Image

Նա գիտեր խոսել քարի հետ

Մեր պատմության ձևավորման գործում բացի պատմագրական տեղեկությունները, մեծ տեղ ու դեր ունեն նաև պատմական հուշարձանների վրա եղած վիմագիր արձանագրությունները՝ սկսած ժայռապատկերներից, սեպագրերից: Վիմագրերի ուսումնասիրման գործում մեծ ավանդ ունի  վիմագրագետ, հուշարձանագետ ու դրանց պահպանության գործի նվիրյալ երջանկահիշատակ Սուրեն Տիգրանի Սաղումյանը: Նրա և շատ նման գիտնականներին, նրանց գիտական աշխատությունները հանրությանը ծանոթ դարձնելը կարևոր է, պետք է միշտ հիշվեն նվիրյալները:

Այս հարցում մեծ դեր ունեն ոլորտի գիտական կառույցները։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի(ԳԳԱ)  Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) հաճախ են կազմակերպվում սեմինարներ, դասախոսություններ, գիտաժողովներ՝ նվիրված բնագավառում ավանդ ունեցած ողջ ու արդեն երջանկահիշատակ անձանց: Նոյեմբերի 15-ին  ՀԱԻ ընթերցասրահում կայացավ 2 նիստով գիտաժողով՝ նվիրված Սուրեն Սաղումյանի 90 ամյակին։ Ներկա էին բնագավառի ներկայացուցիչ գիտնականներ, թեմայով հետաքրքրվողներ, հյուրեր։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱԻ տնօրեն, պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Բոբոխյանը, պ․գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀԱԻ գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը և ՀԱԻ Վիմագրության բաժնի վարիչ, պ․ գ․ թ․ Արսեն Հարությունյանը։ Բոլորն էլ բարձր գնահատեցին Ս․ Սաղումյանի դերը հայոց պատմության, հնագիտության, առավելապես վիմագրության և հուշարձանների պահպանության գործում։ Պ․ Ավետիսյանը նշեց՝ Ս․ Սաղումյանը գիտեր ՀՀ տարածքում, հատկապես Վայոց Ձորում, գոյություն ունեցող շատ հուշարձանների տեղ, ճանաչում էր տարածքի շատ բնակիչների։ Սուրեն Տիգրանի՝ այդպես սիրով ու մտերմաբար են ընկերները, մտերիմները, աշխատանքային ընկերները դիմել նրան։ Ա. Բոբոխյանի համար արժեքավոր տեղեկատվություն են եղել Սաղումյանի աշխատություններն իր գիտական աշխատանքի ընթացքում։ Ս. Սաղումյանը ծնվել է 1934 թ․ Տավուշի մարզի Թովուզ գյուղում: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և մինչև կյանքի վերջին օրերը՝ 2001թ․, նվիրվել հուշարձանների ուսումնասիրման ու պահպանության հայրենանվեր գործին: Գիտաժողովի առաջին նիստը վարեց ՀԱԻ Վիմագրության բաժնի վարիչ Ա․ Հարությունյանը։ Հետաքրքիր բանախոսությամբ՝ «Նորահայտ քարագործ վարպետների անուններ Սուրեն Սաղումյանի արխիվից», հանդես եկավ պ․ գ․ թ․, ՀԱԻ գիտաշխատող Գագիկ Սարգսյանը, ով 7 տարի աշխատել է նրա հետ։ Կարևորեց գիտնականի արխիվի պահպանությունը, որը Վիմագրության բաժինը հանձնել է ՀԱԻ ընդհանուր պահպանության։ Ներկայացրեց մի շարք անուններ, որոնք փորագրված են տարբեր վիմագրերում։ Տեղեկացրեց՝ ՀԱԻ Վիմագրության բաժինը հրատարակելու է Ս. Սաղումյանի՝ վիմագրությանը նվիրված նոր աշխատությունը, որը կդառնա անվանի վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի համապատասխան գրքի կողքին դրվելու արժանի ուսումնասիրություն: Հավելեց նաև՝  Ս. Սաղումյանի դաշտային արխիվում կան նորահայտ նյութեր, որոնք վերաբերում են միջնադարյան քարագործ վարպետներին ու ճարտարապետներին:  Սաղումյանի դաշտային օրագրերում հիշատակվում են 178 անուն՝ խաչքար ու տապանաքար կերտող, 31 վիմագիր, և 43 ճարտարապետ-շինարար: Ծնունդով աշտարակեցի, պ․ գ․ դ․, ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի վարիչ Գարեգին Թումանյանն անդրադարձավ Ս․ Սաղումյանի հեղինակած «Աշտարակ» աշխատությանը։ Ասաց՝ ելույթի առաջին պատճառն իր ծննդավայրին նվիրված լինելն է։ Ըստ բանախոսի՝ Ս․ Սաղումյանը մեծ սիրով է աշխատել՝ ներկայացնելով Աշտարակ քաղաքը և այնտեղ պահպանված հուշարձանները։ «Հայկական ճարտարապետության քնարական հրաշամանուկ» համրեց Աշտարակի Կարմրավոր եկեղեցին՝ ըստ Սաղումյանի նկարագրության։ «Աշտարակ»-ը գրված է ջերմ սիրով, թեմայի գերազանց իմացությամբ, միևնույն ժամանակ գիտական զգուշավորությամբ ու ճշգրտությոմբ», - նշեց բանախոսը: Ընդհանրապես Սաղումյանի աշխատությունները կարևոր աղբյուր են շատ ուսումնասիրողների համար՝ օրինակ բերելով Համլետ Պետրոսյանի «Խաչքար» գիրքը։  «Սուրեն Սաղումյանի վիմագրական վաստակը» զեկույցով ներկայացավ Արսեն Հարությունյանը։ Ըստ զեկուցողի՝ Սաղումյանի շուրջ 30 տպագիր աշխատություններ նվիրված էն հայերեն վիմագրերի ուսումնասիրման տարբեր խնդիրներին։ Նշված խնդիրների պատասխանի լավագույն տարբերակ համարեց «Աշտարակ»-ը(Երևան․ 1998թ․)։ «Գիտնականի վիմագրագիտական ավանդը հայագիտության մեջ նշանավորվում է հատկապես վիմագրերում հանդիպող սղագրության եղանակներին նվիրված հոդվածաշարերով, որ հրատարակվել է «Լրաբեր հասարակական գիտությունների» ակադեմիական պարբերականում՝ 1978-1985թթ․», - նշեց Ա․ Հարությունյանը։  Նշեց այս հոդվածներում գիտնականն առաջին անգամ հիշատակել է վիմագրերում վկայված երևույթներ՝ Համառոտագրություն, Փակագրություն, Ծածկագրություն և Զարդագրություն։ Անդրադարձ եղավ նաև կցագրությանը, որն ունի իր ձևերը։ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ, բ․ գ․ թ․ Հասմիկ Գալստյանը ներկայացրեց «Ազատ(Ազատա) գյուղի տեղորոշումն ըստ վիմագրերի» զեկույցը։ Անդրադարձավ Շիրակի հրաշք վանքերից Մարմաշենի կաթողիկե եկեղեցու կամ գլխավոր տաճարի 2 ընդարձակ արձանագրություններին, որոնցից 1-ը՝ 18 տողանի, փորագրված է հարավային պատին, մյուսը՝ 12 տող՝ հյուսիսային։ Այս արձանագրություններում հիշատակվում է Ազատ-Ազատա գյուղի մասին։ Ս․ Սաղումյանը, վերծանելով արձանագրությունները՝ տեղեկացնում է՝ Վահրամ Պահլավունու հետնորդները Մարմաշենի վանքին են նվիրել Ազատ և Տիրաշեն գյուղերը։ Բայց այս բնակավայրի տեղը դեռ հայտնի չէ։ Յուրահատուկ զեկույցով ներկայացավ Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը։ «Մարդկության պատմության գոյության բոլոր այն հետքերը, որոնք 100 և ավելի տարիներ գտնվել են ջրի հատակին, համարվում են ջրասույզ հուշարձաններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ըսը 2001թ․ կոնվեցիայի, դրանք դասում է «Ջրասույզ մշակութային ժառանգության» ցանկում»։ Իր «Ջրասույզ հուշարձանների պահպանության և վերականգնման միջազգային փորձն ու դրա կիրառման անհրաժեշտությունը Հայաստանում» զեկույցում տեղեկացրեց Ա․ Մարտիկյանը, ով նաև ներկայացրեց այդ բնագավառում միջազգային փորձը։ Ըստ բանախոսի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով միայն Միջերկրական ծովում կա մոտ 150 ջրասույզ բնակավայր։ Ավելի քան 3 միլիոն նավաբեկություն կա համաշխարհային օվկիանոսում։ «Մեր ուսումնասիրություններով շուրջ 10 հուշարձան է նշմարվել Վանա լճում, որոնք դարերի ընթացքում լճի մակարդակի բարձրանալու հետևանքով ջրատակ են անցել։ Մշակութային ժառանգության նմուշներ կան նաև Սևանա լճում», -ելույթում տեղեկացրեց Ա․ Մարտիկյանը։ Տեղեկացրեց նաև՝ 2007թ, Կարիբյան ծովում հայտնաբերվել է միջնադարյան խորտակված նավ, որը, ըստ Ինդիանայի համալսարանի մասնագետների, «Քեդեխ Մերչատոն» անունով է եղել, պատկանել է հայ վաճառականների և գրավվել Ուիլյամ Քիդի կողմից։   Ճարտարապետ, ՀԱԻ աշխատակից Լիլիթ Տեր-Մինասյանի զեկույցը՝ «Եռաչափ վերականգնումները որպես հուշարձանների պահպանության վիրտուալ գործիք», նվիրված է ժամանակակից գիտության խնդիրներին։ Ասաց․ «Եռաչափ վերականգնումները շուրջ երեք տասնամյակ է կիրառվում են հուշարձանների ուսումնասիրության, պահպանության հանրահռչակման գործում»։ Նշեց նաև՝ այդ եղանակով հնարավոր է նաև ճշտել պատմական հուշարձանի՝ ժամանակի ընթացքում կրած փոփոխություններին՝ օրինակ բերելով Ագարակի հնավայրը։ Երկրորդ նիստը վարեց Դիաննա Միրիջանյանը։ Եղավ ևս 6 զեկույց։ Պ․ գ․ դ․, պրոֆեսոր, ԵՊՀ և ՀԱԻ աշխատակից Համլետ Պետրոսյանի «Գիրը և պատկերը․ Գանձասարի Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցման արձանագրության և գմբեթի քանդակային հորինվածքի համադիր քննության փորձ» զեկույցը նվիրված էր Արցախին։ Ըստ գիտնականի՝ նշված եկեղեցու «․․․հարուստ ճարտարապետական ու բուսաերկրաչափական հարդարման պսակը կազմում են թմբուկի հիմնական իմաստաբանական ծանրաբեռնավածությունը կրող պատկերաքանդակները, որոնք նիստերին դասավորված են որոշակի հերթականությամբ»։ Անդրադարձավ նաև վանքի ճարտարապետական հորինվածքի այլ խնդիրներին ու վիմագրերին։ Բ․ գ․ թ․, անկախ հետազոտող Դավիթ Վարդազարյանը ներկայացրեց «Դարանիի սեպագիր արձանագրության վերծանման մի քանի փորձերի համեմատական քննություն և վերականգնման հեռանկարներ» զեկույցը։ Տեղեկացրեց՝ Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում 1862թ․ հայտնաբերված ուրարտական առաջին արձանագրությունն է Դարանիի՝ Էլար-ներկայիս Աբովյան քաղաքի՝ Արգիշտի Առաջինի անվանակիր սեպագիրը։   Ցավ հայտնեց, որ առայժմ անհայտ է սեպագրի տեղը, սակայն մի շարք գիտնականներ ժամանակին վերծանել են այն։  Մերի Սաֆարյանը հանդես եկավ «Հերմոնի վանքի հետախուզական պեղումների արդյունքներն ու նորահայտ վիմագրերը» բանախոսությամբ։ 10-րդ դարում հիմնադրված այս վանական համալիրը բաղկացած է Սբ․ Գրիգոր եկեղեցուց, պարսպապատ բակից, ուսումնական ու տնտեսական մասերից։ Եկեղեցու շուրջ ընդարձակ գերեզմանոց է։ Վանական համալիրը 14-15-րդ դարերում եղել է նշանավոր մշակութային կենտրոն՝ գտնվելով Օրբելյանների հովանու տակ։  Սաթիկ Խուրշուդյանը «Վիմագրական ուսումնասիրություններ Գորիսի շրջանի Վաղատուր, Քարաշեն և Քարահունջ գյուղերում» ելույթում կարևորեց այն, որ Սյունիքի այս հատվածի պատմահնագիտական հուշարձաններն ուսումնասիրվեն վիմագրագիտական տեսանկյունից։ ՀԱԻ ներկայացուցիչ, պ․ գ․ թ․ Սուսաննա Ադամյանը ներկայացավ «Արիստակես եպիսկոպոս Սեդրակյան․ կյանքն ու գործունեությունը» զեկույցով։ Նշեց՝ Սեդրակյանը մեկն է այն հոգևորականներից, ով տարբեր գործունեություն է ծավալել Արևելյան Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում` ուսումնասիրել ու նկարագրել է հայոց պատմությունը, մշակույթին վերաբերող բազում հիշատակարաններ և այլն։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոս Մարիամ Հերգնյանի «Վանդալիզմի հոգեբանական հիմքերն ու առանձնահատկությունները» զեկույցում կարևորվեց վանդալիզմի կանխարգելումը։ Նա վանդալիզմի հոգեբանական խնդիրների շարքում դասեց ցածր ինքնագնահատականը, բարձր ագրեսիվությունը, իմպուլսիվության բարձր մակարդակը։ Գիտաժողովի ընթացքում և վերջում հնչեցին հարցեր, եղան առաջարկներ ու ամփոփում։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։