Image

«Ղարագյոզյան տոհմի պատմություն» գիրքը՝ հայրենասիրության լավագույն օրինակ

«Ասողիկ» հրատարակչությունը լույս ընծայեց Վանաձորի պատվավոր քաղաքացի, դոկտոր, պրոֆեսոր Վանդոս Ղարագյոզյանի հեղինակած «Ղարագյոզյան տոհմի պատմությունը» գիրքը: Շնորհավորելով հեղինակին, ընթերցողին ենք ներկայացնում գրքի խմբագրի խոսքը՝ աշխատության մասին որոշակի կարծիք ունենալու համար:

Հարգելի ընթերցող.

Ձեռքդ ես առել Վանդոս Ղարագյոզյանի հեղինակած «Ղարագյոզյան տոհմի պատմություն» գիրքը: Կարող է  Ղարագյոզյան տոհմի մի անդամն ես, բարեկամը, կարող է   նաև «օտարական» ես / որևէ այլ ազգի ներկայացուցիչ/: Մի երկմտիր, կարդա և կվարձատրվես այն ժամանակի կորստի դիմաց, որ ծախսեցիր ընթերցելու համար:

Գիրքն, այո, մի մեծ շարք անվանի անհատականություններ և փառավոր ու ուսանելի անցյալ, ներկա և, իհարկե, լուսավոր ապագա  ունեցող մի տոհմի պատմության մասին է: Բայց այդ տոհմը անօդ, տարանջատ տիրույթում չէ, որ ապրել և արարել է: Տոհմը շրջապատված է եղել մարդկանցով, այլ տոհմերով, միով բանիվ՝ ՄԵԶՆՈՎ: Ղարագյոզյանները հարաբերվել, շփվել են մեզ հետ, շատերիս հետ բարեկամական, ընկերական  հարաբերություններ են հաստատել ու պահպանել հավատարմորեն:  Այդ կվկայեն Վանաձորի հնաբնակ տոհմերի՝ Շահինյանների /Շահնանք/, Աղաբաբյանների, Ժամհարյանների, Ամիրբեկյանների և այլ ազգությունների ներկայացուցիչները: Մենք մեզ էլ կգտնենք այս գրքում: Ահա ինչու գիրքը կարող է սրտամոտ լինել նաև ոչ Ղարագյուզյանների համար:

Եվ կիմանանք պատմական մի շարք դեպքերի ու իրադարձությունների մասին, որոնք հիշողությունից անհետանալու եզրին են: Ընդամենը մեկ օրինակ. ո՞վ է հիշում, թե Վանաձորի Դիմաց թաղամասի «հիմնադիրն» ո՞վ  է: Այն ո՞ր համարձակն է եղել, որ անտեսել է «գելերոց» լինելու վախը, թողել է գյուղաքաղաքը  և անցել Վանաձոր գետը, տուն կառուցել, բնակություն հաստատել՝ շունչ ու կենդանություն հաղորդելով մինչ այդ անմարդաբնակ վայրին՝ Տանձուտ գետի աջ ափի ամայի զառիթափում: Հեղինակի հորեղբայր Մուշեղ Ղարագյոզյանն է եղել այդ մարդը: Նրա օրինակին հետևել է նաև մյուս հորեղբայրը՝ առաջին համաշխարհային պատերազմի մասնակից Մելիք Ղարագյոզյանը, ով իր տունը երկրորդն է կառուցում եղբոր տնից 150մետր հեռավորության վրա:  

Հեղինակի լեզուն և ոճը պարզ   ու անպաճույճ է, զերծ ավելորդաբանություններից, գունազարդումներից, անհարկի մակդիրների օգտագործումից: Լեզուն և ոճը հիանալի ներդաշն է ասելիքին, այն ցանկությանը, որ նա դրել է իր առաջ՝ սեր, հետաքրքրություն և հպարտություն արթանացնել իր մի մասը և սիրելի հայրենիքի մասը հանդիսացող համբավավոր տոհմի նկատմամբ: Հաճախ Նրա ընդամենը մեկ-երկու  դիպուկ վրձնահարվածը բավական է լինում, որ ընթերցողի առջև վեր հառնի այս կամ այն հարազատի ճշմարիտ կերպարը: Հորեղբայրներից Մելիքի մասին գրել է՝ «Նա շատ խիստ, պահանջկոտ, բայց նաև  շատ արդար մարդ էր», Բագրատի մասին՝ «Ղոչաղ ռանչպար էր»:

 Նա չի «աղաղակում», թե Ղարագյոզյանները  ինչպես էին սիրում ու հարգում ծնողներին: Դա ինքնստինքյան երևակվում է նրա  ահա այսպիսի «անմեղ», անմիջական  տողերից. «Մեր տանը դեռ օգտագործում ենք այն ալմաստները, որ եղբայրս էր հայրիկի համար բերում ԽՍՀՄ տարբեր քաղաքներում մրցություններից վերադառնալիս»: Սեր, հպարտության զգացում կան «Լիլիթն իր ամուսնուն երջակացրեց  Դավիթ և Տիգրան որդիներ պարգևելով», «Նրանք ունեն իրենց կայացած  ընտանիքները, սիրված աշխատանքը» և նմանատիպ այլ ինքնաբուխ բնութագրումներում:

Գրքի տարբեր մասերում հաճախակի կհանդիպես այս կամ այն հարազատների հետ շարունակվող ջերմ հարաբերությունների  մասին այսպիսի տողեր՝ «Մեր ընտանիքը ամուր   կապված է նրանց հետ,մշտապես սիրով շփվում ենք,  հաճախ ենք հանդիպումներ ունենում»:  Ահա այդպիսի խոսքերի մեջ պիտի փնտրել գրքի ծննդյան հնարավորության, արժանահավատության գաղտնիքները:

Ընթերցողն, անշուշտ, հիանալի հասկանում է, թե որքան դժվարին ու պատասխանատու գործ է հանձն առել հեղինակը՝ նման գիրք երկնելու համար: Հազարավոր հարցումներ՝  հեռու և մոտ ապրող հարազատներին, տոհմի ներկայացուցիչներին /ասենք, որ եղել են ոմանք, որ  չեն  արձագանքել /:  Հայաստանի պետական արխիվում, պահանջված գումարների մուծումից հետո,  համապատասխան փաստաթղթերի բազմաթիվ օրերի փնտրտուք, նկարների, քարտեզների, տոհմածառերի  /մի տոհմածառ էլ ինքն է կազմել/, փաստաթղթերի, վավերագրերի, հիշողությունների հավաքում, դասդասում ու գրքում իրենց տեղում՝ճշգրտորեն, զետեղում...  Բազմաթիվ անձանց մասին էլ ինքն է նստել ու գրել:  Նա փորձել է ամեն տեսանկյունից հավաստի պատմություն հյուսել: Ոչ մի կեղծիք, ոչ մի անստույգ տվյալ կամ տեղեկանք՝ ահա Նրա գլխավոր միտումն ու հավատամքը:

 Ահա այն դժվարությունների մի մասը, որոնց հաղթահարումը, թվում է, մեկ մարդու ուժերից վեր է:

Պատկառելի տարիքում /84տարեկանում/ համարձակվել, իր մեջ ուժ գտնել նման ծավալի ու կարևորության գործ ձեռնարկել և հաջողությամբ ավարտել... ամեն մարդու չէ տրված, ամեն մարդ չէր հաջողի: 

Բայց, ինչպես համոզվում ենք, Վանդոս ՀԱՐԵՀԱՍԻ / նա ընկերների շրջանում վաղուց վաստակել է այդ պատվանունը/ համար դժվարը անհաղթահարելին չէ: Եվ Նա ստեղծել է Ղարագյոզյան հայտնի տոհմի մասին իրոք հանրագիտարանային, իրոք արժեքավոր աշխատություն:

 Վանդոս Ղարագյոզյանի բոլոր կոչումները,  պարգևներն ու շնորհակալագրերը   հազիվ տասնյակ էջերում  կարողանանք տեղավորել: Չենք փորձի: Ընթերցողն ինքն էլ կգտնի գրքի էջերում: Այդ ամենն ապացույցն են այն բանի, որ Նա անուրանալի ավանդ ունի մեր երկրի տնտեսության, կրթության, մանկավարժության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում:  Եվ ամեն բնագավառում  իր ուրույն խոսքն է ասել , հիշատակված բոլոր բնագավառներում էլ Նա մեծություն է: Եվ զարմանալի է՝  մեր կարճատև կյանքում ԱՅՍ ԵՌԱՆԴՈՒՆ  ՄԱՐԴՆ ինչպե՞ս է հաջողել այդքան բան անել: Այդքան բան անել ու դրանք...քիչ համարել: Այո, քիչ  համարել: Այլապես նման աշխատանք չէր ձեռնարկի: Պատկերավոր ասած՝ մեն-մենակ, «թեթև նավակով»  տոհմի ալեկոծ օվկիանոս չէր մտնի ու փոթորկի ու հողմի ներքո, տիտանական ջանքերով, «փրկարար ափ» չէր հասնի: Կարծում ենք, այս լեգենդար մարդուն ուժ ու կորով է հաղորդել  նրա անհուն սերը՝ սերը իր համբավավոր տոհմի, նրա մարդկանց նկատմամբ, սերը՝ հայրենիքի հանդեպ: Այո, այո, այս գիրքը հայրենասիրության վառ օրինակ է: Հայտնի է, որ՝ ով իր տոհմը չսիրի, Հայրենիք էլ չի սիրի:

 Նա, որպես մի լայնախոհ ՀԱՎԱՏԱՎՈՐ,  իր նոր գրքով /թվով՝ 43-րդ/ հուշարձան է կանգնեցրել թե իր տոհմի ու գերդաստանի, թե իր անունի ու պատվի համար:

Գիրքը կարդալուց հետո ամեն ոք վստահությամբ կլցվի, որ Ղարագյոզյան գերդաստանի՝ դարերի խորքից մեզ հասած դալար շյուղերը՝ թոռներ, ծոռներ, իրենց Մեծ նախորդների, ինչպես նաև Վանդոս Ղարագյոզյան լեգենդար ՆԱՀԱՊԵՏԻ  նման կշարունակեն արարել նույն ոգով ու շնչով, կկերտեն զարմանահրաշ , արժանահիշատակելի գործեր ու պատմություններ, որոնք տեղ կգտնեն այն նոր տոհմագրության մաքուր էջերում, որոնք կգրվեն  «Վանդոսակերպ»  նոր Ղարագյոզյանների ջանադիր աջով:

Բերքն առատ է լինելու: Գիրքն էլ մեկ անգամ ևս ապացուցում է, որ հեղինակ Վանդոս Ղարագյոզյանը չի կասկածում:       

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։