Նրանք ՈՒԺԻ ՕՐԵՆՔԻ այսօրվա «գերակա» պայմաններում մարդկությանը նույն ՈՒԺԻ ՕՐԵՆՔՈՎ ստիպեցին մտածել ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ անհրաժեշտության մասին

Նրանք ասպարեզ իջան այն ժամանակ, երբ աշխարհի քնեած «առաջադեմ, հումանիստ» պետությունները ընդարմացման ու թմբիրի մեջ՝ ակնհայտ ցանկություն ունեին մոռացության մշուշում թաղել աշխարհում առաջին զարհուրելի ցեղասպանության փաստը՝ Հայոց եղեռնը:
Նրանք ամպրոպների միջից արծիվների թևաբախմամբ հանկարծակի սուրացին մարդկության խիղճն արթնացնելու, երբ Գերված Երկիրը...ոչ ոք չէր հիշում, իսկ թուրքերի մեջ էլ արդեն համոզմունք էր ձեւավորվել, թե՝ ազատվել են պատմությանն առերեսվելու անխուսափելիությունից:
Նրանք աշխարհի խիղճը զենքով ցնցեցին: Իրենք, ապաև՝ մենք, այդ ահեղ ցնցումը ԱՍԱԼԱ կոչեցինք:
Նրա զինյալները՝ միայն Հայրենիքի կարոտը սրտում, իրենց պատմական Հայերնիքն անգամ երբեք չտեսած երիտասարդներ, անգամ պատանիներ, հուժկու մռնչոց արձակեցին քար աշխարհի դեմ, քանզի հույս արթնացնելու, ազգին ուժ, կորով, ոգի հաղորդելու աներեր կամք ու նպատակադրում ունեին:
Հունվարի 20-ին լրացավ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ/ ծննդյան 50-ամյակը:
Ավանդույթի համաձայն տոնը լոռեցիները /ցավոք՝ երևի միայն լոռեցիները, քանզի որևէ արձագանք դեռ չենք լսել/ Հայաստանի «Ինտերկապ» ԲԿ-ի, ԵԿՄ-ի նախաձեռնությամբ նշեցին և երախտիքի տուրք մատուցեցին Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ ԱՍԱԼԱ-ի դյուցազնորդիների անմահ սխրանքն ու հիշատակը հավերժացնող խաչքար- հուշակոթողի մետ։ Մասնակցեցին դպրոցականներ ու ուսանողներ, ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ, հկ-ների, ձեռնարկությունների աշխատակիցներ, ԱՍԱԼԱ-ի մարտիկներ, քաղաքացիներ, խաչքար-հուշարձանի առջեւ պատվո պահակ կանգնեցին պատանի կամավորականները: Տերունական աղոթքով հոգեհանգստյան կարգ մատուցեցին նույն եկեղեցու հոգեւոր հովիվ, ավագ քահանա տեր Օհան Լուսարարյանը, Տաճատ քահանա Բարսեղյանը:
Բանաստեղծ, երգիչ, աշուղական երգերի հեղինակ Աշոտ Դալլաքյանը հիանալի կատարմամբ մեզ մատուցեց անձնուրաց մարտիկների գործն ու սխրանքը փառաբանող «ԱՍԱԼԱ-50»խրոխտ բանաստեղծությունը /հեղինակ՝ Կարո Վարդանյան/, խոստանալով, որ առաջիկայում Ձոնի խոսքերը երգի կվերածի:
Իրենց ելութներով մեծարանքի ու գնահատանքի խոսքեր հնչեցրին, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին նոր տեղեկություններ ու փաստեր մատուցեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս, Անդրանիկագետ, ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին եզակի, փայլուն առասպելապատում «Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն…» գրքի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, «Զորավար Անդրանիկ» նախաձեռնող խմբի անդամ, պատմաբան Ռուբեն Պարսամյանը, երախտիքի խոսք ասաց նաև Վանաձորի ռազմահայրենասիրական «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Լիպարիտ Դալլաքյանը:
Անչափ հետաքրքիր է պատմությունը, թե ինչու Գաղտնի բանակի ծննդյան օրը հունվարի 20-նն է: ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԸ
կամ՝ ինչու ծերունի առյուծը մեկ շաբաթով հետաձգեց իր գործողությունը
Կարելի է ասել, որ ամբողջ աշխարհը անհամբեր սպասում էր Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը՝ հույսով, որ այդ նա փրկելու է կործանվող աշխարհը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի երդմնակալության օրը ԱՄՆ Սահմանադրության 1933 թ․ փոփոխությամբ նորընտիր նախագահները միշտ երդվել են հունվարի 20-ին՝ երբ էլ որ ընտրված լինեն։
Ի՞նչ կապ ունի հունվարի 20-ը Գուրգեն Յանիկյանի հետ։ Նրա ինքնակենսագրական հուշերից արդեն գիտենք, որ 1972-ի վերջին Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարան ներկայացել էր որպես պարսիկ մեծահարուստ և իր հավաքածուից թանկարժեք նվերներ խոստացել Թուրքիային՝ պայմանով, որ հյուպատոսն ու փոխհյուպատոսը պիտի նվերներն ընդունեն իր հարկի տակ, ոչ թե հյուպատոսարանում։ Հյուպատոսը խոստացված նվերների լուսանկարներն ուղարկել էր Անկարա՝ կարծիքի։ Թուրքիայի մշակույթի նախարարության եզրակացությունը ստացվել էր, որ առաջարկվող նվերներն իսկապես մեծ արժեք ունեն Թուրքիայի համար և անհրաժեշտ է ամեն գնով ունենալ դրանք։ Ծերունու խայծը աշխատել էր։ Այդ մասին հյուպատոսի գրությունը Յանիկյանը ստացավ հունվարի առաջին կեսին և զանգահարեց հյուպատոսին՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար։ Հյուպատոսն ասաց, որ ազատ է լինում միայն շաբաթ օրերը, իսկ առաջիկա շաբաթը հունվարի 20-ն է, որը շատ հարմար օր է հանդիպման համար։ Յանիկյանն այն է՝ պիտի համաձայնություն տար, երբ հանկարծ հիշեց, որ հունվարի 20-ը Ռիչարդ Նիքսոնի երկրորդ երդմնակալության օրն է, որին սպասում է ողջ աշխարհը։ Այսինքն, ըստ Ծերունի Առյուծի, իր գործողությունը սպասված հնչեղությունը չի ունենա, քանի որ բոլորի ուշադրությունը սևեռված է լինելու նախագահի երդմնակալության արարողության վրա։ Ուստի մի պատրվակ է հնարում. այդ օրը իր մի շատ մտերիմ ընկերն ամուսնացնում է որդուն, և ինքը հարսանիքի կնքահայրն է։ Ասում է՝ ու լեզուն կծում՝ չէ՞ որ ինքը ներկայացել էր որպես պարսիկ․ մահմեդականից ի՞նչ կնքահայր։ Բարեբախտաբար, նվերները օր առաջ ունենալու գայթակղության մեջ, հյուպատոսն ուշադրություն չի դարձնում այդ հանգամանքին, և նրանք պայմանավորվում են հանդիպել հաջորդ շաբաթ՝ հունվարի 27-ին։
Ի դեպ, Ռիչարդ Նիքսոնի մասին՝ թունդ թրքասեր ու նույնքան թունդ հայատյաց էր։ Աշխարհը լավ գիտի նրա լարած Ուոթերգեյթյան դավադրության մասին, որի պատճառով էլ պաշտոնանկ արվեց։ Նրա հրահանգով գաղտնալսման համակարգ էր տեղադրվել՝ գաղտնալսելու իր մրցակից դեմոկրատներին։ Նախաքննության երկարուձիգ ամիսներին, երբ փորձագետները բծախնդրությամբ լսում էին ձայնագրությունները՝ լսեցին նաև Նիքսոնի մի այլանդակ հայհոյանքը՝ ուղղված Յանիկյանին և հայ ժողովրդին։ Խորհրդակցության ընթացքում օգնականը մոտեցել էր ու ականջին զեկուցել քիչ առաջ տեղի ունեցած ակտի մասին, և այլայլված Նիքսոնի առաջին արձագանքը եղել էր այդ հայհոյանքը։
Ինչևէ, այսպիսի պատմություն ունի Գուրգեն Յանիկյանի գործողության ամսաթիվը՝ 1973թ․ հունվարի 27-ը, որը վիթխարի նշանակություն ունեցավ հայության հետագա ընթացքի համար։ Այն ազդակ եղավ, որ մի խումբ հայ երիտասարդներ ձևավորեն Գաղտնի Բանակ և 1975-ի հունվարի 20-ին /դարձյալ հունվարի 20/ առաջին գործողությամբ ազդարարեն իրենց մասին։
Այս տարվա հունվարի 20-ին լրանցավ ԱՍԱԼԱ-ի 50 ամյակը։ Այդ օրը աշխարհը զբաղված էր Թրամփով, բայց Լոռիում գտնվեցին մի քանի տասնյակ հայեր, որ յուրօվսանն նշանավորեցին հային երբևէ վստահություն ու հպարտություն բերած կազմակերպության հոբելյանը:
Ցերեկույթում ընդգցվեց կազմակերպության մեծ դերը երրորդ հանրապետության ստեղծման դժվարին տարիներին, Արցախյան հերոսամարտում մեր խենթ վրիժառուների անսասան մասնակցությունն ու քաջագործությունը, վրիժառությունը, որն առաջադեմ մարդկությունն անմիջապես տարբերեց անասելիք ու թուլակամության ցուցիչ ահաբեկչությունից:
Այո, դժվարին է եղել նրանց ուղին, հաճախ ռումբերով են ճանապարհ հարթել նպատակների իրագործմանն հասնելու համար, բայց, վերջիվերջո, նրանց հաջողվել է քաղաքակիրթ մարդկությանն արթնացնել, ստիպել խորհելու ցեղասպանությունների ու դրանցից խուսափելու եւ կանխարգելելու ուղիների մասին: Այդ նրանց պատժիչ գործողությունների շնորհիվ է, որ աշխարհի՝ այսօր արդեն ավելի քան 40 պետություն, ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Այդ նրանք էին, որ ուժի օրենքի այսօրվա «հարգված, գերակա» պայմաններում մարդկությանը նույն ուժի օրենքով ստիպեցին մտածել օենքի ուժի անհրաժեշտության մասին:
Կարո Վարդանյան
Ձոն ԱՍԱԼԱ-յի մարտիկներին
Բոց ու կրակից ծնված ասպետներ,
Դուք զենքը դարձաք զինաթափ ազգի,
Ձեզ ուժ տվողը քաջ Անդրանիկն էր,
Որ պիտի օրհներ զարկը ձեր բազկի։
Դուք Հայոց Դատի ահեղ դպիրներ,
Ձեր սրտի հրից ռումբեր կոփեցիք,
Սրբեցիք Դատից արցունքները մեր,
Ու նոր էջերը ռումբով գրեցիք:
Պայթյունի նման կարճ էր կյանքը ձեր,
Ձեր սուրբ պայքարում մնացիք մենակ,
Մենակ կռեցիք զենքի փառքը մեր,
Փառքը, որ կոչվեց Հայ Գաղտնի Բանակ:
Ձեր գարունները թողեցիք ազգին,
Ազգի երազն էր վառվում ձեր սրտում,
Կրակե խաչ էր դաջված ձեր բազկին,
Ամեհի զարկով բերիք հատուցում:
Հող ու մոխիրից զատված փյունիկներ,
Թևերը դարձաք թևաթափ ազգի,
Ռումբեր դարձրիք երազները մեր,
Նոր հուն տվեցիք հայության բախտին:
Սուգ ու արտասուք մերժած արծիվներ,
Դուք հույսը դարձաք հուսահատ ազգի,
Ձեր նվիրումը անմահություն էր
Ու ձեր վախճանը՝ հարություն հայի: