Image

Արդեն 31 անգամ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամում հոկտեմբերի 25-ին տոնական եռուզեռ էր։ 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի այս բարեգործական կառույցը հոկտեմբերի վերջից մինչև մայիս իրագործում է «Գթության խոհանոց» ծրագիրը։ Ծրագրի շահառուներն են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջանների միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և սոցիալապես անապահով անձիք, ովքեր նշված ժամանակահատվածում օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաև սննդի փաթեթներ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և մինչ օրս «Հուսո տուն»-ը նախաձեռնել է նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելը, թե՛ նյութապես, և թե՛ հոգեպես: 2023թ. սեպտեմբերին «Հուսո տուն»-ը «Սոցիալական շտապօգնություն» ծրագրով դաշտային խոհանոցով Գորիսում էր, և կենտրոնի աշխատակիցները կամավորների հետ օրեր շարունակ սննդով ապահովում էին բռնի տեղահանված արցախցիներին: 31-րդ սեզոնի բացմանը, բացի «Գթության խոհանոց»-ի շահառուներից, ներկա էին ծրագրի աջակիցներ, հյուրեր, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Միասնական սոցիալական ծառայությունից, Գերմանիայի դեսպանատնից, այլոք։ Ներկաներին ողջունեց ու «Գթության խոհանոց»-ի բացումը հայտարարեց «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին՝ Մնացականյան ընտանիքին՝ Վաղարշապատից, Ղազարյաններին՝ Քարակերտից, Հայրապետյաններին՝ Ջրառատից, Բաղդադյան եղբայրներին՝ Սփյուռքից և այլոց, ովքեր, տարիներ շարունակ աջակցել են իր ղեկավարած կառույցին: Ընթերցվեց նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի ուղերձը:

Կառույցի գործունեությունը բարձր գնահատեցին և, նաև ոպես պետության աջակից, կարևորեցին Հ. Տիգրանյանը, Զ. Սինանյանը, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լուսինե Ազատյանը: «Հուսո տուն» կենտրոնի «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի շահառու երեխաները, ովքեր հիմնականում արցախցիներ են, երգով, ասմունքով ողջունեցին ներկաներին։ Նրանք ներկայացրել էին նաև կենտրոնի հարկի տակ նկարած իրենց ձեռքի աշխատանքները՝ հիմնականում Արցախի մասին պատմող մանկական նկարներ: Տոնական ճաշը «Հուսո տուն» կենտրոնի հիմնական խոհարարների հետ պատրաստել էին նույն կառույցի ծրագրերի շրջանակում որպես խոհարարի օգնական որակավորված և վերապատրաստված Արցախից բռնի տեղահանված կանայք։ Ներկաներին ազգագրական երգերով ոգևորեց նաև մշակութային գործիչ, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար «Գաթա Բենդ» խմբի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով «Հուսո տուն» կենտրոնի բարեկամներից է:  Միջոցառման վերջում եղավ նաև ծառատունկ։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։