ՀԵՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի (ԳՄՔԲԸՀ) գործունեությանը հաճախ ենք անդրադարձել մամուլի էջերում: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, 1992 – 1997 թթ․ արցախյան ազատամարտում ՊԲ հրամանատարի տեղակալ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հաղթանակից հետո պատմական Աղահեճք-Քաշունիք-Կովսական-Բերդաձոր-Վայկունիքի տարածքում Քաշաթաղի շրջանի կազմավորման սկզբից ստեղծեց նշված հիմնադրամը, որը մինչ օրս աջակցում է արցախցի բազմազավակ ընտանիքներին: Բացի բազմազավակ ընտանիքներին աջակցելուց՝ հիմնադրամը, իր սուղ հնարավորությունների սահմաններում, նաև իրականացնում է բարեգործական բազմաթիվ ծրագրեր և աջակցում անվճարունակ ուսանողներին՝ ամբողջությամբ կամ մասնակի վճարելով նրանց ուսման վարձը։
Հիմնադրամը, նախքան վերջին ողբերգական իրադարձությունները, արցախցի բազմազավակ կարիքավոր ընտանիքներին օգնություն էր տրամադրում իրենց պատմական բնօրրանում՝ բացի սննդից և հագուստից՝ հատկացնելով խոշոր եղջերավոր անասուններ, որոշ ընտանիքներին էլ՝ նաև կենցաղային տեխնիկա՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա և այլն։ 2020 թ․ պատերազմի հետևանքով բռնագաղթված քաշաթաղցիներին Հիմնադրամն արդեն ՀՀ տարածքում էր աջակցում՝ միաժամանակ օգնություն հասցնելով շրջափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի հինգ գյուղերի և մայրաքաղաք Ստեփանակերտի մեր հայրենակիցներին, ինչպես նաև Ստեփանակերտի «Արփեն մայր և նորածին» կենտրոնին, որտեղ ծնվել է 33759 երեխա։ 2022 թ․ սկսած, երբ փակվեց «Լաչինի միջանցք»-ը, և Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, իսկ այնուհետև 2023-ից, երբ արցախցիները բռնագաղթվեցին հայրենի տնից և այժմ բնակվում են ՀՀ տարբեր մարզերում ու մայրաքաղաք Երևանում, փոխվել է հիմնադրամի գործունեության ուղղվածությունը։ Այժմ, ժամանակավորապես դադարեցնելով իր մյուս ծրագրերը, հիմնադրամը կենտրոնացել է ՀՀ-ում ապաստանած Արցախից բռնագաղթված բազմազավակ ընտանիքներին օգնելու վրա: 2024 թվականից հիմնադրամի հետ համագործակցում է կանադական մարդասիրական “Global Medic” կազմակերպությունը։ Այսօր այն համաշխարհային մարդասիրական մեծ կազմակերպություն է, օգնություն է ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներում պատերազմներից, երկրաշարժներից, ջրհեղեղներից ու այլ աղետներից տուժած կարիքավորներին։ Վերջերս Երևանում էին «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը, նրա թիմի անդամներ Թառա Կարսոնը, Ալ Մակլարենը և Շելի Թոմսոնը, ինչպես նաև կանադահայ հասարակական գործիչ Խորեն Մարդոյանը, ով բազմիցս եղել է Արցախում և մարդասիրական օգնություն ցուցաբերել, իսկ 2016-ից համագործակցում է «Global Medic»-ի հետ: Հունվարի 20-ին տեղի ունեցավ Հիմնադրամի հոգաբարձության խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև «Global Medic»-ի ներկայացուցիչները: Տևականորեն քննարկվեցին համատեղ կատարած աշխատանքների արդյունքները և հետագա անելիքները:
Իր շնորհակալական տպավորիչ խոսքում «Global Medic»-ի գործադիր տնօրեն Ռահուլ Սինխը բարձր գնահատեց ԳՄՔԲԸՀ-ի կատարած աշխատանքները և ընդգծեց Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գ. Մելիքյանը կարևորեց կանադացի բարեկամների համագործակցությունը, շնորհակալագիր հանձնեց Ռահուլ Սինխին։ Հաջորդ օրը կայացավ «Global Medic»-ի ներկայացուցիչների, Խ. Մարդոյանի և Գ. Մելիքյանի հանդիպումը ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան պրն Էնդրյու Թըրների հետ: Ընթացքում Ռահուլ Սինխը դեսպանին ներկայացրեց համագործակցող երկու կառույցների կատարած մարդասիրական արդյունավետ աշխատանքները։ Պարոն դեսպանը բարձր գնահատեց Հիմնադրամի և «Global Medic»-ի համատեղ մարդասիրական գործունեությունը և հավաստիացրեց, որ շարունակական է լինելու Հիմնադրամի հետ համագործակցությունը Արցախից բռնագաղթվածներին հնարավոր աջակցություն ապահովելու գործում։
Հունվարի 22-ին հիմնադրամի գործադիր տնօրենը, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրիգորյանը և «Global Medic»-ի ներկայացուցիչները՝ Ռ. Սինխի գլխավորությամբ, Խ. Մարդոյանի ուղեկցությամբ, այցելեցին ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղ, որտեղ 2023թ. սեպտեմբերի վերջերից բնակություն է հաստատել Արցախի Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղից Իշխան Սահակյանի և Լիաննա Սաֆարյանի բազմազավակ ընտանիքը: Այցելուները հետաքրքրվեցին այս ընտանիքի անցյալով ու ներկայի խնդիրներով։ Ժամանակին իրենց գյուղում ամուսինները լավ տնտեսություն են ունեցել և ինը զավակներին պահել ու դաստիարակել: Այժմ այստեղ բնակվում են վարձով առանձնատանը, ունեն նյութական որոշակի խնդիրներ: Բարերարների կողմից ընտանիքին հատկացվեց հերթական աջակցությունը՝ սննդի տեսքով: Այցելություններ եղան այլ բազմազավակ ընտանիքներ։ Էռնեստ Խոսրովյանը՝ Արցախի Ճարտար քաղաքից, և Արևիկ Գրիգորյանը՝ Հրազդանից, ծանոթացել էին Շուշիում վերաբնակվելու տարիներին, ամուսնացել։ Հետագայում արդեն բազմազավակ ընտանիք՝ տեղափոխվել էին Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղ։ 2016-ին այստեղ ծնված որդուն Ռոբերտ կոչեցին 2016թ․ ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով։
Իրենց տանը հատուկ անկյուն էր նվիրված այդ օրերին անմահացած հերոսներին։ 2020թ․ պատերազմից հետո, երբ թշնամուն հանձնվեց Քաշաթաղի շրջանը, նրանց ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Բայց Արցախը կանչում էր, ու շուտով արդեն Ճարտարում էին՝ Էռնեստի հայրական տանը։ Երկար չտևեց խաղաղությունը․ 2023-ի սեպտեմբերի վերջին Էռնեստը դպրոցին հատկացված ավտոբուսով իր և հարևան ընտանիքներին տեղափոխեց Հայաստանի Հանրապետություն։ Նրանց ինը երեխաներով ընտանիքն սկզբում բնակություն հաստատեց Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն, ապա՝ Կաթնաղբյուր գյուղերում։ Բայց ստիպված տեղափոխվեցին Երևան՝ սկզբում՝ Հաղթանակ թաղամաս, հետո՝ Նուբարաշեն։ Հունվարի 22-ին Նուբարաշեն այցելեցին «Global Medic»-ի ներկայացուցիչները, Խ. Մարդոյանը և ԳՄՔԲԸՀ-ի գործադիր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի անդամները։ Նուբարաշենում վարձով է բնակվում բազմազավակ ընտանիքը, և կա նպատակ՝ հիմնական բնակություն հաստատել Ներքին Սասնաշենում։ Կանադացի հյուրերը ծանոթացան նաև այս ընտանիքի պատմությանը, բնակության պայմաններին, տեղեկացան Ապրիլյան քառօրյայի հերոսների մասին։ Հաջորդ ընտանիքը, որ այցելեցին նույն խմբով, նախկինում բնակվում էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում։ Արմեն և Արմինե Բադալյաններն ունեն 6 երեխա։ 2020-ից տեղափոխվել և վարձով բնակվում են ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Ընտանիքի ծնողներն ունեն նաև առողջական խնդիրներ։ Նրանց համար նախատեսված օգնությունը հանձնելուց հետո՝ հունվարի 25-ին, «Global Medic»-ի կամավորներն ԳՄՔԲԸՀ հոգաբարձության խորհրդի անդամների հետ այցելեցին արդեն ՀՀ Արմավիրի մարզ։ Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղում է բնակվում Բերձորից տեղափոխված Քրիստինե Ամյանի 12 երեխաներով ընտանիքը, որին հատկացվեց հասանելիք սնունդը։ «Global Medic»-ի ներկայացուցիչները ծանոթացան ընտանիքի պատմությանը, ներկա խնդիրներին։ Երեխաները Գ․ Մելիքյանի կողմից ստացան նաև ամանորյա նվերները։
Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում են բնակվում Արցախից բռնի տեղահանված ԳՄՔԲԸՀ-ի շահառու երեք բազմազավակ ընտանիքներ։ Սամվել Օրդուբեկյանի և Ժենյա Թովմասյանի բազմազավակ ընտանիքը բնակվելիս է եղել Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղում, այնուհետև՝ Բերձոր քաղաքում։ 2020-ից հետո տեղափոխվել էին Ստեփանակերտ։ 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանությունը։ Եկան Երևան, այժմ տուն են գնել Գետաշեն գյուղում։ Նրանց որդիներից Արայիկ Օրդուբեկյանը զոհվեց 2016 թ․ սեպտեմբերի 2-ին Արցախի սահմանները պաշտպանելիս։ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից այստեղ բնակություն է հաստատել նաև Միհրան Դանիելյանի և Օֆիկ Առաքելյանի՝ չորս երեխաներով ընտանիքը։ Ունեն բնակելի պայմանների բարելավման խնդիր։ Գրիգոր Բաղդասարյանը և Օվսաննա Սարդարյանն ունեն հինգ երեխա, նրանցից Էմիլին վերջերս է ծնվել։ Բռնագաղթվել են 2020-ի նոյեմբերին ԱՀ Շահումյանի շրջանի Բազ գյուղից․ վերաբնակվել են սկզբում՝ Վանաձոր, այնուհետև՝ Մեծամոր քաղաքներում, և վերջապես՝ Գետաշենում։ Այս ընտանիքը նույնպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունի։ Բոլոր ընտանիքներին բարերարների կողմից հատկացվեց նախատեսված սնունդը, իսկ երեխաներն ստացան ամանորյա նվերներ։
ԳՄՔԲԸՀ-ի գործադիր տնօրեն Գ․ Մելիքյանը հետաքրքրվեց կարիքավորների խնդիրներով և խոստացավ հնարավորության սահմաններում լուծել դրանք։ ԳՄՔԲԸՀ-ի աջակցությունը Հայաստանում ապաստանած Արցախից բռնագաղթված շահառու ընտանիքներին շարունակական է։