Image

Վիգենը

Քաշաթաղի շրջանից շատ երիտասարդներ կամավոր ու որպես պահեստազորայիններ զինկոմիսարիատի ծանուցագրով մասնակից եղան Արցախյան վերջին պատերազմին։ Շատերը, այդ թվթւմ նաև Վիգեն Վարդանի Խաչատրյանը, մասնակից են եղել նաև 2016թ․ Ապրիլյան պատերազմին։ Աշխատանքի բերումով, սկսած 1996 թվականից, շատ էին լինում շրջանի տարբեր բնակավայրերում և շատերին եմ անձամբ ճանաչել։ Շրջանի Վուրգավան գյուղը, որը վերաբնակեցվել էր 1995 թվականից և անվանակոչվել ի պատիվ Արցախյան առաջին գոյամարտի հերոսներից Սիսական գնդի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի անունով, գտնվում է Հակարի գետի ձախակողմյան հատվածում։

Վերջին տարիներին այս գյուղի երիտասարդները շատ էին համախմբված, միասին փորձում էին շենացնել իրենց գյուղը ու հասել էին զգալի հաջողությունների։ Նույն տղաների հետ էր նաև Վիգենը՝ պատրաստ ցանկաված գործի, եթե այն միտված էր սիրելի բնակավայրի կայացմանը, շենացմանը, հայրենիքի հզորացմանը։ Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքումում, 1992թ. հաճախել է Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոց։ 1995 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել և վերաբնակվել է ԱՀ Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում։ Սովորել և ավարտել է Վուրգավանի միջնակարգ դպրոցը, որը տարածքի առաջին կրթօջախներից էր, վերջին տարիներին հիմնանորոգվել էր «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից, ուներ «ԱՐՄԱԹ» լաբորատորիա։ 2004 թվականին Վիգենը Քաշաթաղի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է Հայոց բանակ և ծառայել ԱԱԾ ՍԶ Ն զորամասում որպես հրաձիգ։ Զորացրվելով բանակից՝ մասնակից է եղել գյուղի կայացման աշխատանքներով, օգնել ծնողներին՝ ստեղծել իրենց տնտեսությունը, ամուսնացավ, ուներ 2 դուստր։ 2016 թվականին, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը, Քաշաթաղի շրջանից շատ կամավորներ մեկնեցին առաջնագիծ։ Վիգենը նույնպես առաջիններից էր։ Մոտ 2 ամիս ու ավելի մարտական դիրքերում, ժամկետային զինվորների ու կամավորների հետ Հայոց հողն էր պաշտպանում։ Այդ ընթացքում աչքի էր ընկել իր քաջությամբ, կարգապահությամբ, նվիրվածությամբ, և պատահական չէ, որ ԱՀ Նախագահի հրամանով պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Տուն եկավ և նորից իր խաղաղ աշխատանքին էր։ Սակայն դարեր շարունակ դժվար է եղել հայի ճակատագիրը, միշտ է շինականը թողել արարիչ գործիքը և զենք վերցրել, որ պաշտպանի իր տունը։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին նորից մռայլվեց Հայոց երկինքը, պատերազմ էր․․․ Վիգենը, որպես պահեստազորային, զորակոչով առաջնագիծ մեկնեց հաջորդ օրը։ Մասնակցել է Ջրականի թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ի լույս 3-ին թշնամին հերթայան հարձակման է անցել մեծ ուժերով՝ օդուժի ու զրահատեխնիկայի աջակցությամբ։ Առավոտյան ժամը 7-ին երկու ոտքերից ծանր վիրավորվել է Վիգենը։ Պայթող արկերի ու սուլացող գնդակների տարափի տակ ինքն իրեն մի քանի տեղից վիրակապել է և 3-4 ժամ մարտը շարունակել իր նման վիրավոր մարտական ընկերների հետ։ Տեսնելով, որ թշնամին մոտենում է, գերի չընկնելու համար մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն։ Երկար ժամանակ համարվում էր անհայտ կորած։ 2021թ․ ապրիլի 19-ին ԴՆԹ փորձաքննությամբ գտել են նրա մարմնի մասունքները։  Հուղարկավորել ծննդավայրում ապրիլի 21-ին։ Արցախի Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Համագյուղացիները, 2016թ․ և  2020թ․ մարտական գործողություններին միասին եղած մարտական ըւնկերները սիրով են խոսում Վիգենի մասին․ «Նա շատ հայրենասեր, ընկերասեր, ազնիվ մարդ էր, լավ ամուսին, լավ հայր, լավ եղբայր և լավ որդի»։   Մեծ ցավով եմ գրում Վիգենի և բոլոր Անմահ հերոսների մասին, ովքեր ընկան մարտադաշտում՝ չխնայելով իրենց։ Առավել մեծ է ցավը, երբ այսօր նորից թուրքն ՝է տիրել Վուրգավանը․․․ Հայաթափ է ողջ Արցախը․․․

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։