Image

Աջակցություն սննդի տրամադրմամբ

«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) շարունակում է նյութական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին։ 2024 թ․ դեկտեմբերի 5-6-ին հիմնադրամի գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների վարչության խորհրդի նախագահ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան Արծրուն Ավագյանը, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան Մարատ Գրիգորյանը, Կանադայի «Գլոբալ Մեդիկ» կազմակերպության ներկայացուցիչներ Ռոբինի, Ջեյնի և Լինի հետ այցելեցին 4 ընտանիքի՝ Երևանում և Արագածոտնի մարզի Աղձք գյուղում։ Սա «Գլոբալ Մեդիկ» կազմակերպության 6-րդ այցն է այս տարի։

Բազմազավակ ընտանիքներին այս անգամ սննդի մի մասը տրամադրվեց հիմնադրամի, մի մասը «Գլոբալ Մեդիկ»-ի կողմից։ Արցախի Շուշի քաղաքում էր բնակվում Էռնեստ Խոսրովյանի և Արևիկ Գրիգորյանի բազմազավակ ընտանիքը։ 2014թ․ բնակություն հաստատեցին Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում։ Այստեղ ծնված որդիներից մեկին կոչեցին Ռոբերտ՝ ի պատիվ 2016թ․ Ապրիլյան քառօրյայում հերոսաբար մարտիրոսված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, ում անունով էր կոչվում Հերիկի նորակառույց դպրոցը։  2020թ․ Էռնեստի և Արևիկի ընտանիքն սկզբում տեղափոխվեց Երևան, սակայն 9 ամիս անց վերադարձան Արցախ և բնակություն հաստատեցին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում, որտեղ ծնվել է նրանց 9-րդ զավակը։ Հիմնադրամի կողմից այս ընտանիքը մշտապես ուշադրության կենտրոնում էր։ 2023թ․ սեպտեմբերին ստիպված էին լքել հայրենի Ճարտարը, և նրանց ընտանիքը հաստատվեց Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում՝ ժամանակավոր բնակարանում։ Հետագայում տեղափոխվեցին նույն մարզի Կաթնաղբյուր գյուղ, այնուհետև՝ Երևանի Հաղթանակ թաղամաս։ Վերջերս ստիպված դարձյալ տեղափոխվել և ժամանակավոր բնակվում են Նուբարաշենում։ Բարերարները հերթական անգամ այցելեցին այս ընտանիքին և հատկացրեցին սնունդը։ Ծանոթացան բնակելի պայմաններին։ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում է բնակվում  Լիաննա Սաֆարյանի ընտանիքը՝ տեղափոխված Շուշիից։ Երևանում՝ Զորավար Անդրանիկ փողոցում է բնակվում Աննա Կարապետյանի ընտանիքը՝ 5 անչափահաս երեխաների հետ։ Հերթական այցելությունն էր այս ընտանիքին։ Դեկտեմբերի 6-ին Հիմնադրամի գործադիր տնօրենը և հոգաբարձուների անդամներն այցելեցին Էրեբունի, որտեղ էլ տեղավորվել է Մարուսյա և Գրիգոր Սահակյանների ընտանիքը․ ունեն 5 երեխա։ Գ․ Մելիքյանը տեղեկացրեց՝ նյութական աջակցությունն արցախցի բազմազավակ ընտանիքներին շարունակվելու է։

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։