«Կողքինս ես եմ» կարգախոսով

Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի Հանրապետությունը 1992թ․ հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը: Իսկ 2001 թ. հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով հաստատվել է Հայաստանի զինված ուժերի տոնը։ Իհարկե, հայկական բանակը հազարամյակների պատմություն ունի, ժամանակին եղել է տարածաշրջանում խաղաղության հաստատողը, զորավիգ է եղել նաև օտար, բայց ճնշված ազգերին:
20-րդ դարում երկրորդ անգամ անկախացած մեր պետության բանակը ձևավորվեց 1988թ. սկսված Արցախյան շարժման ընթացքում արդեն ձևավորված և մարտական մկրտություն ստսցած կամավորական ջոկատների, Հայոց ազգային բանակի (ՀԱԲ), Անկախության բանակի և այլ ռազմական կառույցների հիման վրա։ Ճիշտ է՝ 2020թ․ 44-օրյա պատերազմը խալխլեց մեր բանակը, ունեցանք մարդկային ու տարածքային մեծ կորուստներ, միևնույն է՝ միշտ էլ մեր ազգի պարծանքը մեզ պաշտպանողը, հայոց երկրի զրահ-պատվարը եղել է կա ու կլինի Հայոց բանակը։ Իսկ բանակի հիմքը պետք է սկսենք կառուցել դպրոցից։ Երևանի Դավթաշենի վարչական շրջանում է գործում Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցը, որը տնօրինում է Անուշ Նավասարդյանը՝ Աշոտ Նավասարդյանի ավագ դուստրը։ Քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Ա․ Նավասարդյանը 1989թ․ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը, որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին՝ Երասխավանից մինչև Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի և այլն։ Նրա անվան կրթօջախում լավ հիմքերի վրա է դրված նաև աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը։ Հունվարի 27-ին, Բանակի օրվան նվիրված, դպրոցում կայացավ տոնական միջոցառում։ Առավոտյան բազմաշատ էր դպրոցի բակը։ 5-7-րդ դասարանի աշակերտները զինվորական շարքով էին կանգնել․ յուրաքանչյուր դասարան ներկայացնում էր մի դասակ, ուներ իր հրամանատարը։ Դպրոցի զինղեկ, ռազմական ուղի անցած պահեստի գնդապետ Հովհաննես Քերոբյանը տնօրենին զեկուցեց ցերեկույթի սկսվելու մասին։ Հնչեց Հայոց օրհներգը։ ՀՀ և Արցախի Եռագույն դրոշները ձեռքներին՝ հրահանգի էին սպասում դրոշակակիրները, որ անցնեն շարքերի առջևից։ Տնօրենը ողջունեց ներկաներին՝ ծնողներ, հյուրեր այլ դպրոցներից, ՀՀ ՊՆ-ից, ռազմամարզական կազմակերպություններից, աշակերտներ, ուսուցիչներ։ Կարևորեց բանակի դերը, անդրադարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության և Արցախի բանակների կազմավորման, անցած հերոսական ուղու պատմությանը։ Ընթացքում զինվոր-աշակերտները հանդես եկան շարային վարժություններով, ցուցադրական մարտարվեստով և այլ վարժություններով։
Դպրոցի պատուհաններից ցածր դասարանների աշակերտները Հայոց եռագույնն էին ծածանում և ողջունում իրենց ավագ ընկերներին։ Եղավ նաև ուսումնական օդային տագնապ, որի ժամանակ աշակերտ-զինվորները հանդես եկան պատսպարվելու կանոներով։ Ցուցադրական և մնացած վարժանքներից հետո դպրոցի տնօրենը պատվոգրով պարգևատրեց բոլոր դասակների հրամանատարներին, դպրոցի զինղեկին և աջակից ՀԿ ախագահին։ Այնուհետև դպրոցի աշակերտների հետ կայացավ 2 հանդիպում։ Ներկա զինվորականները՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, մայոր Գուրգեն Շատվորյանը, Դավթաշենում գործող դպրոցների զինղեկները հանդիպում ունեցան աշակերտների հետ, պատմեցին բանակի անցած ուղու մասին, անդրադարձան խնդիրներին։ Աշակերտների կողմից հնչեցին տարբեր հարցեր՝ բանակին վերաբերող։ Հ․ Քերոբյանն անդրադարձավ աշակերտուհիներից մեկի հարցին, որը վերաբերում էր դասալքությանը։ Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 հիմն․ դպրոցի զինղեկ, պահեստ փոխգնդապետ Սևադա Ավագյանը զրույցի ընթացքում տեղեկացրեց՝ Արցախյան գոյամարտի սկզբից մասնակցել է մարտական գործողությունների, իսկ 1992թ․ հունվարից գլխավորել է վերակազմավորված բանակի առաջին վաշտերից մեկը։ Դավթաշեն գյուղի թիվ 93 հիմն․ դպրոցի զինղեկ, պահեստի գնդապետ Արտուշ Գալստյանը նույնպես մարտական ուղի է անցել։ Սիրով էին պատասխանում աշակերտների հարցերին։ Դպրոցի դասասենյակներից մեկում էլ աշակերտների հետ հանդիպում ունեցավ ու հայի արժեհամակարգի, հայոց բանակի հազարամյա պատմությունը ներկայացրեց գրող, քաղաքական վերլուծաբան, «Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը։ Անդրադարձավ իր հեղինակած «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» վեպին, որտեղ կարևորվում է մատաղ սերնդի դերը, որտեղ կա «Կողքինս ես եմ» խոսքը, որ պետք է ընկերոջը, համադասարանցուն, բարեկամին ընդունենք հարազատի պես, ոչ մեկին չգերագնահատենք մյուսներից, որ բոլորը հավասար ենք։ Եվ այս գաղափարով էին մինչ հանդիպումը, աշակերտները շարված դպրոցի բակում՝ «Միշտ հայ» կանչելով։ Դպրոցի տնօրեն Ա․ Նավասարդյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին, զինվորականներին կայացած տոնական օրվա առթիվ՝ մեր զինվորներին մաղթելով բարին: Խոսքն ուղղելով իր սաներին՝ Ա. Նավասարդյանը կարևորեց հայրենանվիրումը՝ անկախ որտեղ են լինելու, որ բնագավառում են աշխատելու, գործելու: