Image

30-ամյա վարժարանում

Փետրվարի 15-ին լրացավ Արմավիր քաղաքում գործող Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադրման 30 ամյակը։ Այդ առթիվ վարժարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն։ Ներկա էին վարժարանի հիմնադիր և երկար տարիների տնօրեն, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ներկայիս տնօրեն, լեյտենանտ Լենդրուշ Ղումաշյանը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր։

Մինչ հանդիսավոր մասի սկսելը, հյուրերը ծանոթացան վարժարանի՝ վերջերս հիմնանորոգված ու կահավորված մարզադահլիճի պայմաններին, որտեղ մարզվում էին նաև «Ապագա զինվոր» դպրոցի սաները, ովքեր իրենց տնօրեն Սամսոն Մուրադյանի հետ եկել էին մասնակցելու ռազմամարզական կրթօջախի տոնին։ Վարժարանի ՄԿԱԳ փոխտնօրեն, լեյտենանտ Գարիկ Մելիքյանի հրամանով վարժարանի սաները, ըստ դասարան-վաշտերի, շարվեցին շարահրապարակում։ Շարքում էին նաև «Ապագա զինվոր» դպրոցի սաները։  Այնուհետև Գ․ Մելիքյանը զեկուցեց տնօրեն Լենդրուշ Ղումաշյանին, որ վարժարանի սաները շարված են հրապարակում և պատրաստ հանդիսավոր արարողության։ Դրոշակակիրների ջոկը հրապարակ բերեց ՀՀ Եռագույնը և վարժարանի դրոշը։ Հնչեց ՀՀ Օրհներգը, եղավ լռության րոպե։ Վարժարանի պատմությունը ներկայացրեց վարժարանի աշխատակից Շ․ Սարգսյանը։ 1995 թվականին Արցախյան պատերազի հաղթական ավարտից հետո Հոկտեմբերյան քազաքում, Կ․ Ղումաշյանի նախաձեռնությամբ ու ՀՀ Կրթության նախարարության աջակցությամբ, հիմնվել է նախնական զինվորական պատրաստության ճամբար-կենտրոն, որն էլ 1 տարի անց վերածվում է վարժարանի։

Առաջին 25 սաներից 23-ը դարձել են Հայոց բանակի սպա։ Հետագայում էլ վարժարանի շատ շրջանավարտներ շարունակել են ռազմական գործը։ 1997-98 ուստարում վարժարանը կոչվել է Հայոց հզոր Տիգրան Մեծ արքայի անունով։ Եվ արդեն 30 տարիների ընթացքում վարժարանը շատ շրջանավարտներ է կյանք ճանապարհել, ու շատերը դարձել են Հայոց բանակի սպա։ Ներկաներին ողջունեց ու օրվա առթիվ շնորհավորեց գնդապետ Կորյուն Ղումաշյանը։  Ներկայացվեց վարժարանի անցած ճանապարհը։ Նշվեց նաև՝ 35 տարի առաջ փետրվարի 15-ին է կազմավորվել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որըի հրամանատարներ են եղել Կ. Ղումաշյանը, Արմենակ Արմենակյանը, շտաբի պետ՝ Ա. Աղաբաբյանը, Տ. Սարգսյանը, Ռ. Սիմոնյանը, Ս. Այվազյանը, Տ. Հարությունյանը։ 1990-1992 թվականներին «Մեծն Տիգրան»-ի մարտական գործողությունները ղեկավարել է ռազմական խորհուրդը։ Գնդից 32 ազատամարտիկ դարձել են Հավերժի ճամփորդ։ Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Արմենակյանը, ով սպանվեց ՀՀ ԱԺ-ում 1999թ․ հոկտեմբերի 27-ին և Տիգրան Սարգսյանը, ով զոհվել է 1991 թ. դեկտեմբերի 9-ին Էրքեջում։ ։ Փետրվարի 15-ին նաև վարժարանի հիմնադիր Կ․ Ղումաշյանի ծննդյան օրն է։ Կ․ Ղումաշյանը պատմեց՝ սկզբնական շրջանում եղել են դժվարություններ, բայց կարողացել է հաաղթահարել։ Այսօր էլ կան խոչընդոտներ, բայց հաղթահարվում են։ Նշեց Նախնական զինվորական պատրաստություն առարկան վարժարանում դասավանդվել է հիմնադրման առաջին օրվանից, և նույն առարկան սկսել են դասավանդել ՀՀ և Արցախի հանրակրթական դպրոցներում։ Կարևորեց այն հանգամանքը, որ Տիգրան Մեծի անվան վարժարանի սաները պատվով են կատարում իրենց պարտականությունն արդեն հայոց բանակում՝ անկախ շարքային են, թե սպա։  Վարժարանում շատ են նաև աղջիկները՝ պատրաստ  հետագայում շարունակել զինվորական կյանքը։ Եղան ելույթներ նաև ծնողների կողմից։ Բոլորն էլ գոհ են վարժարանի գործունեությունից, անձնակազմից։ Ներկաներին ողջունեց նաև վարժարանի ներկայիս տնօրեն, լեյտենանտ Լենդրուշ Ղումաշյանը։ Տեղեկացրեց՝ ինքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթօջախը տնօրինում է 2021 թվականից՝ փոխարինելով հորը, ով վարժարանը հիմնել է 1995 թվականին: Այժմ վարժարանի 8-12-րդ դասարաններում սովորում են 100-ից ավելի սան։ Բոլորը, անկախ բնակության վայրից, բնակվում են վարժարանի տարածքում՝ ապահովված բնակելի պայմաններով, սննդով, համազգեստով, և ամենակարևորը՝ հայեցի դաստիարակությամբ և ուսումով։ Սաների նկատմամբ ցուցաբերվում է ծնողական վերաբերմունք տնօրենության ու մանկավարժների կողմից։ Բացի հանրակրթական ծրագրից, վարժարանի սաները սովորում են նաև ազգային պար, ծրագրավորում, թուրքերեն, ավիոմոդելների պատրաստում։ Նշեց՝ իրենց շրջանավարտների 60-80 տոկոսը շարունակում է ռազմական կրթությունը: Այսօր Հայոց բանակում իրենց շրջանավարտներից շատ կան: Ցավով տեղեկացրեց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում 26 շրջանավարտ է զոհվել, կան վիրավորներ: Հյուրերի շարքում էր վարժարանի նախկին սան, այժմ Իջևանի տարածքային պաշտպանության բրիգադի ՀՀՍ ծառայությունների պետ, մայոր Արտյոմ Մաթևոսյանը։ Իր շնորհավորական խոսքում նա կարևորեց վարժարանի դերը Հայոց բանակի համար՝ հավելելով՝ հենց այստեղ ստացած կրթությունն է իրեն հասցրել մայորի կոչման։  Ելույթից հետո համալրեց սաների շարքը։

Ցուցադրական ելույթով հանդես եկան վարժարանի հատուկ ջոկատի մարտիկները, կատարվեց նաև ռազմական պար։ Վարժարանի տնօրենության կողմից մոտ 50 սան պագևատրվեցին պատվոգրով ու ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով։ 5 սան՝ Կարեն Խաչատրյան,  Վահրամ Ղազարյան, Անահիտ Խաչատրյան, Եղիազար Ղազարյան և Ալեն Ղազարյան, պարգևատրվեցին «Տիգրան Մեծ» մեդալով։ Տոնական միջոցառումն ավարտվեց դարձյալ շարային վարժությամբ։ Հանդիսավոր մասից հետո զրուցեցի վարժարանի սաների, նրանց ծնողների հետ։ Վաշտի հրամանատար Անի Եղիազարյանը 12-րդ դասարանում է սովորում, արժանացավ պատվոգրի։ Ասաց՝ շարունակելու է ռազմական գործը։ Հանդիպեցի նաև նախկին քաշաթաղցիների, ովքեր ուսում են ստանում այս վարժարանում։ Սարգիս Իսրայելյանն ու Սուրեն Հակոբյանը սովորում են 8-րդ դասարանում։ Շարունակելու են մինչև վերջ և հավաստիացրեցին՝ զինվորական են դառնալու։ Սուրենը ծնվել է Բերձորում, բազմազավակ ընտանիքից է։ Վարժարանի փոխտնօրեն Գարիկ Մելիքյանը երկար տարիներ բնակվում էր Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, հիմնականում զբաղված էր մատաղ սերնդի հետ՝ ռազմամարզահայրենասիրական ճամբարներ կազմակերպելով և այլ միջոցառումներով։ Քաշաթաղի շրջանում միասին շատ արշավներ ենք կազմակերպել, մշակութային ու ինտելեկտուալ մրցույթներ, խաղեր: Այժմ աշխատում է այստեղ՝ շարունակելով իր գործը: Վերջերս նրա ուղեկցությամբ վարժարանի սաներն այցելեցին երևան «Թեքեյան կենտրոն», որտեղ բացվել է իմ հեղինակած լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված հայոց բանակի օրվան։ Տոնական միջոցառումից հետո վարժարանի սաները ծնողների ուղեկցությամբ տուն գնացին․ շաբաթ և կիրակի օրերին ազատ են։

 

  Զոհրաբ Ըռքոյան  

Image

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլք նորություններ Հայաստանից և աշխարհից։ Վերլուծություններ, իրադարձություններ, հակամարտություններ և պատահարներ՝ ամեն օր առցանց նորությունների թարմացումներ։