Անմահ հերոսներից է Գոռը
Արցախյան երրորդ պատերազմը շատ թանկ նստեց մեր երկրի վրա։ Կորուսյալ հայրենիք և հազարավոր լույս-տղաների կորուստ։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, առաջիններից արձագանքեց Արցախի Քաշաթաղի շրջանը։ Արդեն կար փորձ, 2014-ին, 2016-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր քաշաթաղցիներ շտապեցին առաջնագիծ և ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին հայրենիքը։ Այս անգամ էլ բազում քաշաթաղցիներ եկան զինկոմիսարիատ և զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը։
Հրայր Սարգսյանը Չարենցավանից է, ով Արցախի Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի առաջին բնակիչներից էր։ Այստեղ եկավ ընտանիքով ու դարձավ ազատագրված ու վերահայացած հայրենիքի շենացնողներից մեկը։ Հետագայում տեղափոխվեց Բերձոր ու աշխատում էր գյուղվարչությունում որպես հողաշինարար։ 3 որդիները՝ Ժիրայրը, Վլադիմիրն ու Գոռը, դուստրը՝ Լիլիթը, շատ քաշաթաղցի երեխաների նման դարձան շրջանի ապագան կերտողները։ Եկավ նաև հայրենիքի զինվոր դառնալու ժամանակը, և 3 որդիները բարեխղճորեն ծառայեցին հայրենիքին, դարձան օրինակելի զինվոր ու տուն եկան զորամասերի հրամանատարության շնորհակալագրերով, պատվոգրերով, կրծքանշաններով։ Կրտսեր որդին՝ Գոռը, այս տարվա սկզբին զորացրվեց Հայոց բանակից, ծառայում էր Արցախի սահմանում և գիտեր տարածքը, թշնամուն։ Ծնվել է 1999թ․ սեպտեմբերի 1-ին, ԱՀ Քաշաթաղի շրջանի քաղաք Բերձորում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Բերձոր Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտել է 2017-ին՝ բարձր գնահատականներով։ Դպրոցական տարկներին էլ ակտիվ էր, սիրում էր նվագել, և ցանկացած ցերեկույթի, հանդեսի ժամանակ իր տեղն ուներ։ Հիշում եմ նրանց դասարանի վերջին զանգի հանդեսը։ Դահլիճում ծնողներն ու ուսուցիչներն էին, հյուրեր, աշակերտներ։ Եվ Գոռն ու իր դասընկերները հավաստիացրեցին՝ երկրի ապագան կերտողներն են, սահմանի զինվորը, դպրոցի ուսուցիչը, հիվանդանոցի բժիշկը։ Միջնակարգն ավարտելուց հետո Գոռն ընդունվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոբիզնեսի բաժին։
2018թ․ հունվարին զորակոչվեց հայոց բանակ՝ ժամկետային զինվորական ծառայության, որը կատարեց ամենայն պատասխանատվությամբ ու հպարտորեն՝ զորամասի հրամանատարության կողմից արժանանալով շնորհակալագրի։ Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողը նույն տարվա սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան լսելով պատերազմի լուրը, չսպասելով զինկոմիսարիատի կանչին, դասավորելով անհրաժեշտ իրերը, արդեն զինկոմիսարիատում էր ու կամավոր մեկնեց առաջնագիծ։ Շատերին էին պահանջում, որ շուտ հասնեն ժամկետային զինծառայողներին օգնության։ Իսկ Գոռն ու իր նման տղաները, ովքեր նոր էին վերադարձել բանակից ու գիտեին իրենց անելիքը, ավելի շուտ մեկնեցին։ Հայրը՝ Հրայրը, զիմկոմիսարիատի մոտ էր ու հավատով ճանապարհեց 3 որդիներին, հավատով՝ տուն են գալու հաղթանակած։ Պատերազմի առաջին օրերին Բերձորում՝ Քաղպաշտպանության շտաբում էինք։ Արդեն, ապաստարանում էր օպերատիվ շտաբը, որտեղ նաև Հրայրն էր աշխատում։ Կապ չուներ որդիների հետ, անհանգիստ էր, բայց վատի մասին չէր մտածում։ Նույն օրերին արդեն գալիս էին տագնապալի լուրեր, ունեցանք առաջին զոհերն ու անայտ կորածները։ Թշնամին առաջ էր գալիս։ Պաշտոնական լրատվությունը լավատեսական էր։ Հավատում էինք․․․ Գոռն սկզբում եղել էր հարավում, իսկ հոկտեմբերի կեսերից Շուշիի մատույցներում էր մասնակցում թեժ մարտերին։
Նոյեմբերի 7-ին բերդաքաղաքի պաշտպանության ժամանակ էլ հերոսաբար նահատակվել է։ Մինչև Շուշիում մարտերի թեժանալը՝ եղբայրները գնացել էին Շուշիի տարածք, հանդիպել Գոռին և փորձել էին համոզել՝ գար Բերձոր՝ մասնակցելու հոր ծննդյան տարեդարձին․ Գոռը հրաժարվել էր՝ ասելով․ «Կարևոր օպերացիա ունենք պլանավորած, չեմ կարող ընկերներիս թողնել միայնակ, կներեք, բայց չեմ գա»։ Եղբայրները տուն էին եկել՝ համոզված՝ ամեն ինչ լավ է լինելու։ Բոլորս էինք այդ օրերին սպասում լավ լուրի, որ թշնամուն հետ ենք քշելու Շուշիից, ազատագրելու ենք մեր երկիրը։ Սակայն եղավ այն, ինչ ունենք այսօր՝ կորուսյալ հայրենիք ու հազարավոր լույս-տղաների մահ, անհայտ կորածներ, գերիներ, վիրավորներ, կորցրած հավատ, դառը զգացում, անտեսանելի ապագա։ Մինչև վերջին շունչը Գոռը հավատարիմ մնաց թե՛ հայրենիքին, թե՛ զենքին և թե՛ մարտական ընկերներին։ Ընկերները հենց այդպես էլ բնորոշում են նրան՝ հավատարիմ ու անշահախնդիր ընկեր։ Հերոսն ամփոփված է Հրազդանում։ Զեմֆիրա մայրն ամեն օր է այցելում որդու շիրիմին։ Հայրը գրում է․ «Ջորիկ ջան, Գոռս իր համար չապրեց, բայց իր ընտանիքի, իր քրիստոնեական հավատքի, իր ընկերների, հարևանների ու իր հայրենիքի համար։ Եվ զոհվեց հոժարությամբ՝ հանուն այդ արժեքների։ Ոչ թե իմ որդին է՝ ուզում եմ գովել, այլ բազմաթիվ վկայություններ եմ լսել և ընկերներից, և հարեւաններից, և զինակիցներից»։ Վերջերս հանդիպեցի Հրայրին, թողել են Բերձորի տունը, հաստավել Հրազդանում։