Image

Նա իր գրքով կենդանության օրոք կանգնեցրեց իր հուշարձանը

Վաղուց սպասված հանդիպում

Հրավերով Վանաձորում, «Ինտերկապ» բարեգործական Հկ-ի հյուրընկալ գրասենյակում, վերջապես կայացավ վաղուց սպասված հանդիպումը այժմ Մոսկվայում ապրող Լոռեցի իրավագետ, իրավաբան, ՀՀ դատախազության առանձնապես կարևորագույն գործերի երկարամյա քննիչ, արդարադատության գեներալ, «Իրավական աշխարհ. Կյանքի բարդ հանգույցներում» երկհատոր հանրագիտարանային արժեք ներկայացնող ինքանկենսագրական-վավերագրական փառահեղ աշխատության հեղինակ Ալբերտ Նիկիտի Մարգարյանի հետ:

 Մթնոլորտը պարզ, մտերմիկ, անմիջական էր, անչափ հետաքրքիր էր վաստակաշատ Մարդու հուշերն ու զրույցները , կապված թե գրքի ստեղծման պատմության, թե առօրյա կյանքի երևույթների փաստարկված գնահատման ու արժևորման մասին: Մտածում եմ՝ վաղուց ժամանակը չէ՞, որ Լոռեցիներս մի մեծ, Մեծին արժանի հանդիպում կազմակերպենք մեր Մեծահամբավ Հայրենակցի հետ ու արժանին մատուցենք նրա՝ երկրին ու հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների համար: Թող նրա գիրքն էլ առիթ հանդիսանա: Մանավանդ որ՝ Լոռին ու երախտագետ լոռեցիներս նման միջոցառումների կազմակերպման փորձ ու ավանդույթ ունենք:

Այստեղ մեջ եմ բերում նրա աշխատության մասին իմ մի հոդվածը և համբավավոր մարդկանց կարծիքներից՝ պատառիկներ:

 

Մեկ շնչով գրված, մեկ շնչով կարդացվող հուշապատում

Այն, որ մեկ շնչով կարդացվող գիրք է, կասկածի ենթակա չէ:

Իսկ այն, որ գրվել է մեկ շնչով...այդպես կարող է թվալ միայն մեկ շնչով կարդացողին:

Նման արդյունքի հասնելու համար համառ ու տքնաջան աշխատանք էր հարկավոր, կյանքի ու պրակտիկ աշխատանքի ահռելի փորձություն ու փորձառություն, մտքի թե գեղարվեստական, թե փիլիսոփայական, թե գաղափարական ընդհանրացնող մտահորիզոն ու ընդունակություն և ծանոթություն հրապարակի վրա եղած նման բազմաթիվ մենագրություն-հուշապատումներին:

Մտածում եմ, ամենից առաջ, ի՞նչն է առավել ընդունելի դարձնում ու գրավում այդ գրեթե հանրագիտարանային աշխատությունը: Պատասխանն անմիջականորեն հնչում է՝ ընթերցողների նկատմամբ մեծագույն հարգանքը, նրանց ճշգրիտ, անկեղծ, փաստարկված տեղեկություններ ու գնահատականներ մատուցելու պատրաստակամությունը, համարձակությունն ու սկզբունքայնությունը, մտքի ճկունությունը, գեղարվեստական հնարանքների բազմակողմանի օգտագործումը, ժողովրդական բառուբանի հիանալի իմացությունն ու չափավոր օգտագործումը, ամբողջ գրքում և առանձին դրվագներում դրամատիկ իրավիճակների հմուտ մատուցումը, դրանց նովելային ավարտը, անցյալ դարավերջի և մեր օրերի հասարակական, քաղաքական կյանքի վայրվերումների կիզակետում լինելով՝ դրանց խորին իմացությունը, մեր մի շարք առանցքային գործիչների /Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նիկոլ Փաշինյան, ՀՀ մի խումբ գլխավոր դատախազներ, և այն, և այլն/ «դետալիզացիոն-պերտրետիզացիա»-յի փայլուն կիրառմամբ՝ ստույգ, վառ ու կենդանի «պորտրեների» կերտումը... Անհնար է մի փոքրիկ խոսքում նշել հուշապատման բոլոր արժանիքները: Բայց այս էլ չասել անհնար է՝ Հուշապատումը անգնահատելի նվեր է իրավական աշխարհին:

Քիչ խոսքերով դիպուկ բնութագրումների մի քանի օրինակներ բերեմ.

Հրեաների մասին. «Ես էն գլխից հրեաներին վերապահումով եմ ընդունում՝ որպես ամենախելացի, բայց և ամենաշահամոլ ազգ»:

Գործարարության մասին. «Հայաստանի պայմաններում բիզնեսմենը պետք է պատրաստ և՛ ընդունակ լինի խաբելու, շարունակաբար քծնելու, շողոքորթելու, նսեմանալու, տված խոստումը չկատարելու, արժանապատվության մասին մոռանալու, հարկ եղած դեպքում դատվելու և նման այլ բազմաթիվ ոչ արժանապատիվ հատկանիշների...»:

Նիկոլի մասին. «Նիկոլն ո՞վ էր /նկատի ունի թավշյա հեղափոխությունից առաջ/ կամ ի՞նչ էր իրենից ներկայացնում՝ մի շատ սովորական սադրիչ, շառլատան, ստախոս ու հրահրող, ոչ ավելին» /2-րդ հատոր, էջ 306/:

Լևոնի ու Նիկոլի մասին. « Նիկոլը Լևոնի հոգեզավակն է : Նա ընդամենը հայհոյախառն հոդվածներ տպագրող, ավելի շատ բամբասող, քան իրական փաստեր արձանագրող «ՀԺ» թերթի խմբագիրն էր, որ իրեն հռչակել էր գլխավոր խմբագիր»:

Մի հատու օրինակ հեղինակի հատու եզրահանգումից. «Նիկոլի իշխանության գալու հարցում մեծ դերակատարություն է ունեցել նաև թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Անգլիայի գլխավորությամբ: Ես ու շատերն են եկել այն հետևության, որ Ն-ոլը խոստացել է հօգուտ Ադրբեջանի լուծել Ղարաբաղի հարցը, պարզապես քարուքանդ անել Հայաստանը, քանդել ու թուլացնել հայոց բանակը, արժեզրկել եկեղեցու դերը և վարկաբեկել, քանդել կրթական համակարգը և այլն, և այլն, և այլն»:

Ընթերցողն ինքը կարող է դիպուկ, հիանալի վերլուծություններ, բնութագրումներ գտնել , որ սփռված են հատորներում:

Մնում է ավելացնել, որ այս ամեն տեսակետից սքանչելի, ճշմարտապատում, արժանահավատ, փառահեղ գրքի խմբագիրն է փառահեղ մի Տիկին՝ հարգված լեզվաբան, իմ ու շատ-շատերի սիրելի դասախոս, հարեհաս Մարդ, դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը ( գրող Պատրիկ Արտեմի խոսքով՝ հայ ժողովրդի երևելի դուստրերից մեկը) , ում խմբագրական խոսքը հիանալի ուղեցույց է ծառայում մտնելու Ալբերտ Մարգարյանի Հուշապատումի բոլոր ծալքերը, վերծանելու ասված ու չասված բազում մտքեր, խոհեր, վերլուծություններ, գնահատանք: Ուրախ եմ, որ վերջապես իմ գրադարանում ունեցա նրա նվիրած ու սիրով ընծայագրած գիրքը:

 

Եվ կարծիքներ:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրքի խմբագիր Թերեզա Շահվերդյան.«Գրքում նկարգրված ծանրագույն հնցագործությունների դեպքերի քննության ընթացքում Մարգարյանը յուրաքանչյուր դեպքի բնույթից ու առանձնահատկություններից ելնելով կիրառել է օրենքով, ըստ էության չնախատեսված, բայց նաև չարգելված հնարքներ ու նորույթներ, որոնց արդյունքում բացահայտել է այդ աճրագործությունները և գործերի քննությունը հասցրել իրենց տրամաբանական ավարտին»: ( Ի դեպ, որպես լրացում ավելացնենք՝ նրա քննությամբ ավարտուն ոչ մի գործ չի «տապալվել» դատարանում):Նա իրա այս գրքով կենդանության օրոք կանգնեցրել է իր հուշարձանը»:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ավ Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյան. «Նա իր գիտակցական կյանքը նվիրել է մեր հասարակությունը ավելի մաքուր, ավելի բարոյական դարձնելու գործին:

Բանասիրական գիտ, դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյան. «Նա օգտագործել է գեղարվեստական գրականության մեջ հանդիպող բոլոր բաղադրիչները, ինչն էլ իր հերթին գիրքը դարձնում է շատ ավելի արժեքավոր»:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Ժիրայր Խառատյան. «Գործերի բացահայտման առումով նա այնպիսի հաջողությունների է հասել, որ պարզապես կարելի է ապշել»:

Գրող, հրապարակախոս Պատվական Շաքարյան (Պատրիկ Արտեմի). «Ալբերտ Մարգարյանը գիսաստղի պես ներխուժեց գրի ու գրականության աշխարհ»:

ԲԳ թեկնածու, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նադյա Անտոնյան. «Նա ընթերցողին ներկայանում է որպես ծանրակշիռ կերպար, որն ունի իր անշփոթելի մտածողությունը, իր գործելաոճը և ցանկացած բարդ իրավիճակների հանգուցալուծումները պարզապես «երկնում է» յուրովի»:

Գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյան. «Գիրքը աղքատ ընտանիքից դուրս ելած մի երեխայի՝ ՄԵԾ ՄԱՐԴ դառնալու և մարդ մնալու պատմությունն է: Նա գիրքը դրեց մեր առաջ և ասաց. «Սա էլ ձեր ավերատարանն է, տարեք ու օգտվեք» :

Արդարադատության գեներալ Տիգրան Սարգսյան. « Մարգարյանն իր գործի կատարյալ տիրապետողն ու մասնագետն է: Ես համոզված եմ՝ նա եթե իրավաբան չդառնար, ընտրեր այլ մասնագիտություն, ինչ էլ դառնար՝ որակյալ ու կատարյալ էր լինելու»:

Մնացյալը նրան նվիրված հանդիսությունում...

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։