյան-խոհարարի դեմքին: Նա մարդկային ներքին ողբերգություն է ապրում իրադրության, մարդկանց կեցության պատճառով: Եվ զարմանալին այն է /այստեղ գրականագետը շեշտում է՝ հազվագյուտ երևույթ/, որ դերասանը մորմոքուն, հիստերիկ ու ողորմելի հայացք չունի, նա ցավ ապրելիս էլ պահպանում է իր հոգու վեհությունը: Դերասանը չի զգում հանդիսատեսի մտածումներն ու տվյալ պահին զգացումները, նա մտել է իր դերի մեջ. Նա այլևս ինքը չէ, Նա Բրեխտի խոհարարն է»:
Ահա, անշուշտ, այդ էր պատճառը, որ ներկայացումը դիտել-վայելելուց հետո թատերարվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը թակում է դերասանի հարդասենյակի դուռը, ներս մտնում և իր գիրկն առնում Դուրմիշյանին, ասելով՝ «Եկա շնորհակալություն հայտնեմ ասելիքով և կատարողական արվեստով հագեցած քո փայլուն դերակատարման համար»:
Հրանտ Մաթևոսյանի «Ալխոն»: Միայն մի դրվագ՝ գլխավոր դերում Գիքոր-Դուրմիշյանի մասնակցությամբ: Ճանապարհին Ալխո լծկան ձին բեռան տակ տկարացավ, թուլացավ, ծալվում էին ծնկները՝ չէր կարողանում սայլը տեղաշարժել: Լսվեց դերասանի տագնապալից, խղճահարույց-աղեկտուր ձայնը՝ «Ալխո՜», այնպես վարպետորեն նետվեց դեպի տանջահար էակը, այնպես բնականորեն բռնեց առեղից, տեղ գրավեց կենդանու կողքին, լծվեց, ու այդկերպ սայլը տեղից շարժվեց: Դերասանի աչքերում անտակ վշտի ու կարեկցանքի ծով կար, զայրույթ, բողոք, ամեն, ամեն ինչ: Հոգեճմլիկ, հետաքրքիր գտած պահ, որ հուզական նոր լիցքեր, իմաստավորություն հաղորդեց նարկայացմանը:
Ահա ինչու եմ ասում՝ Գագիկ Դումիշյանը «Կարեկցանքի» վարպետ դերասան է: Ու մտորում եմ՝ որտեղի՞ց նրան կարեկցությունը դրսևորելու, այդպես նրբորեն, այդպես հզոր կերպով հանդիսատեսին նկատել տալու անսպառ, անհաս ուժը: Միայն դերասանի վարպետությունը բավարա՞ր է: Կարծում եմ՝ ոչ: Հիշենք հենց թեկուզ անվանի գրականագետին՝ «Այդ պահին նա Բրեխտի խոհարարն էր»: Ու ավելացրեք՝ « Հաջորդ դրամայում՝ Դ. Վելմարի Լևինսկին էր, Հրանտ Մաթևոսյանի Գիքորն էր, Օստրովսկու Դիկոյն էր, Մոռացկոտ թագավորն էր...»: Նրա խաղացած մանր ու մեծ 70-ից ավելի դերերի մասին անհնար է մի դիմանկարի փորձում մեջ բերել: Այո, թատրոնում փոքր դերեր չկան, վարպետ դերասանները փայլել են անգամ փոքրուչնչին դերերում՝ մեծացնելովկարպերի, այդպիսով նաև ներկայացման «գինը»: Դուրմիշյանն այդ վարպետներից մեկն է:
Նրա կենսագրությունից մի դրվագի մասին իմանալը մեր ուշադրությունը կսևեռի ուրիշի վիշտն իրենը համարելու, իր կաշվի վրա զգալու, կարեկցելու, ցավ ապրելու հատկանիշի արմատներին: Մատաղ սերնդին տեղեկացնենք, որ եղել են անցյալ դարի 30-40-ական թվականներ: Այդ այն դժնդակ տարիներն էին, երբ կոմունիստական «հարազատ» կուսակցությունն ու կառավարությունը առանց պատճառի հարյուր հազարներով մարդկանց հեռավոր սիբիրներ էին աքսորում ոչ թե նրա համար, որ երկրի թշնամիներ էին, այլ՝ որպեսզի երկրի թշնամիներ նրանք ...հանկարծ չդառնան: Եվ պլանավորում էին, թե որ հանրապետությունը, որ քաղաքն ու գյուղը որքան աքսորական պիտի տար: Աշխարհի մի մթին անկյունում ծվարած, աշխարհից մոռացված Լոռու Ահնիձոր գյուղ էլ կար, որի մարդիկ, ինչպես կատակում են, հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինի մահվան լուրն անգամ դեռ չէին առել: Պահանջեցին, որ այդ գյուղից հարկ է պեղել հեղափոխության 7 թշնամի ընտանիքի: Գագիկ Դուրմիշյանի Գրիգոր պապն այն ժամանակ գյուղխորհրդի նախագահն էր, և հենց նրան կանչեցին ՊԱԿ-ի Թումանյանի գրասենյակ ու պահանջեցին տալ յոթ հակապետականի անուն: ՈՒ՞մ անունը տար՝ ո՞ր հովիվի, ո՞ր հնձվորի, բոլորն էլ ռանչպար մարդիկ էին՝ իրենց առօրյա բանուգործին, դժվարին աշխատանքի համար միայն կարեկցանքի ու հարգանքի ենթակա, և լրտեսությունից ու քաղաքականությունից մղոններով հեռու՜, հեռու՜: Երեք օրվա տանջալից հարցաքննություններից, մռայլ ներքնատանը անքուն գիշերներ լուսացնելուց հետո իրեն դեմ արած թղթի մի կտորի վրա վերջապես գրում է 7 հոգու ցուցակ և մեկնում հոգեառներին: Կարդում են,կատաղում՝«Ինչպե՞ս թե, սրանք քո, մորդ, կնոջդ ու որդիներիդ անուններն են»: «Հա,-ասում է,-մեզ տարեք, մնացածները հող մշակող, քրտինք թափող մարդիկ են»: Ահա դերասանն ում է վերակերտել-վերակենդանացրել «Ալխոյում»: Նա այդ Խիղճուհոգի ունեցող Նահապետ Գրիգորի զարմն է:
Նկատված է, որ ոչինչ այնքան լավ չի ստացվում, երբ չի բացակայում մարդկային ջերմությունը, հավատարմությունը, տղամարդկայնությունը: Ինչպե՞ս չմտաբերես այն օրերը, երբ ծանր հիվանդ էր իր ընկերը՝ նույն թատրոնի մի նվիրեկ դերասան : Կարեկցանքը՝ կարեկցանք, բայց նրան մենակ չթողեց՝ «դռնեդուռ» ընկավ, մեծապես օգնեց դրամահավաք կազմակերպելու և վիրահատության վճարը հանգանակությամբ լրացնելու խնդրում: Երբ նրանից շնորհակալություն են հայտնում այն բանի համար, որ երբ դիմում են օգնության՝ վիզ չի թեքում, չի մերժում, լուրջ-կատակով ասում է՝ Ախր, քիչ եք խնդրում...
Ինչպես նկատում եք՝ Գագիկ Դուրմիշյանի մասին ակնարկում չեմ բերում թվային «ծանրակշիռ» տվյալներ, տվյալներ դպրոցում, թատերականում սովորելու մասին, պարգևների ցուցակները, բազում մեջբերումներ նրա մասին գրված հոդվածներից ու շնորհակալագրերից: Կարծում եմ, դիմանկար-ակնարկը եթե հետաքրքրի և ընթերցողը դրանց իմանալու կարիքը կզգա, կխնդրի նրանից իր իսկ ձեռքով գրված ինքնակենսագրականը և մյուս փաստաթղթերը: Դա անում եմ, որպեսզի հնարավոր լիներ մեջբերել հայտնի թատերագետ Լևոն Մութաֆյանի գնահատման, դերասանի վաստակի արժևորման հոբելյանական խոսքից: Ահա մի հատված. «Բեմին անհունորեն նվիրված Գագիկ Դումիշյան մարդը հավակնություններով ու պահանջներով չի եկել թատրոն, չի եկել «իրեն սիրելու արվեստում»: Եկել է արվեստը սիրելու, թատրոնին օգտակար լինելու, համախմբի մեջ սեփական ձայնը հնչեցնելու և այդ համախումբը մի նոր գույնով ևս ավելացնելու նպատակով»:
Այդպես է: Այլապես դերասանի ուժերից վեր կլիներ բեմում այնպես հմտորեն, այնպես կենդանի ներկայացնել կերպարի բնութագրական ծավալը, ասելիքի ներքին բովանդակությունն ու հոգեբանական-իմաստային ընդգրկումը, որոնք Գագիկ Դուրմիշյանի մոտ երբեմն ավելին են, քան սովորական դերատեքստը, սովորական «իներցիոն» խաղը:
Հավատացած եմ՝ Գագիկ Դւորմիշյան արտիստի հետագա թատերական գործունեությունը ևս հագեցած կլինի նորանոր արարումներով և ծանրակշիռ ձեռքբերումներով:
Ծնունդ շնորհավոր, սիրելի արտիստ: