«Ազգային ընտրանի -2024» ավանդական՝ չորրորդ մրցանակաբաշխության մրցանակակիրները

Վանաձորի պատվավոր քաղաքացի, Լոռու Ասպետ, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանդոս Ղարագյոզյանի պատվավոր տիտղոսներին ու բազմաթիվ մրցանակներին ավելացավ ևս մեկը. նա «Ազգային ընտրանի -2024» ավանդական՝ չորրորդ մրցանակաբաշխությունում «Ծանրամարտի համաշխարհային պատմության ստեղծման գործում ունեցած մեծ ավանդի համար» ճանաչվեց մրցանակակիր:
Հիշյալ մրցանակաբաշխություններն ուղղված են ազգային արժեքների գնահատմանը, հայապահպանությանը, մշակութային արժեքների պահպանմանը: նշվեց Մրցանակաբաշխության ընթացքում վերստին նշվեց՝ «Ազգային արժեքները մեր ինքնության եւ գոյատեւման հիմքն են, այն արմատները, որոնց վրա կառուցված են մեր անցյալը, մեր ներկան, մեր ապագան: Դրանք մեր մշակույթն են, լեզուն, ավանդույթները, մեր նախնիների ստեղծած հոգեւոր եւ նյութական բարիքները: Հայապահպանությունը պահանջում է թե անհատական եւ թե հավաքական ջանքեր»:
Միջոցառման մասնակիցները հավաքվել էին՝ արժևորելու հաջողությունները, ձեռքբերումները, մեկ հարկի տակ համախմբելու սպորտի, մշակույթի, գիտության, արվեստի եւ այլ ոլորտներում անուրանալի ավանդ ներդրած անձանց եւ կազմակերպություններին, արժևորելու Հայրենիքին մատուցած նրանց ծառայությունն ու ներդրումը, Հայաստանի հեղինակությունն ու դերը աշխարհում բարձրացնելու եւ գնահատելու ուղղությամբ նրանց գործադրած ջանքերը:
Ավանդական այս միջոցառման կազմակերպիչ, իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը նշեց. «Միջազգային հանձնաժողովով ընտրված մեր մրցանակակիրները մարդիկ են, որոնք լուրջ ներդրումներ ունեն իրենց ոլորտներում: Այս տարվա մրցանակակիրների շարքում են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, պրոֆեսիոնալ սպորտում բազմաթիվ հաղթանակներ տոնած, Հայաստանի դրոշը աշխարհի տարբեր անկյուններում բարձրացրած ու օրհներգը հնչեցրած մարզիկներ, մարզական, ինչպես նաեւ գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչներ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պատիվ են բերել եւ բերում են ոչ միայն մեր հայրենիքին»:
Սպորտի ոլորտում «Թիվ 1 միջազգային անվանակարգում» պարգեւատրվեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն, FILA-ի Փառքի սրահի անդամ Արմեն Նազարյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն ու մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն, Երեւանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը, ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, պոկում վարժությունում աշխարհի եռակի ռեկորդակիր Իսրայել Միլիտոսյանը, AIBA բարձրագույն կարգի մրցավար, Սիդնեյի օլիմպիական խաղերի լավագույն մրցավար, ՀԱՕԿ փոխնախագահ, ՄՕԿ «Ոսկե շղթա» ստացած աշխարհում միակ մրցավար Դերենիկ Գաբրիելյանը, և, ինչպես սկզբում նշեցինք՝ լոռեցի Վանդոս Ղարագյոզյանը:
Շնորհավորում ենք բոլորին: